«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՈՒՂԻՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՌԵՖԵՐԵՆԴՈՒՄ»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցելությունը քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վերլուծում է Քլինթոնի հարավկովկասյան շրջագայության շրջանակներում: Ընտրված 5 երկրները` Լեհաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, որեւէ կերպ առնչություն ունեին Ռուսաստանի հետ, հետեւաբար այցելությունը պետք է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Լեհաստանում քաղաքական էլիտան էր փոխվել, Ուկրաինայում քաղաքական էլիտայի փոփոխման հետ փոխվել էր նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆորմատը, իսկ Ուկրաինան Ռուսաստանի համար առանցքային երկիր է: Քլինթոնն այս այցով ակնարկեց, որ շարունակում է Ուկրաինային համարել գործընկեր, Յանուկովիչին էլ բարձր է գնահատում եւ նրան Լուկաշենկոյի շարքերում չի տեսնում: Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են, Հայաստանն ու Ադրբեջանն էլՙ որպես Հարավային Կովկաս, չափազանց կարեւոր են Ռուսաստանի համար: Քաղաքագետը հավելում է, որ տիկին Քլինթոնը` լինելով հմուտ եւ փորձված դիվանագետ, պատահաբար չէր ընտրել երկրների ցանկն ու այցելության օրերը: «Ինչո՞ւ նա չայցելեց Ղազախստան, Մոլդովա կամ Բելառուս: Այս ամենը` անգամ հուլիսի 4-ին Հայաստան եւ Ադրբեջան այցելությունները, նախօրոք մշակված էին: Յուրաքանչյուր երկիր իր առանաձնահատկություններն ուներ: Հայաստան եւ Ադրբեջան այցելությունների ժամանակ գլխավոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն էր: Ադրբեջանում օրակարգում էր ժողովրդավարության հարցը, իսկ Հայաստանում` հայ-թուրքական հարաբերությունները: ԱՄՆ-ն հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը շուտափույթ լուծում չի կարող ստանալ, սակայն նա ցանկանում է, որ բանակցությունները շարունակվեն»:

Երեւանում Քլինթոնի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծում գտնի «Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի եւ Ադրբեջանի աշխատանքի շնորհիվ», ամենեւին էլ չի ենթադրում, որ ԱՄՆ-ն ցանկանում է բանակցային սեղանի մոտ տեսնել նաեւ ԼՂՀ ներկայացուցիչներին: Իսկանդարյանի ներկայացմամբՙ պետքարտուղարն ընդգծեց մադրիդյան սկզբունքները` ակնարկելով, որ Ղարաբաղի կարծիքը որեւէ կերպ պետք է հաշվի առնել:

Ըստ Իսկանդարյանի, հայ-թուրքականն այլ հարց էր. որովհետեւ այցելությունների շրջանակներում Թուրքիան չկար, իսկ Քլինթոնը լավ է գիտակցում, որ խնդիրները Անկարայում են:

Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ տրամաբանական է: «Բաքվում այցելել է Շեհիդների պուրակ, հետեւաբար պետք է այցելեր նաեւ Ծիծեռնակաբերդ»: Դիտարկմանը, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Քլինթոնի այցելությունը մասնավոր էր եւ ոչ պաշտոնական, Իսկանդարյանն ասաց, որ Ծիծեռնակաբերդ, այնուամենայնիվ, այցելել է ոչ թե «Կոկորդիլոս Գենան», այլ Հիլարի Քլինթոնը: Թուրքական արձագանքի կապակցությամբ էլ հիշեցրեց, որ մեկ տարի անց Թուրքիայում կանցկացվեն ընտրություններ, հետեւաբար իշխանությունն ու ընդդիմությունը իրենց շահերի համատեքստում քննարկում են հայկական հարցը: «Եվ այս ամենը Քլինթոնը լավ էր հասկանում»:

Իսկանդարյանի մեկնաբանությամբ այս ժամանակահատվածում ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերաբեռնումը» հետաքրքրական ընթացք է ստանում: «Այս համատեքստում հայկական կողմի համար կարեւոր նշանակություն ունի ռուս-թուրքական հարաբերությունների ընթացքը: Ռուսաստանի արձագանքը Քլինթոնի այցելությանը կարելի է անվանել զուսպ-դրական: «Ռուս վերլուծաբանները այցը գնահատել են դրական», պատասխանեց նա «Ազգի» հարցին:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած ռազմատենչ հայտարարություններին էլ քաղաքագետը խնդրեց «ըմբռնումով մոտենալ»:

«Պետք է հարեւանների դրության մեջ մտնել», ասաց նա սարկազմով` հավելելով, որ պատերազմում պարտված ժողովուրդն արդեն 16 տարի չի կարողանում այդ հարցը լուծել եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո առավել ակնհայտ է դառնում, որ հայկական կողմը չի պատրաստվում Ղարաբաղը զիջել: Բանակցություններն էլ փաստում են, որ ուղիները տանում են դեպի ռեֆերենդում:

«Բացի այդ, Քլինթոնը Ադրբեջանում անդրադարձավ խոսքի ազատությանը, դեմոկրատիային, բլոգերներին, պետք է Ալիեւը մի բան ասեր»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4