Ոչ էլ փոխհատուցում կվճարի
Խոսքը մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակման մասին է, որի հետեւանքով սպանվել էին Գազա մարդասիրական օգնություն տանող 9 թուրք «հումանիստներ»: Հունիսի 16-ին Թուրքիան պահանջել էր, որ մեկ ամսվա ընթացքում Իսրայելը ներողություն խնդրի Անկարայից եւ փոխհատուցում վճարի հարձակումից տուժածներին: Իսրայելը թուրքական պահանջներին պատասխանել էր հունիսի 21-ին պարգեւատրելով «հերոսի» շքանշանով այն զինվորներին, որոնք սպանել էին թուրքերին:
Չնայած իսրայելական այս ակնհայտ մարտահրավերին, Թուրքիան համառեց պահանջներումՙ ստանալու համար, ըստ երեւույթին, նոր պատասխան: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռուստազրույցի ընթացքում միանշանակ կրկնել է, որ Իսրայելը ներողություն չի խնդրելու Թուրքիայից, ավելացնելով. «Մի՞թե Իսրայելը կարող է ներողություն խնդրել այն դեպքում, երբ ինչ-որ մի խառնամբոխ փորձում էր տանջամահ անել իր զինվորներին»:
Իսրայելի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ չի կարող խնդրո առարկա լինել նաեւ հարձակումից տուժողներին փոխհատուցում վճարելը:
Անշուշտ, Թել-Ավիվի մերժումը սպառնում է առավել սրել նրա հարաբերությունները Անկարայի հետ: Արտգործնախարար Դավութօղլուն այս մասին առավել քան կտրուկ էրՙ կա՛մ ներողություն, կա՛մ հարաբերությունների խզում:
Հ. Չ.