«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2010-07-03 | #124, 2010-07-06 | #125, 2010-07-07


ՄԱՔՐՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՆ ՄԷՋ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երեկ Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի Կոմիտասի սրահում կարծես թեւածում էր Վարդապետի ոգին ու նա մասնակիցն էր լինում պոլսահայ գրող, «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, մանկավարժ Մաքրուհի Հակոբյանի «Մանկութեանս փողոցներուն մէջ» գրքի շնորհանդեսին: Ցերեկույթը բացեց թանգարանի տնօրեն, դոկտոր Հենրիկ Բախչինյանն ու բարձր գնահատեց 70-ամյա ուղի անցած «Մարմարա» օրաթերթի գործունեությունը շնորհիվ խմբագիր Ռոբեր Հարտտեճյանի, փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանի եւ թերթի մյուս աշխատակիցների: Անդրադառնալով Մաքրուհի Հակոբյանի գրքին, նշեց գրքի գեղարվեստական արժեքը, հեղինակի նուրբ, հուզական աշխարհը, մաքրամաքուր հայերենով շարադրած ամեն մի տողը, դրվագ եւ հուշագրություն:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը 2009 թ. «Ոսկե գրիչ» մրցանակը հանձնեց Ռոբեր Հատտեճյանին ու բարձր գնահատեց նրա տարիների վաստակն ու նվիրումը: Գեղանկարիչ Գրիշա Թորոսյանը պրն Հատտեճյանին նվիրեց իր վրձնած դիմանկարը: Պրն Հատտեճյանը շնորհակալություն հայտնեց ու նշեց, որ այդ մրցանակին արժանանլու լուրը լսել է Ստամբուլի «Հուրիեթ» թերթից: «Բազմաթիվ մրցանակների եմ արժանացել, սակայն այս մեկը ամենից պարտավորեցնողն է: Իմ անունը թուրքական մամուլում չի գրվում, եւ միայն այս առիթով գրվեց ու արձագանք գտավ», ասաց պարոն Հատտեճյանը եւ շնորհակալություն հայտնեց:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս. Պետրոսյանը Մաքրուհի Հակոբյանին հանձնեց նախարարության պատվոգիրըՙ հայոց լեզվի պահպանության, զարգացման գործում ունեցած վաստակի համար ու մաղթեց նորանոր հաջողություններ:

Օրվա բանախոս գրականագետ Սուրեն Դանիելյանը, Աստղիկ Գեւորգյանը, Վերժինե Սվազլյանը, գրող Հրաչյա Մաթեւոսյանը, Թորոս Թորանյանը եւ ուրիշներ խոսեցին գրքի կարեւորության, արժեքի ու պատմական ստույգ փաստերը մանրակրկիտ մաքուր հայերենով ներկայացնելու բարդ ու դժվարին աշխատանքի մասին, որը հեղինակը իրականացրել է մեծ սիրով ու նվիրումով: Նրանք այն կարծիքին էին, որ եթե մեկը չի եղել Պոլսում, ապա այս գիրքը կարդալով կարող է ասել, որ քայլել է Պոլսո թաղերի մեջ, ծանոթ է հայկական մշակույթի, եկեղեցու անցուդարձին: Ուշագրավ է, որ Մաքրուհի Հակոբյանը այս ուշագրավ գիրքը նվիրել է իր որբացյալ ծնողների հիշատակինՙ Վերգին եւ Վահան Պ. Հակոբյաններին, ու այն հրատարակվել է բեյրութահայ մտավորական եւ գրագետ տեր եւ տիկին Արմեն եւ Միմի Հարությունյանների մեկենասությամբ:

Պարոն Հատտեճյանը ներկայացնելով Մաքրուհի Հակոբյանին նշեց, որ բախտավոր է նման անձի հետ երկարամյա աշխատողը: «Մաքրուհին իր անվան պես մաքուր է, չափազանց բծախնդիր, կատարյալ աշխատաոճ ունի, մաքրամաքուր հայերենի մասնագետ է, չափազանց հայաստանասեր, հայրենասեր: Բոլոր մարդկանց կյանքում լինում են հանդիպումներ, որոնք ճակատագրական դեր են խաղում, այդպիսին եղավ իմ եւ Մաքրուհու հանդիպումը ու այն շարունակվում է...»: Խոսելով գրքի մասին «Մարմարայի» խմբագիրը նշեց, որ այն բաղկացած է հիմնական երեք բաժնիցՙ ուխտագնացություններ, ապրումներ, վայելումներ: Յուրաքանչյուրը համեմված է հետաքրքրաշարժ դրվագներով, հանդիպումներով ու հուշերով, որոնց վառ վկաներն են գրքում զետեղված լուսանկարները: Մի խոսքով պետք է կարդալ Մաքրուհի Հակոբյանի այս արժեքավոր գիրքը, որը շատ մոռացված, անցած-գնացած տարիների հուշերի արթնացում է: ՀԳՆ նախագահ Լեւոն Անանյանը իր գնահատանքի խոսքում նշեց, որ Մ. Հակոբյանը հայ կնոջ այն հավաքական կերպարն է, որն եկավ շարունակելու Զաբել Եսայանի նվիրական գործը ու Մաքրուհի Հակոբյանին հանձնեց ՀԳՄ պատվոգիրը տարիների կատարած անձնվեր ու արդյունավետ գործունեության համար: Մայր աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Սահակ եպս. Մաշալյանը ընթերցեց Վեհափառ հայրապետի կոնդակը, որով Մաքրուհի Հակոբյանին շնորհվել է Մայր աթոռի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» բարձրագույն շքանշանը եւ այն հանձնեց շքանշանակրին:

Հուզված էր Մաքրուհի Հակոբյանը: Նա խոստացավ իր սկսած նվիրական գործը առավել ոգեւորությամբ շարունակել:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4