«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2010-07-03 | #124, 2010-07-06 | #125, 2010-07-07


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ելույթ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովում*

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր

Այս համաժողովի հրավիրումը նշանակալից է երեք առումներով: Նախ, այն հրավիրվել է խնդրո առարկայիՙ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հինգ տարի առաջ, ինչը մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող երեւույթ է: Ուշադրության արժանի երկրորդ հանգամանքն այն է, որ համաժողովից մեկ շաբաթ առաջ հրապարակվել է հոդված, նկատի ունեմ պարոն Աբրահամյանիՙ «Ազգ» օրաթերթում նախորդ ուրբաթ հրապարակված հոդվածը, որով նախանշվում էր համաժողովի քննարկումների հունը: Եվ երրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ առաջարկվում են Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հայեցակարգային մոտեցումներ: Կարծում եմՙ այս երեք գործոնները պետք է պայմանավորեն համաժողովի քննարկումների կոնկրետությունն ու նպատակաուղղվածությունը: Ըստ այդմ, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի շարք նկատառումներ առաջարկվող մոտեցումների եւ դրանց իրագործման հնարավորությունների վերաբերյալ: Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) առաջին հայեցակարգային առաջարկությունը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հարցի նախապատրաստմանըՙ միջազգային դատարան ներկայացնելու նպատակով: Անշուշտ, դա որակական նոր փուլ կարող է լինել, եւ համոզված եմ, որ այս առաջարկն անելով կազմակերպությունը հիանալի պատկերացնում է, որ նման քայլը ոչ միայն պահանջում է մեծ խիզախությունՙ նկատի ունենալով անվերապահ հաջողության հրամայականը, այլեւ դրա ապահովման համար անհրաժեշտ նոր որակի հսկայածավալ աշխատանքի կազմակերպում եւ իրականացում: Կարծում եմՙ պատահական չէ, որ մինչ նման առաջարկություն անելը կազմակերպությունը կազմակերպել եւ մեծապես խրախուսել է տարիների տքնաջան աշխատանքը, որի շնորհիվ այսօր սեղանին են լուսահոգի Յու. Բարսեղովիՙ Ցեղասպանության խնդիրներին նվիրված երեք ծավալուն հատորները: Սակայն թե՛ այդ աշխատանքը, թե՛ մերօրյա մարտահրավերներն ավելի քան ակնհայտորեն ցույց են տալիս, որ այն պետք է ունենա շարունակություն, ընդլայնում եւ զարգացում: Դեռեւս ուսումնասիրված չեն խնդրին վերաբերող նյութերի մի շարք հարուստ արխիվներ, մանրակրկիտ մշակումների կարոտ են մի խումբ իրավական հարցեր, ճշգրտման կարիք են զգում որոշ քաղաքական դիրքորոշումներ: Ավելին, թե՛ նախընթաց տասնամյակները, թե՛ վերջին զարգացումները ակնբախորեն վկայում են, որ խնդրի արդարացի լուծման համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն լիարժեք միջազգային ճանաչման տեսակետից, այլեւ որպես տարածաշրջանային կարեւոր քաղաքական գործոններից մեկը: Այն ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկն է, այլեւ ուղղակիորեն կապված է ինչպես ժամանակակից Թուրքիայում, այնպես էլ տարածաշրջանում էական ազդեցություն ունեցող կամ դրան հավակնող երկրներում քաղաքական իրավիճակի, գիտահետազոտական շրջանակների գործունեության, միջազգային իրավունքի արդի մոտեցումների ու դրանց կիրառման, Հայաստան-Սփյուռք ասիմետրիկ հարաբերությունների ճիշտ կազմակերպման, Հայաստանի ու Սփյուռքի գիտական ներուժի համախմբման, օտարերկրյա մասնագետների ու փորձագետների ներգրավման եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ: Այս ավանդական խնդիրներին ավելացել է այն հանգամանքը, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, կտրուկ սրվել է ազդեցության գոտիների վերաբաժանման պայքարը, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, էապես մեծացել են գործընթացների բարդությունն ու հեռանկարային նշանակությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մոտ երկամյա գործընթացը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ այդպիսի բարդ գործընթացներում հաջողություն ակնկալելու համար անհրաժեշտ է ունենալ հայեցակարգային մոտեցում, այդ նպատակին ծառայող արդյունավետ գործող մասնագիտական կառույցներ եւ փորձագիտական միջավայրեր: Իհարկե, ՀՀԿ առաջարկըՙ կոմիտեի եւ հիմնադրամի ձեւավորման վերաբերյալ, կարող է կարեւոր նշանակություն ունենալ տարատեսակ խնդիրների արդյունավետ լուծման տեսակետից, սակայն խնդիրների ձեւակերպման, դրանց լուծումների տարբերակների մշակման բեռը լինելու է մասնագիտական կառույցների ու փորձագիտական միջավայրերի վրա: Առաջարկվող հայեցակարգային մոտեցումների իրագործման հաջողության տեսակետից բացառիկ նշանակություն են ունենալու հենց մասնագիտական կառույցների ու փորձագիտական միջավայրերի ձեւավորումն ու ամրապնդումը, որոնք ոչ թե կսպասեն քաղաքական կառույցների որոշումների ընդունմանն ու դրանց կհարմարեցնեն իրենց «հիմնավորումներն», այլ որոշում ընդունողներին կներկայացնեն առկա խնդիրների լուծումների հիմնավոր տարբերակներՙ ճիշտ որոշումներ ընդունելու համար: Համոզված եմ, եթե այդ մոտեցումը իրականացված լիներ, կհաջողվեր խուսափել տխրահռչակ արձանագրությունների ցավալի հետեւանքներից: Բազմաթիվ երկրներիՙ իրենց կարեւորությամբ նմանատիպ խնդիրների լուծման փորձը վկայում է, որ այդ կառույցների համար արդյունավետ է առավել մեծ ճկունություն ապահովող ոչ կառավարական կարգավիճակը: Այդ առումով առաջարկվող Ուղերձի նախագծում առկա եռաստիճան կառուցվածքըՙ Պետական հանձնաժողով, դրան կից խորհուրդ, խորհրդի մասնագիտական հանձնախմբեր, շատ կոշտ է եւ կխոչընդոտի արդյունավետ գործունեությանը: Կարծում եմՙ չպետք է ՀՀԿ առաջարկները կապել Պետական հանձնաժողովի հետ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցվածքը հիշեցնող խորհրդից զատ պետք է լինի հանձնախմբերի աշխատանքը համակարգող ոչ մեծ խումբ: Թերեւս այդ դեպքում միայն կարելի է հուսալ, որ կապահովվի անհրաժեշտ կառուցվածքային ճկունություն եւ մասնագիտական աշխատանքի ազատություն: Ասվածն իհարկե չի նշանակում, որ մասնագիտական կառույցները փոխարինելու են պետական կառույցներին, այնպես, ինչպես պետական կառույցները չեն կարող փոխարինել փորձագիտական միջավայրերին ու գիտահետազոտական անկախ կառույցներին: Գործող կառույցները, ինչպես, օրինակ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, ունեն այլ գործառույթներ, որոնք նույնպես պետք է կարեւոր տեղ ունենան համակարգված աշխատանքի պարագայում: Հետեւաբար խնդիրը ինստիտուցիոնալ ամբողջականության ապահովմանն է վերաբերում, ինչի դեպքում է միայն հնարավոր ունենալ արդյունավետ գործող թե՛ պետական, թե՛ ոչ պետական կառույցներ: Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երջանկահիշատակ Յու. Բարսեղովի աշխատանքները թե՛ Ցեղասպանության, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավա-քաղաքական խնդիրների վերաբերյալ իրականացվել են Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտում, կարելի է, որպես տարբերակ, քննարկել ներկայացված խնդիրների լուծման հարցը հենց այդ ինստիտուտի հիմքի վրաՙ իհարկե ամրապնդելով ինստիտուտի մասնագիտական եւ տեխնիկական հնարավորությունները: Առավել եւս, որ ինստիտուտի գործունեությունը մեծապես պայմանավորված է ՀՀԿ-ի եւ իր նախագահի աջակցությամբ:

Դժվար չէ նկատել, որ այն խնդիրները, որոնց մասին խոսվեց, վերաբերում են ոչ միայն Ցեղասպանության ճանաչմանը, այլեւ առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլ հիմնախնդիրների եւս, մասնավորապեսՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ առումով անհրաժեշտ միջավայրերի ու կառույցների ձեւավորումն ու ամրապնդումը բացառիկ նշանակություն կունենան նաեւ մյուս հիմնախնդիրների լուծման համարՙ թե՛ որպես օրինակ, թե՛ որպես կառուցվածքային եւ մեթոդական հիմք: Հետեւաբար թե՛ հայեցակարգը մշակողներն ու իրականացնողները, թե՛ պետական կառույցներն ու հասարակությունը խնդրի նկատմամբ վերաբերմունք ձեւավորելիս պետք է հաշվի առնեն ոչ միայն նպատակի գրավիչ հեռանկարն, այլեւ բարդությունն ու լրջությունը, որը բխում է նպատակի իրագործման համակարգաստեղծ նշանակությունից:

* Խոսքը վերաբերում է հուլիսի 2-ին ԳԱԱ-ում ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի կազմակերպմամբ կայացած համաժողովին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4