«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


ԻՆՉՈՒ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանադրությունը պետության զարգացման ու հզորացման հիմնական փաստաթուղթն է, հետեւաբար Հայաստանում այդ օրվա նշումը աշխատանքի չգնալով մի տեսակ չի համապատասխանում եւ հակասության մեջ է մտնում հզորացման գաղափարի հետ: Ինչեւէ, սա չէ կարեւորը, այլ այն, որ երեկ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը չգիտեր, թե հատկապես ինչ առիթով են իրենց «պատվել» այս ստատիկ շոգերին տանը մնալու երջանկությամբ: Իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր վերամբարձ ոճով կհայտարարեն, որ Հայաստանում դեռ ձեւավորված չէ սահմանադրական մշակույթ, եւ դրա համար էլ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ ենք նշում: Սակայն եթե հիշենք 1995-ի հուլիսի 5-ը, երբ Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով սահմանադրություն էին հաստատում, ապա Երեւանի փողոցները նույնպես դատարկ էին, եւ ոչ թե այն պատճառով, որ բոլորը գնացել էին ընտրատեղամասեր, այլ որովհետեւ ոչ մեկին էլ չէր հետաքրքրում, թե այդ պահին գործող իշխանությունները Սահմանադրություն անվան տակ ինչ են մոգոնել իրենց իշխանությունը հավերժացնելու համար: Ի դեպ, ընտրատեղամասերը դատարկ էին նաեւ 2005-ի նոյեմբերին, երբ սահմանադրական փոփոխություններ էին կատարվում, եւ բնակչությունն իր քվեով պետք է հաստատերՙ համաձա՞յն է այդ փոփոխություններին, թե՞ ոչ: Այսինքնՙ եթե բուն սահմանադրության ընդունման հանրաքվեին էին մարդիկ անտարբեր, որովհետեւ չէին հավատում դրա «զորությանը», ապա ինչու այսօր պետք է հիշեն, որ հայ ժողովրդի կյանքում «պատմական» իրադարձություն է տեղի ունեցել եւ «ազգովին» նշում ենք սահմանադրության օրը:

1995-ի հուլիսի 5-ին զանգվածային կեղծիքների միջոցով անցկացված հանրաքվեով ընդունված սահմանադրությունը չի կարող լավը լինել, անկախ նրանիցՙ ինչ է այնտեղ գրված, քանի որ սահմանադրության ուժը նրա տեքստի մեջ չէ, այլ բնակչության հավատի, որ այդ փաստաթուղթը կպաշտպանի իրենց, իսկ այսօր Հայաստանի շարքային քաղաքացին հավատո՞ւմ է, որ սահմանադրությունը պաշտպանում է իր իրավունքները:

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը 15 տարեկան է, սա համեմատաբար երիտասարդ տարիք է, սակայն թեթեւակի հայացքն իսկ այդ փաստաթղթին ցույց է տալիս, որ արմատական փոփոխության կարիք ունի, իսկ տարբեր չինովնիկների պնդումները, թե մենք չենք կարողանում օգտվել մեր սահմանադրական իրավունքից, կոռեկտ չեն, որովհետեւ առաջին հերթին իշխանությունները պետք է ջանադրաբար պաշտպանեն եւ կատարեն այդ սահմանադրությունից բխող պահանջները, հետո միայն ուրիշներին սովորեցնեն ու պնդեն, թե «քաղաքացինների մեջ զարգացած չէ սահմանադրական մշակույթը»: Իսկ գործող սահմանադրությունը սահմանում է միայն նախագահի բացարձակ իշխանությունը, ինչի արդյունքում էլ ներքաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը կախված են միմիայն մի քաղաքական ինստիտուտիՙ նախագահի որոշումներից ու ցանկությունից: Միաբեւեռ քաղաքական համակարգը չի կարող երկարատեւ կյանք ունենալ, այն արդեն հանգեցրել է մեր կյանքում այնպիսի իրավիճակի, որը ԽՍՀՄ-ում կոչվում էր լճացում: Այսինքնՙ սահմանադրությունը արդեն այսօր իսկ կարիք ունի լուրջ ու արմատական փոփոխության: Սակայն դրան պետք է գնալ, եթե այդ քայլը իսկապես արժանանա ժողովրդի մեծամասնության համընդհանուր աջակցությանը:

Ինչեւէ, մեր սահմանադրությունը վերակենդանացման լուրջ աշխատանքի կարիք ունի, եւ քանի դեռ դա չի կատարվել, անիմաստ է հույս ունենալ, որ այն երբեւէ կգործի ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱ կուսակցության փոխատենապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4