Մ. Նահանգներում սովորաբար հունիսի 3-րդ կիրակի օրը նշվող «հայրերի օրվա» կապակցությամբ Օրեգոնից «Նյու Յորք թայմսի» թղթակից Նիկոլաս Քրիստոֆը թերթի օն-լայն տարբերակում շարադրել է իր որդիական խորհրդածությունները, որոնց մեջ մեզ համար տարօրինակն ու հետաքրքրականը այն է, որ հայրըՙ Վլադիսլավ Քրժիշտոֆովիցը, պարզվում է, հայ է եղել:
«Հայրս հայ էր եւ ծնվել էր մի երկրում, որն այժմ գոյություն չունիՙ Ավստրո-Հունգարիայում: Սերում էր ազնվականի ընտանիքից, որին պատկանել են հազարավոր ակրների հասնող տարածքներ», գրում է նա եւ շարունակում պատմել հոր ոդիսականը:
Երկրորդ համաշխարհայինի օրերին բանտարկվել է նացիստների կողմիցՙ Լեհաստանում իրենց զորքերի ներկայության վերաբերյալ լրտեսություն ծավալելու մեղադրանքով: Բանտապահներին կաշառելով ազատվել է եւ փախել Ռումինիա, որտեղ հասկանալով, որ ապագա չի կարող ունենալ, անցել է Հարավսլավիա: Այնտեղ բռնվել է ու համակենտրոնացման ճամբար ուղարկվել, որտեղից երկու տարի անց հնարավոր է եղել փախչել նախ դեպի Իտալիա եւ ապաՙ Ֆրանսիա: Մինչ այդ նա կորցրել է իր բոլոր հարազատներին Օսվենցիմում, Սիբիրում եւ այլուր:
Հակառակ ֆրանսերենին եւ 6 այլ լեզուների տիրապետելուն (որոնց թվում չի եղել անգլերենը) նա Ֆրանսիայում իրեն օտար զգալովՙ 1952-ին տեղափոխվել է «հնարավորությունների երկիրՙ Մ. Նահանգներ» եւ սկսել սովորել 8-րդ լեզունՙ անգլերենը: Քանի որ չափազանց դժվար է եղել ամերիկացիների համար ասել իր անունը, նա կրճատել է այն եւ դարձել Լադիս Քրիստոֆ: Որոշ ժամանակ Օրեգոնում աշխատելուց հետո նա համալսարանական ուսումը շարունակել է 34 տարեկանում եւ դոկտորականի աստիճան ստացել Չիկագոյի համալսարանից, որտեղ էլ իր ապագա կնոջըՙ Ջեյնին է հանդիպել: Դրանից հետո որպես քաղաքագիտության պրոֆեսոր երկար տարիներ դասավանդել է Պորտլենդի պետհամալսարանում:
«Շատ ուշադիր էր կարիքավորների հոգսերին: 80 տարեկանում նա կրակարանի համար նույնքան արագ փայտ էր կտրում, որքան ես: 90-ին շարունակում էր որսի դուրս գալ: Իսկ ամենից ավելի նա չափազանց լավատես էր: «Ճիշտ է, պատերազմն ու համակենտրոնացման ճամբարները, նաեւ հայրենիք ու տուն կորցնելը ատելի են դարձրել ինձ համար վեճն ու պայքարը մարդկանց միջեւ, բայց մյուս կողմից չեն նվազեցրել հավատը մարդկության ապագայի նկատմամբ... Եթե մարդիկ այսքան արվեստի գործեր են ստեղծել ու գիտությունը զարգացրել, ինչո՞ւ պիտի անկարող լինեն հաստատելու արդարություն, եղբայրություն եւ խաղաղություն աշխարհում», գրել էր նա իր հուշերում: Ես պահպանում եմ նրա այդ սկզբունքը եւ համարում, որ նրա ապրած հարուստ կյանքի համար ես հպարտ պետք է զգամ ինձ», եզրակացնում է հոդվածագիրը:
Հ. Ծ.