Երեկ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց ՀԲԸՄիության Հայ երիտասարդաց ընկերակցության Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբին` պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի եւ թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Գլենդեյլի (ԱՄՆ) քաղաքապետ Արա Նաջարյանը: Նախարարը ողջունեց հյուրերին ու շնորհավորեց հրաշալի թատերախաղ ներկայացնելու համար ու ասաց. «Շատ ուրախ եմ, որովհետեւ «Վահրամ Փափազյան» թատերախումբը, կարծում եմ, մեր լիբանանյան մշակույթի անբաժան մասն է դարձել կես դարից ավելի, այն նաեւ երեւույթ է հայկական իրականության համար, որովհետեւ թատերարվեստի ոչ պրոֆեսիոնալ մարդիկ իրենց հիմնական աշխատանքից հետո իրենց նվիրում են հայ մշակույթին, հայ թատրոնին: Ես դա ուղղակի հերոսություն եմ համարում, զոհողություն, նվիրում, հայրենակցություն, որը դուք անում եք սիրով ու ոգեւորությամբ»:
Այնուհետեւ նախարարը ներկայացրեց իր գերատեսչության գործառույթներն ու ծրագրերը, խոսեց ներկա ներքին ու արտաքին քաղաքականությունից, առաջարկեց համագործակցել ու համատեղ ծրագրեր իրականացնել: Հրանուշ Հակոբյանն առաջարկեց 2011-ին, երբ լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-ամյակը, այդ առիթով այսօրվա ազգային հերոսների կերպարները բնորոշող գործ բեմականացնել, որը երիտասարդության համար հայրենասիրական մեծ նշանակություն կարող է ունենալ: «Ուզում եմ, որ դուք դառնաք նաեւ մեր խոսափողը,- ասաց նախարարն ու ավելացրեց,- ես լինելով Լիբանանումՙ տեսա, որ այն ամենահզոր, ամենաուժեղ կազմակերպված, ամենահայկական համայնքն է եւ այդ գործում դուք էլ ձեր գնահատանքի բաժինը ունեք: Շնորհակալ ենք ու մաղթում ենք էլ ավելի բեղմնավոր աշխատանք»:
Պրն Տրդատ Ավետիքյանը շնորհակալություն հայտնեց հրավերի, ընդունելության համար ու նախարարին հանձնեց հուշանվեր: Պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը ներկայացրեց դերասաններին ու նաեւՙ թատերախմբի ծրագրերըՙ առաջարկելով սփյուռքի տարբեր գաղթօջախներում փափազյանականների հյուրախաղերը կազմակերպել ու նաեւ ապահովել պատմական բնույթի լավ պիեսներով, որոնք այսօր թատերախմբի երկացանկում, ցավոք, չկան:
Մ. Մ.