«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


ԲԵՅՐՈՒԹԻ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՇԼԱՑՈՒՑԻՉ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

  «Ազգը» արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստան հյուրախաղերի էր հրավիրվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայ երիտասարդաց ընկերակցության (ՀԵԸ) Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը: Կիրակի օրը, հուլիսի 4-ին, Հ. Պարոնյանի երաժշտական թատրոնը լեփ-լեցուն էր թատերասեր հանդիսատեսներով, որոնք վաղուց սպասում էին փափազյանցիներին: Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ Հ. Պարոնյանի «Շողոքորթը» կատակերգությունը հրաշալի ընդունվեց: Հարկ է նշել դերասաններիՙ Մանուել Մարգարյանի, Հարութ Թորոսյանի, Արփի Ավետիքյանի, Հարութ Մանուկյանի, Հովակիմ Քեշիշյանի, Վարյա Բուռնազյանի, Վարդան Մկրտչյանի, Սաքո Օհանյանի եւ Հովիկ Գաթրճյանի հումորով, երգուպարով համեմված դերասանական խաղը, որն ամեն մի մուտքից հետո արժանանում էր հայաստանյան թատերասերների ծափերին եւ գովեստի արտահայտություններին: Հիրավի, դերասանների ոգեւորությունն ու նվիրվածությունը լրացնում էր պրոֆեսիոնալիզմի պակասը եւ արդեն դրական տրամադրված թատերասերներն այնքան բավականություն ստացան, որքան պրոֆեսիոնալ մեր թատրոններից:

Ներկայացման ավարտին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը ողջունեց «Վահրամ Փափազյան» թատերախմբին ու ներկայացրեց ողջ տարվա ընթացքում համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները: Թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի եւ թատերախմբի վարչության ու նաեւ թատերախմբի անունից շնորհակալություն հայտնեց հայաստանյան բեմում «Վահրամ Փափազյան» թատերախմբին նման անբացատրելի զգացումներ ու պատվի արժանացնելու համար: «Սփյուռքահայ արվեստագետի համար, մանավանդ սիրողական արվեստագետի, նշեց պրն Ավետիքյանը, երազ է եւ մեծ ցանկություն հայրենիքի բեմում, բծախնդիր թատերասերներին հրամցնել արվեստի գործ ու արժանանալ ջերմ ընդունելության: «Վահրամ Փափազյան» թատերախումբն այսօր հպարտ է, որ նշում է իր հիմնադրման 50-ամյակը եւ այն կիսում հայրենի ժողովրդի, հայրենի արվեստի ու մշակույթի արժեքավոր ներկայացուցիչների հետ...»:

Պրն Ավետիքյանը հատուկ շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Ղազանչյանին, որը տասը տարի շարունակ բեմադրություններ է ստեղծում փափազյանականների համար: Տրդատ Ավետիքյանը նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց հայրենի կառավարությանն ու մշակույթի նախարարությանը, Սփյուռքի նախարարությանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթի» հիմնադրամին եւ Հ. Պարոնյանի թատրոնին հանձնեց հատուկ հուշանվերները:

ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նախարարության բարձրագույն Ոսկե մեդալներ հանձնեց Տրդատ Ավետիքյանինՙ Հայաստան-Սփյուռք թատերական, մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար: Ոսկե մեդալի արժանացան նաեւ թատերախմբի երկարամյա բեմական վաստակ ունեցող դերասան Մանուել Մարգարյանը եւ թատերախմբի դեկորատոր Մաթեւոս Ավագյանը: Մշակույթի նախարարության պատվոգով պարգեւատրվեց թատերախմբի ատենադպրուհի Մարո Թելվիզյանը:

Ծափերի ու ծաղկեփնջերի տարափ էր տեղում Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի ու նրա ղեկավարների, աջակիցներիՙ քրտնաջան աշխատանքի գոյացուցիչ ու տպավորիչ հաղթանակի արժանանալու առթիվ, որը դեռ իր շարունակությունն է ունենալու Արտաշատի թատրոնում եւ գերելու է թատերասերների սրտերը, թողնելով անջնջելի տպավորություններ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4