«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԽԱԽՏՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ

Թեպետ հուլիսի 5-ը տոնական օր է` հանրապետությունում նշում են ՀՀ սահմանադրության օրը, սակայն սահմանադրագետ Ֆելիքս Թոխյանը «Հայացք» ակումբում առաջնահերթ ուշադրության հրավիրեց ոլորտի խնդրների ու բացթողումների վրա հայտարարելովՙ ՀՀ սահմանադրությունը լիարժեք չի կիրառվում: Հատկապես սոցիալական իրավունքն այսօր կյանքի չի կոչվում: Մասնագետի խոսքով` դատարանները պետք է սովորություն դարձնեն դատական ակտերը կայացնելիս հիմք ընդունել սահմանադրությունը, մինչդեռ այն դատարանների համար ուղեցուց չէ: Հայաստանում ամենից շատ խախտվում է սահմանադրության 3-րդ հոդվածը, որով սահմանվում է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են»: «Սա դիտավորություն չէ, պարզապես չեն պատժում մարդու իրավունքները խախտողներին: Շատերն էլ իրենց իրավունքների պաշտպանության առումով իներտ դիրք են բռնում»:

Սահմանադրագետ Հրայր Թովմասյանն էլ հավելում է, որ խախտվում են նաեւ հավաքների մասին, ընտրությունների անցկացման հետ կապված հոդվածները: ՀՀ սահմանադրությունը խախտվում է, որովհետեւ չկա քաղաքական ընկալման մշակույթ: Սահմանադրության հոդվածների չկիրառման գլխավոր պատճառներից են մեխանիզմների պակասը եւ կենտրոնացված իշխանություն ունենալը:

Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբՙ 1995 թ. ընդունված սահմանադրությամբ արտացոլվում էր գերկենտրոնացած քաղաքական իշխանություն ունենալու անհրաժեշտությունը: Նրա ներկայացմամբ 1995 թ. սահմանադրությունը անձակենտրոն էր: Իշխանությունը գերկենտրոնացած էր մեկ անձի ձեռքում` հանրապետության նախագահի, ով կարող էր զուտ քաղաքական դրդապատճառներով արձակել ԱԺ-ն, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն պետք է իր օրենսդիր լիազորությունները դներ մի կողմ եւ տեղավորվեր ՀՀ նախագահի քաղաքական ծրագրերը սպասարկողի դերակատարության մեջ: Նախագահն էր միանձնյա նշանակում վարչապետին, ինքն էր վարում կառավարության նիստերը, միայն իր հանձնարարությամբ վարչապետը կարող էր նիստ հրավիրել: ՀՀ նախագահը նաեւ Արդարադատության խորհրդի նախագահն էր: «Այս երեքի պարագայում մեր սահմանադրությունը կարող էր արդյունավետ աշխատել` միայն ելնելով մեր նախագահների` հրեշտակ լինելու կանխավարկածից», ասաց նա Արմենպրեսի մամուլի սրահում:

Բայց քանի որ հրեշտակները միայն հեքիաթներում են հանդիպում, ապա 1995թ. ընդունած սահմանադրությունը չի կարելի անվանել ժողովրդավար: 2005թ. Սահմանադրական փոփոխություններից հետո այդ խնդիրներն իրավաբանորեն կարգավորվեցին, բայց իրականում քիչ բան փոխվեց: «Կառավարման կիսանախագահական համակարգը, երբ նախագահը մեծամասություն ունի խորհրդարանում, շատ է նմանվում նախագահականին: Ինստիտուցիոնալ առումով փոփոխություն կա, բայց հաշվի առնելով, որ 2005թ. առ այսօր բոլոր նախագահները մեծամասնություն են կազմել խորհրդարանում` այդ մեխանիզմը ամբողջությամբ չի աշխատել եւ դրսեւորվել»: Հրայր Թովմասյանի խոսքերովՙ այս ընթացքում եղել են նաեւ ձեռքբերումներ, որոնցից ամենակարեւորը Սահմանադրական դատարանի դերի բարձրացումն էր:

Թե որքանո՞վ են իրավաչափ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները` ԼՂՀ կարգավիճակի հարցի կարգավորման դեպքում հնարավոր է ազատագրված տարածքների վերադարձ, Հրայր Թովմասյանն ասաց, որ նախագահի հայտարարություններով ԼՂՀ սահմանադրությունը չի խախտվում: «ԼՂՀ սահմանադրությունում գրված է, որ մինչեւ ԼՂ խնդրի վերջնական լուծում ԼՂ իշխանությունը տարածվում է նաեւ այդ տարածքների վրա: Այնպես որ այդ խնդրի լուծման պարագայում ԼՂՀ սահմանադրությունը չի խախտվում»:

«Արդյո՞ք ՀՀ նախագահը նման հայտարարություններ անելու լիազորություն ունի» հարցին էլ Հրայր Թովմասյանը նշեց, որ իրավական առումով այս հարցին դժվար է պատասխանել. «Բայց եթե մենք այդ բանակցային գործընթացի մաս ենք` չենք կարող դրանք չկատարել: Հիմա չեմ ուզում անդրադառնալ զուտ միջազգային իրավունքին, թե ինչ է նշանակում փաստացի ռեժիմ, չճանաչված պետություն, ինչ է նշանակում ճանաչված պետության կողմից նրանց շահերի ներկայացում: Սրանք դուրս են սահմանադրական իրավունքի շրջանակներից եւ միջազգային իրավունքի շրջանակներում են գտնվում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4