«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԵՑ

Երեք անընդմեջ պարտություններից հետո երկրի չեմպիոն «Փյունիկը» վերջապես հաղթեցՙ 4-2 հաշվով առավելության հասնելով «Կիլիկիայի» նկատմամբ: Սակայն հաղթանակը թիմին դժվարությամբ տրվեց: Արդեն 10-րդ րոպեին Մարկոսն առաջ մղեց «Փյունիկին», սակայն 11 րոպե անց Կարեն Խաչատրյանը վերականգնեց հավասարակշռությունը: Քիչ անց փյունիկցիները 11 մ հարվածի իրավունք ստացան, սակայն Մարկոսը չկարողացավ հաղթող դուրս գալ Մարտիկ Մկրտումյանի հետ մենամարտում:

Ընդմիջումից հետո կրկին աչքի ընկավ Կարեն Խաչատրյանըՙ «Կիլիկիային» հաշվի մեջ առաջ մղելով: Չեմպիոնը կրկին հայտնվեց պարտության վտանգի առաջ: Եվ միայն 70-րդ րոպեին թիմի նորեկ Հովհաննես Գոհարյանը հավասարեցրեց հաշիվը: «Փյունիկը» հաղթանակը կորզեց խաղավերջում, երբ մեկը մյուսի հետեւից Արտակ Եդիգարյանն ու Մարկոսը գրավեցին «Կիլիկիայի» դարպասը:

Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ «Փյունիկի» խաղն իրոք մտահոգում է: Ինչպես խաղից հետո նշեց Վարդան Մինասյանը, խնդիրներ կան կազմի ուժեղացման հետ: Առայժմ թիմ հրավիրված Գոհարյանը լավ մարզավիճակում չէ եւ ամբողջ 90 րոպե դժվար թե կարողանա օգտակար լինել «Փյունիկին»: Լուծված չէ նաեւ ձախ պաշտպանի հարցը:

Տուրի մյուս խաղում, Կապանում «Գանձասարը» 1-2 հաշվով զիջեց «Իմպուլսին»: Վերջինիս կազմում աչքի ընկան Ալբերտ Հովակիմյանն ու Արման Մինասյանը, իսկ խաղավարտին Արթուր Քոչարյանը կրճատեց հաշիվը: «Շիրակ»-«Բանանց», «Միկա»-«Ուլիս» հանդիպումները հետաձգվել են Եվրոպայի լիգայի խաղերի պատճառով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4