Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: ԱԺ նախագահը կարեւորել է այն փաստը, որ Սփյուռքում մեր հայրենակիցներից շատերը կարեւոր պաշտոններ են զբաղեցնում: Նա հայտնել է, թե Հայաստանում նախաձեռնելու է Սփյուռքի հայ պաշտոնյաների եւ ներկայացուցչական մարմինները ներկայացնող հայերի հավաք, որը կնպաստի միմյանց եւ պատմական հայրենիքը ճանաչելուն: Այդպիսի հավաքին պատրաստակամ էր մասնակցել Գլենդեյլի քաղաքապետը: Զրուցակիցները Հայաստանի եւ Կալիֆոռնիայի քաղաքների միջեւ կապերն ու համագործակցության հաստատումը նույնպես ցանկալի համարեցին: ԱԺ նախագահը հետաքրքրվեց Գլենդեյլի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ` պատրաստակամություն հայտնելով աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը
Մ. Խ.