«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸՙ «ՌՈՒՍԱԿԱ՞Ն» ԳԱԶԱՄՈՒՂ, ԹԵ՞ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ»

Վրաստանում, փաստորեն, համոզված են, որ Վրաստան-Հայաստան գազամուղը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան, ռազմավարական որեւէ նշանակություն չունի ու կարող է կառավարվել մասնավոր ընկերության կողմից: «Ազգն» անդրադարձել է Վրաստանի` գազամուղը վաճառելու մտադրությանը: Այժմ արդեն այդ մտադրության իրականացման համար առկա է նաեւ խորհրդարանի համաձայնությունը` ի դեմս երեկ ընդունված օրենքի:

Մասնավորապես, վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Վրաստանի խորհրդարանը զգալի կողմ ձայներով հաստատել է օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում նախկինում ռազմավարական համարված օբյեկտը` գազամուղը վաճառքի հանելու համար: Այս նախագծին դեմ արտահայտվող վրացական ընդդիմության փաստարկներն էլ, ինչպես սպասելի էր, հակառուսական են, մտահոգությամբ, թե գազամուղը կարող է դառնալ ռուսական ընկերության սեփականություն եւ վտանգել Վրաստանի էներգետիկ անվտանգությունը, դրա հետ մեկտեղ` նաեւ տնտեսական:

Մինչդեռ գազամուղը Ադրբեջանի ձեռք բերելու հավանականության կամ մտադրության մասին խոսակցությունները որեւէ կերպ արձագանք չեն գտնում Վրաստանում, որտեղ Հայաստան մտնող գազի գլխին «օյին» խաղալուն կարծես դեմ չեն:

Ամեն դեպքում, ըստ «Հայռուսգազարդի», Ռուսաստան-Հայաստան մայրուղային գազատարի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու: News.am-ի փոխանցմամբ, ընկերությունից տեղեկացրել են, որ այդ հարցը քննարկվել է գործընկերների հետ: Ըստ «Հայռուսգազարդի»ՙ պարզվել է, որ գազամուղի վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու, իսկ բաժնետոմսերի մնացած մասը կարող է վաճառվել աճուրդի միջոցով: «Հայռուսգազարդը» նաեւ վերահաստատել է, որ գազատարի վաճառքը չի կարող ազդել դեպի Հայաստան գազի առաքման վրա:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը լոնդոնյան բորսայում տեղադրելու հնարավորության մասին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4