«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2010-07-03 | #124, 2010-07-06 | #125, 2010-07-07


ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ

Երեւան է ժամանել Գլենդեյլի (Կալիֆորնիա) քաղաքապետ Արա Նաջարյանը : «Ազգը» խնդրեց պրն Նաջարյանին ասել, թե ի՞նչ խնդիրներ, ի՞նչ պրոբլեմներ ունեն Գլենդեյլում ապրող հայերը եւ ի՞նչ է արվում դրանք լուծելու հարցում:

- Այսօր Գլենդեյլում ապրում է 250.000 բնակիչ, որոնց 40 տոկոսըՙ 100.000, հայ է: Հայերն ունեն շատ տարբեր փոքր համայնքներՙ նոր եկած հայաստանցիներ, ամերիկահայեր, պարսկահայեր, լիբանանահայեր, եգիպտահայեր, սիրիահայեր, նաեւՙ իրանահայեր: Ամենամեծ խնդիրներն ունեն նոր եկած հայերը, որոնք աշխատանք չունեն ու ամեն կերպ գործ են փնտրում: Մեր երկրի տնտեսական ճգնաժամը բավական ծանր կացության մեջ է դրել նաեւ Գլենդեյլում ապրողներին, որոնք ուզում են իրենց հայ ընտանիքը պահել, հավատքը պահել եւ շատ դժվար կացության առաջ են կանգնել: Այդպիսի ընտանիքներ, ցավոք, շատ-շատ են, եւ հենց շատերն էլ ուզում են փախչել Գլենդեյլից ուրիշ քաղաքներՙ Լաս Վեգաս, Արիզոնա եւ այլն, միայն թե մի գործ գտնեն:

Իսկ մեր թիվ մեկ խնդիրն էՙ նրանց պահել Գլենդեյլում: Ինձ շատ հաճախ են դիմում հայերըՙ մատչելի բնակարաններ ձեռքբերելու համար, որովհետեւ տների վարձերը շատ թանկ ենՙ ամսական 1500-1600 դոլար: Հատկապես ծերերը, որոնք թոշակառու են կամ նպաստառու, չեն կարողանում վճարել այդքան գումար: Սակայն մեծ ցանկություն ունեն մնալու Գլենդեյլումՙ հայ համայնքի մեջ: Սա հարցերի հարցն է: Դժվար է մնալ, դժվար է լքել ու փախչել ընտանիքից, թողնել հայ դպրոցը, եկեղեցին, բարեկամներին: Այդ դժվարին կացության ելքերի համար ես իմ աշխատանքի վայրում փորձում եմ լուծման ճանապարհներ գտնել ու հայությանը պահել սփյուռքի մայրաքաղաք Գլենդեյլում եւ այդ հարցով ջանք ու ծրագրեր պիտի իրականացնենքՙ հայությանը պահելու համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4