«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱ՞ՆՆ ԷԼ ՕԳՏՎԻ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԻՑ

Քլինթոնի այցի ադրբեջանական արձագանքը

Բաքվում ռազմատենչության ու սպառնալիքների տոնայնությունը մեկ օրով կարծես փոխվել էր բանականության սահմաններում ճառ ասող «խաղաղասեր» դիվանագետների «խրատաբանական զրույցների»: Զարմանալի է, որ Ադրբեջանի` պատերազմից հոխորտացող նախագահ Ալիեւ կրտսերը հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը ոչ միայն չի փորձել խոսել սպառնալիքներից, այլեւ դժգոհել է ԱՄՆ-ի ներկայացուցչին, թե ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է:

Ստանդարտ լացուկոծը, թե հայկական ուժերը «օկուպացրել են Ադրբեջանի տարածքի այսքան տոկոսը», այնքան էլ համահունչ չէ Ալիեւի այն խոսքերին, թե Ադրբեջանն ուզում է հարցը լուծել միջազգային իրավունքի հիման վրա: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, իր հերթին, շնորհակալությունների կողքին ասել է, թե ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ «վերջին 18 ամիսներին պարբերական ու բովանդակալից զրույցներ են տեղի ունեցել»:

Քլինթոնը Բաքվում խոստացել է, թե Երեւանում կարծարծի ադրբեջանցի զինվորականի դին վերադարձնելու հարցը, այս համատեքստում էլ խոսելով հունիսի 18-19-ին տեղի ունեցած միջադեպից: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է. «1994թ. զինադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի ու մնա ուժի մեջ»:

Որոշ հայտարարություններ էլ, որ ներկայացվում են Քլինթոնի անունից, տարակուսանք են հարուցում: ԱՄՆ պետքարտուղարությունում թերեւս կարիք, եթե, իհարկե, նաեւ ցանկություն ունենան, ամենայն հավանականությամբ նույն տեքստով Հայաստանում եւ Ադրբեջանում ելույթ ունեցած Քլինթոնի խոսքերի առնչությամբ հրապարակումներին հետեւելու, քանի որ ադրբեջանական լրահոսում, հասկանալի «մոտեցմամբ», ստացվել է, թե Քլինթոնը հելսինկյան սկզբունքների մաին խոսելիս առանձին նշել է տարածքային ամբողջականության մասին եւ հետո միայն խոսել հելսինկյան սկզբունքներից, կարծես դրանք մեկ ամբողջական փաստաթղթի մաս չեն:

Բաքվում պետքարտուղարը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հակամարտություն չի կարող լուծել, այլ կարող է օգնել կողմերին հասնելու համաձայնության: Մյուս կողմից, եւս մեկ տարօրինակ հայտարարություն վերագրվում է Քլինթոնին: Ըստ այդմ, պետքարտուղարը Բաքվում հայտարարել է, թե «խաղաղության տանող վերջին քայլերը ամենադժվարն են»: Իսկապես Քլինթոնը կարող է ասել, թե բանակցություններում հասել են «վերջին քայլերին», որ դրանք էլ դեռ ամենադժվարը լինե՞ն:

Թե ժողովրդավարության առնչությամբ ինչ հարցերի է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանում երիտասարդության հետ հանդիպմանը, ինչու չէ, նաեւ Հայաստանում հասարակական կազմակերպոթյունների ներկայացուցիչների հետ զրույցում, այնքան էլ միանշանակ ու ուղղամիտ չի կարող լինել, քանի որ հրաշալիորեն հայտնի են ԱՄՆ արժեքային համակարգի «տեղային» կիրառման բազմաթիվ օրինակներ:

Հաստատապես դժվար է հավատալ, թե ԱՄՆ պետքարտուղարն իրեն թույլ է տվել Բաքվում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել, թե «Աշխարհում դեռեւս կան պետություններ, որ չեն հաշտվում Ադրբեջանի անկախության հետ, ուստի մենք պետք է աջակցենք Ադրբեջանին անվտանգության հարցերում»: Այս եւ նմանատիպ հայտարարությունները, որ վերագրվում են Քլինթոնին, հստակեցման կարիք ունեն:

Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահի առանձնակի բան չասող հայտարարությունների ֆոնին լռության տարբերակից վերջերս հաճախ օգտվող ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մի քանի բան ասել է, ընդ որում, զարմանալիորեն «հաշտ ու խաղաղ» կեցվածք ցուցադրող դիվանագետի դիրքերից:

Մասնավորապես, Մամեդյարովը օդանավակայանում Քլինթոնի հրաժեշտից առաջ տեղի ունեցած համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանն այն փոքրաթիվ երկրներից է, որ կարող է ասել, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շինարարության եւ բացման օգնությամբ ստացված ֆինանսները «իրական բարգավաճման են բերում Ադրբեջանում, միեւնույն ժամանակ օժանդակություն ցուցաբերելով նաեւ Վրաստանին»:

«Մենք նույնը ցանկանում ենք նաեւ Հայաստանի առնչությամբ: Բայց այստեղ մենք գալիս են ղարաբաղյան խնդրին. հենց մենք կարգավորենք հակամարտությունը կամ, ծայրահեղ դեպքում, կանենք առաջին քայլը` կիրագործենք համանախագահների առաջարկած ծրագիրը, կարծում եմ, լուրջ ճեղքում կլինի հարավկովկասյան բոլոր երեք պետություններում», ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարի հիշողությունը հիշեցումների կարիք ունի թերեւս, քանի որ այս հայտարարությունը, որ կարծես միայն Քլինթոնի ականջի համար է արվել, որեւէ կերպ չի տեղավորվում Ադրբեջանի նախագահի` Հայաստանը մեկուսացնելու սպառնալիքների տրամաբանության մեջ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4