Իմ գրասեղանին է Գրիգոր Գրիգորյանի հենց նոր լույս տեսած «Երկար ճանապարհից հետո» գրքի երկրորդ մասը: Ուշադրությունս գրավեց այն, որ գիրքն ավարտվում է մի քանի գրախոսականներովՙ առաջին հատորի վերաբերյալ: Եվ կարդալով Գրիգորի հուշագրությունների շարունակությունը, մտածեցի, որ ինքս չեմ կարող գրախոսական գրել: Բանն այն է, որ խիստ սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ հեղինակի հանդեպ: Ավելին, մենք վաղեմի ծանոթներ ենք եւ վաղեմի բարեկամներ: Այդ իսկ պատճառով էլ ցանկացա պատմել հենց հեղինակի մասին, որն իմ համոզմամբՙ պարզապես չէր կարող գրիչ չվերցնել այս գիրքը գրելու համար: Կասկած չկա, որ երբ արդեն հրատարակվել է գեներալ-չեկիստի հուշագրությունների երկրորդՙ վերջին մասը, գրականության պրոֆեսիոնալ գործիչները չեն կարող չարձագանքել այդ գրքին: Իսկ ես անձամբ, երկրորդ հատորն ընթերցելուց հետո, անկասելի անհրաժեշտություն զգացի որոշ մտքեր հայտնելու մի մարդու, ընկերոջ եւ ժամանակակցի մասին, առանց որի նույնիսկ անհնար է պատկերացնել մեր դժվարին ժամանակները:
Դա 1969 թվականի գարնանն էր: Ես Եգիպտոսից նամակ ստացա անձամբ Թուր Հեյերդալից, որն այդ ժամանակ կառուցում էր պապիրուսե «Ռա» նավակը եւ, ժամանակ չկորցնելով, հավաքագրում էր ինտերնացիոնալ անձնակազմ: Իր արշավախմբի համար նա որոշել էր բժիշկ գտնել Խորհրդային Միությունից: Եվ զուգադիպեց այնպես, որ հենց այդ օրերին Կահիրեի հայկական «Ջահակիր» թերթը տպագրեց ԱՊՆ գործակալության նյութըՙ «Վուլկան» եւ «Հեյզեր» ինքնաշեն նավակներով երկարատեւ նավարկություն անցած երեք կամչատկացի ճանապարհորդների մասին, որոնց թվում էի եսՙ որպես բժիշկ: Մամուլից տեղեկանալով Հեյերդալի ծրագրերի մասինՙ «Ջահակրի» մեր հայրենակիցներն այցելել էին մեծ ծովագնացին եւ պատմել իմ մասին: Նրանց միջոցով էլ Հեյերդալը նամակ ուղարկեց ինձ, երբ գտնվում էի աշխարհի ծայրին: Ճիշտ է, ուղերձում նշվում էր եւ այն մասին, որ միաժամանակ դիմել է նաեւ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ Մ.Վ. Կելդիշին: Նա գերազանց գիտեր, որ ԽՍՀՄ-ում նման հարցերը դժվար թե հնարավոր լիներ լուծել մասնավոր ճանապարներով: Ես իսկույն պատասխանեցի Հեյերդալինՙ տալով համաձայնությունս, չհապաղելով հավելել, որ պատրաստ եմ նկարազարդել նրա ապագա գիրքը:
...Այս պատմության մասին բազմիցս եմ գրելՙ տարբեր առիթներով: Իհարկե, իմ ցանկությունը ոչ միայն միամիտ էր, այլեւ պատրանքային: Համենայն դեպս դեռ այն ժամանակ պարզվեց, որ բազմաթիվ պատճառների մի անհաղթահարելի պատնեշ է կանգնած իմ առջեւ: Ես պատահաբար չվերհիշեցի իմ կենսագրության այդ դրամատիկ դրվագը: Բանն այն է, որ երկար տարիներ անց ես պատահաբար իմացա, որ Մոսկվայի եւ Պետրոպավլովսկ-Կամչատսկի համապատասխան մարմինները առաջարկով դիմել էին իրենց երեւանցի գործընկերներինՙ տեղեկություններ հաղորդելու իմ մասին: Ամենածիծաղելին այն էր, որ մինչ այդ ես ոչ մի անգամ չէի եղել Հայաստանում, եւ դժվար թե որեւէ մեկը կարողանար տեղեկություններ տալ իմ մասին: Եվ սակայն պարզվեց, որ Նալբանդյան փողոցում որոշել էին օգնել ինձ եւ երաշխավորական նամակ ուղարկել Մոսկվա: Այդ փաստաթուղթը կազմել էր Հայաստանի ՊԱԿ-ի օպերատիվ աշխատակից Գրիգոր Գեւորգի Գրիգորյանը:
Տասնամյակներ անց Գրիգորը, որի հետ բարեկամացել էինք, խոստովանեց, որ այն ժամանակ ինքը Բաքվից եւ Ստեփանակերտից պահանջել էր բռնաճնշմանը վերաբերող նյութերը: Հայրս 1956 թվականին պաշտոնապես ռեաբիլիտացվել էր, իսկ մայրս, ստալինյան ճամբարներն անցնելուց հետո, նույնիսկ Բաքու էր հրավիրվել իրՙ դահիճ Բաղիրովի դատավարությանը որպես վկա մասնակցելու համար: Ինչ վերաբերում էր իմ անձին, ապա, ինչպես Գրիգորն ասաց, իրեն բավական էր ծանոթանալ իմ պատմվածքներին ու վիպակներին, որոնք այն ժամանակ տպագրվում էին ոչ միայն Մոսկվայում, այլեւ Երեւանում: Հանուն այն բանի, որ իր հայրենակիցը հայտնվեր «Ռա» պապիրուսե նավակի ինտերնացիոնալ անձնակազմում, նա իր հադրութցի գործընկերներին ու ազգականներին խնդրել էր հանել արխիվային փաստաթղթերը հորսՙ Ղարաբաղի մարզկոմի ժողկրթության բաժնի նախկին վարիչի եւ Հադրութի շրջգործկոմի նախագահի վերաբերյալ:
Ամեն անգամ հիշելով այս պատմությունը, չեմ կարողանում թաքցնել զարմանքս: Իրոք, այդ մարդու ինչի՞ն էր պետք այդքան հանգամանալից ձեռք զարկել մի բավական բարդ գործի: Չէ՞ որ նա շատ լավ գիտեր, որ ո՛չ Կրեմլը, ո՛չ Լուբյանկան թույլ չէին տա, որ միջազգային ծովարշավի ինտերնացիոնալ անձնակազմում հաստատվեր իմ թեկնածությունը: Եվ մի անգամ ես այդ մասին հարցրեցի Գրիգորին: Նա քիչ խորամանկորեն ժպտաց, ապա վայրկենապես լրջանալովՙ պատասխանեց. «Դա իմ պարտքն էր»: Եվ ավելացրեց. «Բացի այդ էլ, այն ժամանակ մտածեցիՙ գրողը տանի, փորձը փորձանք չէ: Գուցե հանկարծ մի բան ստացվի»:
Ահա այդպես. պարտք ու հարգանք սեփական մասնագիտության հանդեպ: Երբեք թույլ չի տվել, որ որեւէ մեկը համարձակվի ծաղրել, առավել եւսՙ վիրավորել իր մասնագիտությունը, իր ծառայությունը: Ինչ վերաբերում է ստալինյան բռնաճնշումներին, ապա հիանալի գիտեր, որ ամենից շատ ոչնչացվել են չեկիստները: Եվ համոզված եմ, բոլորովին էլ պատահական չէր, որ տարիքային պաշտոնաթողությունից հետո գեներալ Գրիգորյանը մնաց մարտական շարքում: Երաշխիքն այն փաստն է, որ սկսեց գրել հենց այն գիրքը, որտեղ բացահայտվում է ժամանակի կերպարը...
Շաբաթական համարյա թե մեկ անգամ, իսկ երբեմն էլ ավելի հաճախ նա զանգում էր ինձ, ինչ-որ ամսաթվեր ու անուններ հարցնում: Ճշտում էր: Ես հասկանում էի, որ անհանգիստ այդ մարդը ձեռք է զարկել ոչ թե պարզապես հուշերի, այլՙ պատմությանը: Բնականոն երեւույթ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հեղինակի բուն կենսագրությունը հագեցած է հարուստ իրադարձություններով, որոնք հիրավի բախտորոշ էին մեր ժողովրդի համար: Բավական է ասել, որ վերակառուցման տարիներին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման գործնականում բոլոր ղեկավարները մշտական շփման մեջ էին Գրիգոր Գրիգորյանի հետ արդեն այն պատճառով, որ հենց այդ ժամանակ էր նրա ուսերին դրվել հասարակական կարգի ապահովման պարտականությունըՙ առաջին հերթին հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ կատարվում էին ազերիների անվերջանալի սադրանքներ: Նրան կարելի էր տեսնել այն բոլոր շրջաններում, որտեղ իրադրությունը սրված էր: Եվ մեր երիտասարդ պետության ու ընդհատակի ղեկավարները չէին կարող հաշվի չնստել Գրիգորյանի ահռելի մասնագիտական փորձի հետ, որը կանգնած էր հայոց բանակի ստեղծման ակունքներում:
Կասկած չկա, որ «Երկար ճանապարհից հետո» գրքի հեղինակը, իր անցած երկար ուղու մասին հիշողություններ գրելով, չէր կարող բավարարվել մեկ, եզակի փորձով: Ճակատագրի կամոք եւ կյանքի տրամաբանության թելադրանքով նա արդեն ամենասուր իրադարձությունների խառնարանում էր հայտնվել մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ավարտից հետո: Հիշում եմ, ավարտելով իր հուշագրությունները, նա անկեղծորեն խոստովանեց, որ անհրաժեշտություն կա շարունակելու յուրատեսակ այդ մենախոսությունը իր եւ մեր ժամանակների մասին: Հարցն այն է, որ այսօր չգիտես ինչու հիշում ենք միայն բուն Արցախյան պատերազմը: Այնինչ մեր պատերազմն սկսվել է հենց Հայկական ԽՍՀ տարածքում: Մենք չենք կարող մոռանալ դաժան մարտական գործողությունները Երասխում եւ նախիջեւանյան սահմանի ողջ երկայնքով, Մեղրու շրջանում եւ առանձնապես Նյուվադի գյուղում: Եվ ամենուր կարելի էր տեսնել Գրիգորին, որը կառավարական լիազորություններ ուներ նույնիսկ բանակցություններ վարելու հակառակորդի հետ: Նույնը կարելի է ասել Շամշադինի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի եւ Իջեւանի շրջանների մասին:
Կարծում եմ, շատերն են հիշում, որ պրոֆեսիոնալ, եթե չասենքՙ տոհմական կագեբեական Գրիգոր Գրիգորյանը ութսունական թվականների կեսերին աշխատում էր որպես Հայաստանի ներքին գործերի փոխնախարար: Սակայն քչերը գիտեն, որ երկրի համար ամենածանրՙ 1992 թվականին գեներալ Գրիգորյանը նշանակվեց հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ եւ սահմանային զորքերի հրամանատար: Իսկ շատ չանցած արդեն ղեկավարում էր Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունը: Ես այս ամենն ասում եմ, որովհետեւ հեղինակն իրոք ահռելի նյութ ուներ գրքի համար, որն անկասկած կարեւոր կռվան կդառնա ապագա պատմաբանների ձեռքին: Իսկ ես կուզենայի հիշեցնել ընթերցողին, որ օրերս Գրիգորյանն ավարտել է իր հուշագրությունների երկրորդ հատորը: Գիրքն առայժմ լույս է տեսել հայերեն, տաղանդավոր գրող եւ թարգմանիչ, Հայաստանի վաստակավոր ժուռնալիստ Ռայա Խասապետյանի խմբագրմամբ:
Ես հեռու եմ «Երկար ճանապարհից հետո» երկհատորյակի ժանրը սահմանելու փորձից: Նման դեպքերում միշտ հիշում եմ անմոռանալի Վալենտին Կատաեւի խոսքերը, թե ինքն ընդունում է միայն այն, ինչ հետաքրքրում է ընթերցողին: Սակայն տվյալ դեպքում ես այնուամենայնիվ համարձակություն կվերցնեի ասելու, որ գործ ունենք տարեգրության ժանրի հետ: Հինավուրց ժամանակներում ասում էին, թե տարեգրությունը, մինույնն է, գրվում է, եթե նույնիսկ ժամանակակիցները փաստերը չեն հանձնում թղթին, մագաղաթին: Նման դեպքերում «տարեգրությունը գրվում է» շնորհիվ ժողովրդի պատմական հիշողության: Իմ կարծիքով, Գրիգոր Գրիգորյանը հասել է գլխավորին: Կենդանի, փաստագրական լեզվով թղթին է հանձնել իրադարձությունների այնպիսի էջեր, որոնցում արտացոլված են ողբերգական դեպքերը Մասիսում, Վարդենիսում, աղետի գոտում, Գետաշենում, Երասխ-Սադարակում, Ոսկեպարում, Զանգեզուրում, Արծվաշենում (Բաշքենդում) եւ շատ ու շատ աշխարհագրական կետերում: Հեղինակը մանրամասն նկարագրում է 1990 թվականի մայիսի 27-ի չարագործական, արյունալի սադրանքը Երեւանի երկաթգծի կայարանի մոտ: Հիշատակում է, թե ինչ էր կատարվում Երեւանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո 1996 թվականի սեպտեմբերի 26-ին: Մի ընդարձակ գլխում մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվել Ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի երեկոյան եւ գիշերը:
Ծանոթանալով Գրիգոր Գրիգորյանի կյանքի էջերինՙ ես ուշադրություն դարձրեցի, որ իր զբաղեցրած պատասխանատու պաշտոնների բոլոր աստիճաններին նա շարունակեց մնալ մի տեսակ անփոփոխ: Մնացՙ ինչպես կար: Մնաց որպես պատվի մարդ, որպես պարտքը կատարող մարդ: Եվ կարծում եմ, որ իր գրքով նա ազնվորեն կատարեց պարտքը անցյալի ու ապագայի հանդեպ:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ