Իր գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կայուն համագործակցում է Հայաստանում գործող մի շարք երկրների դեսպանատների եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց թիվը տարեցտարի ընդլայնվում է: Երեկ փառատոնի գեղարվեստական հարցերի տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց փառատոնի հյուրերին: Այս տարի փառատոնին կներկայացվի 120 ֆիլմ, իսկ դրսից կմասնակցեն 150 կինոգործիչներ, սցենարիստներ, կինոքննադատներ, դերասաններ եւ այլն: Լեհաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին նշեց, որ արդեն երկրորդ տարին է համագործակցում են փառատոնի հետ, որը բավականին համբավ ունի նաեւ Լեհաստանում: Այս տարի Լեհաստանից փառատոնին կմասնակցի հայտնի լեհ կինոռեժիսոր Քրիստով Զանուսին իր մեկ եւ եւս երկու այլ ֆիլմերՙ փաստավավերագրական ժանրի: ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրայդենստայնը նշեց, որ արդեն չորս տարի է մասնակցում են փառատոնին եւ տարբեր աջակցություններ են իրականացրել: Այս փառատոնին հատկացրել են 50.000 ԱՄՆ դոլար «Ռեժիսորներ առանց սահմանի» համատեղ արտադրության ֆորումը եւ «Հայաստան-Թուրքիա» կինոպլատֆորմին, որին իր աջակցությամբ միացել է նաեւ Եվրոմիության հանձնաժողովի պատվիրակությունը: Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը նշեց, որ սահմանել են հատուկ մրցանակՙ «Հայկական համայնապատկեր» ծրագրի համար եւ կարճամետրաժ ֆիլմերի առաջին տեղը գրաված ֆիլմը կմասնակցի Բրիստոլի միջազգային կինոփառատոնին:
Բրազիլիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Ֆլորինո Ռեգիսը նշեց, որ առաջին անգամ է, որ փառատոնի հետ սկսել են համագործակցել եւ հույս հայտնեց, որ այն լայն թափ կստանա: Նրանց աջակցությամբ Երեւան կժամանի ծագումով հայ կինոքննադատ, գրող եւ կինոռեժիսոր Լեւոն Կակովը (Շատարսյան), որը նաեւ ընդգրկվել է փառատոնի ժյուրիի կազմում: 1977-ին Լեւոն Կակովը հիմնադրել է Սան Պաուլոյի միջազգային փառատոնը:
Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը նշեց, որ լավ ավանդույթ է ձեւավորվել փառատոնի հետ եւ ուրախությամբ են ընդունում համագործակցության յուրաքանչյուր առաջարկ: Նա տեղեկացրեց, որ այս փառատոնին կմասնակցի թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը իր «Հոգու խոհանոցը» ֆիլմով եւ նաեւ երեք այլ ֆիլմերՙ «Փոթորիկ», «Փղերով կինը» եւ Օսկարի արժանացած «Սպիտակ ժապավեն»-ը:
Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենը նշեց, որ իրենց աջակցությամբ փառատոնի ընթացքում հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք կմատուցվի հայազգի անվանի ռեժիսոր Անրի Վեռնոյին : Այս տարի Ֆրանսիայից շատ ֆիլմեր կցուցադրվեն, հատկապես կցուցադրվի «Թե ինչ են տվել հայերը ֆրանսիական կինոյին» խորագրով: Փառատոնին ներկա կլինի նաեւ Ֆրանսիայի կինոակադեմիայի տնօրենը:
Եվրոմիության պատվիրակության ներկայացուցիչ Անահիտ Ազատյանը նշեց, որ համագործակցությունը շարունակվում է եւ իրենց աջակցությամբ փառատոնի օրերին կանցկացվեն երկու աշխատաժողովներ: Փառատոնին մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը, նշեց նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը: Իսկ փառատոնի բացման օրը մեզանում առաջին անգամ կիրականացվի նաեւ չորս հայ ռեժիսորների (Ռուբեն Մամուլյան, Անրի Վեռնոյ, Սերգեյ Փարաջանով, Համո Բեկնազարյան) «Աստղերըՙ գետնի վրա» ծրագիրը:
Մ. Մ.