Ինչը հերքում են արդարադատության նախարարությունում
Այն, որ Հայաստանում նոտարները հավելյալ վճարներ են գանձում գործարքները վավերացնելիս, անձամբ ենք համոզվել եւ այս մասին գրել ենք մեր թերթում («Ո՞րն է ամենաշահութաբեր «բիզնեսը» Հայաստանում», «Ազգ» , 25.02.2010 թ.): Մեր հրապարակումից հետո այս խնդրին անդրադարձավ նաեւ կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի «Հրապարակում» հաղորդաշարը, որտեղ մեր կողմից վերահաստատեցինք վերոնշյալ հոդվածում ասվածը: Նույն հաղորդման ժամանակ այլ անձինք եւս փաստեցին, որ նոտարները ավելի մեծ գումարներ են պահանջել իրենցից, քան պետտուրքի եւ ծառայության դիմաց սահմանված գումարներ են: Վերջերս միջազգային կառույցների ներկայացուցչությամբ իրականացված ուսումնասիրության հեղինակները նույնպես արձանագրեցին նոտարների կողմից քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից հավելյալ գումարներ պահանջելու երեւույթի առկայությունը:
Չնայած այս ամենին, արդարադատության նախարարության մի պաշտոնյաՙ տիկին Մարիամ Գաբոյանը , մի քանի օր առաջ բառացիորեն հայտարարեց, որ նոտարական համակարգում կոռուպցիա չկա: Նախարարության այս կարծիքն իհարկե նորություն չէր: Նույն բանը, տարբեր ձեւակերպումներով, մշտապես պնդում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը , վերոնշյալ տիկինը ընդամենը կրկնում է իր նախարարի ասածը: Եվ ինչպե՞ս են նրանք հիմնավորում իրենց կարծիքը: Իբր մինչ այժմ ոչ մի բողոք նոտարներից հավելյալ գումար պահանջելու մասին չի արձանագրվել, եւ եթե այդպիսի բողոք լինի, ապա, նախարարի խոսքով, այդ նոտարն անպայման կպատժվի: Այս «հիմնավորումը» շատ նման է խորհրդային տարիների լավագույն ավանդույթներին, երբ խոսվում էր մեծ հաջողությունների եւ որոշ թերացումների մասին, որոնք անպայման կուղղվեն եւ թերացողները կպատժվեն: Բնական է, որ դա երբեք էլ տեղի չէր ունենում:
Պրն Գեւորգ Դանիելյանին կարող ենք առաջարկել, իր իմացած մեթոդներով կամ ձեւերով ստուգել որեւէ նոտարական գրասենյակի որեւէ նոտարի, եւ այն ժամանակ նախարարը ոչ թե մարդ չի գտնի պատժելու, այլ չի իմանա, թե որ նոտարին չպատժի: Նախորդ հոդվածում նշել էինք եւ հիմա էլ ենք ընդգծում. նոտարական երեք գրասենյակներում, մի քանի նոտարներ նույնՙ պետտուրքի եւ ծառայության վճարի չափերը 2-3 անգամ գերազանցող գումարը մեզանից պահանջեցին: Գուցե նախարարը հարցնի, թե ինչո՞ւ նրանց անունները չենք նշել: Այն բանի համար, որ առաջինՙ անուններ են նշում, երբ ընդհանուր համակարգը գործում է օրենքի շրջանակներում եւ լինում են առանձին օրենքը խախտողներ: Եվ երկրորդ, ինչպե՞ս կարող ենք ապացուցել այդ փաստը կոնկրետ անուն նշելու դեպքում: Տեսախցիկո՞վ պետք է մտնենք նոտարների մոտ, եւ նրանք էլ տեսախցիկի առջեւ կկրկնեն իրենց պահանջած գումա՞րը, որպեսզի դա ներկայացնենք նախարարի՞ն:
Նոտարական համակարգում իբր կոռուպցիայի բացակայության մասին խոսելու եւ օրենք խախտողների անուններ տալու պահանջի փոխարեն, լավ կլիներ, որ պրն Գեւորգ Դանիելյանը նախ անձամբ համոզվեր մեր գրածների եւ հասարակության մեջ տարածված տեսակետների իրավացիության մեջ, ընդուներ նոտարների կողմից հավելյալ գումարներ շորթելու փաստը, ապա կոնկրետ մի քանի առարկայական բարեփոխումներ իրականացներ այս ոլորտում: Մասնավորապես, հարկ է կարգավորել ընդամենը երկու-երեք խնդիր: Առաջին, սահմանվեին պետական տուրքի եւ ծառայության վճարների կոնկրետ չափեր: Ոչ թե, ասենքՙ 500-5000 դրամ, այլ կոնկրետ 500 դրամ կամ 5000 դրամ, կամ մեկ այլ գումար: Երկրորդՙ այդ գումարը վճարվեր ոչ թե ըստ նոտարի առաջարկիՙ «կարող եք այստեղ վճարել, կարող եքՙ բանկում», որտեղ ի սկզբանե պարզ է, թե որ տարբերակն է գործելու, այլ միայն բանկումՙ նոտարին ներկայացնելով վճարման անդորրագիրը եւ խստորեն արգելելով առձեռն վճարումը տեղում: Եվ երրորդ, այդ ամենը դարձնել հասանելի բոլորինՙ առցանց տարբերակով, նոտարական գրասենյակներում իրազեկումները պատերին փակցնելով, ԶԼՄ-ներում հայտարարություններ տալով եւ այլն:
Կարծում ենքՙ անընդհատ արդարանալու եւ արդարացնելու փոխարեն, ավելի ճիշտ կլիներ այս միջոցառումները իրագործել, եւ այն ժամանակ, արդեն երբ լինեն օրենք խախտող նոտարներ, պատժել նրանց: Այլապես, իրականությունը հերքելով, այն չի դադարի գոյություն ունենալուց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ