Կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանն առնչվող որոշ խնդիրների եւ կառավարության առաջարկած ելքերին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը :
Առաջին նորությունն այն էր, որ կենսաթոշակային բարեփոխումները կներդրվեն փուլային տարբերակով: Այսինքն, ըստ Արտեմ Ասատրյանի, առաջին փուլը կլինի փորձնական, կներդրվի 2011-ից եւ կշարունակվի երեք տարի: Փորձնական կներդրվի կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014-իցՙ պարտադիր կուտակայինը այն անձանց համար, ում 40 տարին լրանում է այդ ժամանակ:
Վարդան Արամյանն անդրադարձավ երաշխիքների ինստիտուտի ներդրմանը: Նա նշեց, որ մտահոգություն կա, թե ի՞նչ կլինի հիմնադրամներում ներդրվող գումարների հետ, եթե ակտիվները կառավարողները ինչ-որ խախտումներ կատարեն: Այդ մտահոգությունը փարատելու համար ներդրվել է երաշխիքի ինստիտուտըՙ ստեղծվելու է ներդրված գումարները վերադարձնելու երաշխավորման հիմնադրամ, ինչպիսի հիմնադրամ գործում է բանկային ավանդների դեպքում: Ներդրված գումարներըՙ տարեկան գնաճի ցուցանիշը ներառելով, երաշխավորվելու են պետության կողմից:
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ լուծվել է նաեւ միասնական եկամտահարկի ներդրման հետ կապված հարցը, ինչը հնարավորություն է տալիս, որ վարձու աշխատողի եկամտահարկի բեռը չավելանա: Ըստ այդմ, միասնական եկամտահարկը կկազմի 24 տոկոսՙ մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եւ 26 տոկոսՙ 120 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում: Խրախուսելու համար գործատուներին նոր համակարգով կատարելու վճարումները իրենց աշխատողի համար առաջինն այդ քայլին գնացողների համար այդ վճարումները կհամարվեն որպես ծախս գործատուի համար եւ 150 տոկոսով լրացուցիչ կփոխհատուցվեն պետության կողմից: «Ազգի» հարցերին, թե ի՞նչ ժամկետով է դա կատարվելու, ո՞ր հարկային դաշտում աշխատող գործատուները կարող են օգտվել այդ արտոնությունից եւ ինչպե՞ս է կատարվելու գումարների լրացուցիչ փոխհատուցումը, Վարդան Արամյանը պատասխանեց, որ նախՙ գործատուի կողմից աշխատողի համար կատարված հարկային վճարումը համարվելով ծախս, այլեւս հետ վերադարձման խնդիր չի ունենա, ապաՙ այդ արտոնությունից կարող են օգտվել ե՛ւ ավելացված արժեքի հարկի, ե՛ւ պարզեցված շահութահարկի դաշտում գործող գործատուները, ու նաեւ առաջինը այդ քայլին դիմողները իրենց ծախսերը նվազեցնելու այդ հնարավորությունը կունենան մինչեւ 2014-ը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ