«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


«ՀԱԿԱՌԱԿ ԲԱՔՎԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԻՆՙ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՍԱԾՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՉԷԻՆ»

ԱՄՆ պետքարտուղարի Ադրբեջան եւ Հայաստան այցելություններին արձագանքում է թուրքական մամուլը

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Երեկ ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայաստան: Այցի կարեւորության մասին խոսելն ավելորդ է: Պարզապես ասենք, որ դա ուշադրության կենտրոնում պետք է լինի Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաեւ Իրանի եւ տարածաշրջանի երկրների: Համենայն դեպս, Թուրքիան ուշի ուշով հետեւում էր Քլինթոնի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցին, նախապես ենթադրելով, որ նա Երեւանում, բացի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից, կքննարկի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի կասեցումը:

Ըստ երեւույթին, Անկարային մտահոգում էր նաեւ Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի հնարավոր այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ «ցեղասպանություն» բառը արտասանելու հավանականությունը: Հիլարի Քլինթոնը, բախվելու գնով թուրք-ամերիկյան լարվածության ներկա փուլում Անկարայի հակազդեցությանը, ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում: Ինչ վերաբերում է «ցեղասպանություն» բառի արտասանմանը, ապա այդ մասին հստակ պատկերացում է տալիս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունը. «Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՙ մատուցելու իր հարգանքի տուրքը 1,5 մլն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թվականին»:

Այս հաղորդագրությամբ ակնհայտորեն աղավաղվում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի անունը: Դրանով հանդերձ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պետբյուջեից ֆինանսական օգնություն հատկացնող միակ պետությունն է աշխարհում, եւ նրա նախագահը, սկսած 1975-ից, ապրիլի 24-ին պաշտոնական ուղերձով զորակցում է հայ ժողովրդին:

Ինչպես հայտնի է, պետքարտուղար Քլինթոնը Երեւան էր ժամանել Բաքվից: Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ նրա հանդիպումները կարեւոր են նաեւ նրա երեւանյան բանակցությունները գնահատելու առումով: Քլինթոն-Ալիեւ հանդիպումը դռնփակ էր: Այնուամենայնիվ, Բաքվի վարչակարգին մոտ կանգնած աղբյուրներից «Հյուրիեթի» ստացած տեղեկության համաձայն, հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության հետ քննարկվել է նաեւ «հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական տարածքների» հարցը:

Թուրքական թերթի վկայությամբ, հանդիպման ընթացքում «հնարավոր է համարվել օկուպացված 7 շրջաններից 5-ի վերադարձը Ադրբեջանին եւ հույս է հայտնվել, թե ԱՄՆ-ը, բացառությամբ Լաչինի ու Քելբաջարի, Հայաստանին կհամոզի ազատել այդ շրջանները», սակայն Ալիեւի հետ մամուլի ասուլիսում Քլինթոնի ասածները, ըստ «Հյուրիեթի», «հուսադրող չեն եղել»:

Ինչո՞ւ: Ասուլիսում Ալիեւն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ամենակարեւոր խնդիրն է, սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոխորհրդարանն ու Եվրոմիությունն ունեն օկուպացված տարածքներից Հայաստանի դուրսբերման որոշումներ: Նա խնդրել է, որ ԱՄՆ-ն նպաստի հիմնահարցի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորմանը, ավելացնելով. «Ստեղծված իրավիճակի հետեւանքով, մեր ժողովուրդը տանջվում է»:

Ի պատասխանՙ պետքարտուղար Քլինթոնը նշել է. «ԱՄՆ-ը կողմ է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մենք դեմ ենք տարածաշրջանում ռազմական ուժի գործադրմանը: ԱՄՆ-ը չի կարող հիմնահարցը կարգավորել, նա ընդամենը կարող է օգնել կողմերին, որ համաձայնության գան»:

Պետքարտուղար Քլինթոնը Բաքվի օդանավակայանում ասուլիս է հրավիրել նաեւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որտեղ նորից անդրադարձել է Ալիեւի հետ հանդիպմանը եւ ասել. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ը նախընտրում է խաղաղ ճանապարհը: Դեպի խաղաղություն տանող ուղին դժվարին է, դրանով հանդերձ անհրաժեշտ է եւ հնարավոր»:

Ի դեպ, «Զամանը», որը պետքարտուղարի այցը լուսաբանել է «Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա» վերնագրով, հիշեցնում է, որ ապրիլին Ադրբեջանը պատճառաբանելով, թե ԱՄՆ-ը աջակցում է իր շահերին վնասակար Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը, Վաշինգտոնին մեղադրել էր Ղարաբաղի հարցում հայամետ դիրքորոշում որդեգրելու մեջ եւ սպառնացել վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցելությանն էլ անդրադարձել է CNN-Turk-ը, նշելով. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իր երկրի կարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, ինչպես պետքարտուղարին Բաքվում Ալիեւն էր ասել: Մամուլի համատեղ ասուլիսում Քլինթոնն անդրադարձավ հունիսի երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղի սահմանագծում չորս հայ եւ մեկ ադրբեջանցի զինծառայողի սպանության միջադեպին եւ դրա առնչությամբ քննադատեց Ադրբեջանին: Պետքարտուղարն ընդգծեց. «Այս կարգի գործողությունները ոտնահարում են 1994-ի զինադադարի պայմանագիրն, ուստի եւ անընդունելի են»: Նա կողմերից պահանջեց հողային խնդիրները լուծել խաղաղ եղանակով, իսկ Թուրքիային դիմեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ առաջընթաց քայլ կատարելու եւ հայկական սահմանը բացելու կոչով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4