Փակ բանակցությունների մանրամասնություններն, իհարկե, բանակցողների գաղտնիքն են: Բայց ԱՄՆ պետքարտուղարի այցին հետեւած մեկնաբանություններն ու իրադարձություններն ինչ-որ բան, այնուամենայնիվ, հուշում են:
Մասնավորապես, ուշագրավ է, որ Ադրբեջանում ամերիկյան ազդեցության եւ այդ միջոցով ԼՂ հարցի ադրբեջանանպաստ հանգուցալուծման երկարամյա ջատագով, նախկինում արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն Քլինթոնի Բաքու այցելությունը համարել է «տապալված», իսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը` հայտարարել, որ իր երկիրը «չի ցանկանում անդամագրվել ՆԱՏՕ-ին եւ Եվրոմիությանը»:
Եթե Գուլուզադեի մեկնաբանությունը կարելի է համարել հուսախաբության դրսեւորում, ապա Մամեդյարովի ասածն այլ բան չէր, քան ակնարկ, որ ԱՄՆ պետքարտուղարը որեւէ այնպիսի ծանրակշիռ երաշխիք չի տվել, որ Ադրբեջանը վերջնական արտաքին քաղաքական կողմնորոշում որդեգրելու հարց քննարկի:
Ինչպես եւ նախկինում, Ադրբեջանը դարձյալ կանգնած է երկընտրանքի առաջ: Շատ հավանական է, որ Իլհամ Ալիեւը պարզորոշ չի արտահայտվել Իրանի հարցում, ինչը եւ պատճառ է դարձել, որ պետքարտուղար Քլինթոնի այցը բնութագրվի որպես «տապալված»:
Դիտարժան է, որ Հիլարի Քլինթոնի այցի նախօրերին ադրբեջանական «վերլուծաբանական հանրությունը» միաբերան ասում էր, որ Իլհամ Ալիեւը երբեք չի միանա Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժիչ գործողություններին, երկրի տարածքը չի տրամադրի Իրանի դեմ ռազմական հարվածների համար ամերիկա- իսրայելական հենակետերի:
Նման հարցեր շոշափվե՞լ են Քլինթոն-Ալիեւ առանձնազրույցի ժամանակ: Երեւի` բաց տեքստով` ոչ, բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղարի համար հասկանալի է դարձել, որ Ադրբեջանը չի կարող ռազմավարական դերակատարություն ունենալ այն ծրագրերում, որ նախանշում է Վաշինգտոնը:
Բնականաբար, Իլհամ Ալիեւն էլ պետք է հասկացած լինի, որ Վաշինգտոնը պատասխանատվություն չի ստանձնում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման հարցում: Թվում է` Ադրբեջանի նախագահը հիմնավորապես է հասկացել դա: Հակառակ դեպքում Քլինթոնի մեկնումից մեկ օր անց Բաքվում չէր բացվի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման կենտրոնական գրասենյակը:
Ի՞նչ իմաստ կունանար «քառահարկ, հոյակապ, կահավորված եւ կապի միջոցներով հագեցված» նոր գրասենյակի շնորհանդեսը, եթե բանակցություններից Իլհամ Ալիեւն զգացած լիներ, որ «հանգուցալուծումը մոտ է, եւ շուտով փախստականներն ու ներքին տեղահանվածները կվերադառնան իրենց բնակության նախկին վայրերը»: Եվ եթե Բաքվում «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարության» համար աշխատանքի նման շքեղ եւ հարմարավետ պայմաններ են ստեղծում, ապա տրամաբանական է, որ նրանք դեռ երկար են նստելու այնտեղ:
Սա այն դեպքն է, երբ մարդկանց կարելի է բարի վայելում մաղթել: Իսկ թե ի՞նչ եզրակացություն կանեն նրանք փաստից` արդեն իրենց խնդիրն է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ