«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


ԳՈՒՑԵ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԱՄՆ-Ը ՍՏԻՊԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ

Սակայն դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում դրա փակումը առանձնակի դժվարություն չի ներկայացնի թուրքական կողմի համար

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Վերջին օրերին նկատելի ակտիվացել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վերարծարծումները ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Դրան նպաստում են պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները կապված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարավկովկասյան շրջագայության ընթացքում Ադրբեջան, ապա եւ Հայաստան կատարած այցելությունների հետ:

Հիշեցման կարգով նշենք, որ Բաքվում պետքարտուղարը ղարաբաղյան հիմնահարցի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորմանը նպաստելու Իլհամ Ալիեւի խնդրանքին արձագանքել էր. «ԱՄՆ-ը չի կարող հիմնահարցը կարգավորել, այլ կարող է օգնել կողմերին, որ համաձայնության գան»: Նա միաժամանակ Ադրբեջանի նախագահին հիշեցրել էր հիմնահարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի մասին, կարծես ընդգծելու, որ կարգավորումն այդ խմբի իրավասության տակ է:

Այլ կերպ, պետքարտուղար Քլինթոնը գնդակը նետել էր Մինսկի խմբի դաշտ: Սա նշանակում է, որ Ադրբեջանում նրա բանակցությունների գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Անշուշտ, այս խնդիրը նա քննարկել է ՀՀ նախագահի եւ արտգործնախարաի հետ հանդիպմանը: Սակայն հանդիպումների առանցքային թեման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման կասեցված գործընթացն էր: Այլապես նախագահ Սարգսյանը կարեւոր չէր համարի կասեցված այս գործընթացին նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի վերաբերմունքը, ոչ էլ գործընթացին աջակցելու համար շնորհակալություն կհայտներ ԱՄՆ-ին:

Այդ առումով ուշագրավ է նաեւ պետքարտուղար Քլինթոնի համարժեք պատասխանը ՀՀ նախագահին. «Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում անձնական ներդրման համար»: Գործընթացի կասեցման պարագայում ներդրման առնչությամբ արտահայտվող շնորհակալությունը, որպես խրախուսանքի դրսեւորում, ցույց է տալիս գործընթացի նկատմամբ խրախուսող կողմի շահագրգռությունները:

Հատկանշական է, որ այդ շահագրգռությունները տիկ. Քլինթոնի հայաստանյան այցից հետո հուլիսի 7-ին արդեն Վաշինգտոնում արտահայտել է նաեւ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները: Նա, Նյու Յորքի Թուրքական կայքէջի վկայությամբ, ամենօրյա ճեպազրույցում, պատասխանելով լրագրողներին, Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացին առնչվող հարցի կապակցությամբ ասել է. «Մեր քաղաքականությունն այդ հարցում բացարձակապես չի փոխվել: Աջակցում ենք Հայաստան-Թուրքիա մերձեցմանը»:

«Ադրբեջանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում: Դուք համամի՞տ եք» հարցին ի պատասխան պետքարտուղարության խոսնակն ասել է. «Ոչ, համամիտ չեմ: Մենք շարունակում ենք հիմնահարցի կարգավորման Մինսկի խմբով միջնորդավորված ջանքերը: Սակայն այս կարգի հիմնահարցերը չափազանց բարդ են եւ ժամանակ են պահանջում: Դրանով հանդերձ Ռոբերտ Բրադկեն (Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը) այդ ուղղությամբ բուռն կերպով աշխատում է եւ այս աշխատանքները ամրապնդվել են պետքարտուղարի հարավկովկասյան շրջագայությամբ»:

Թոների խոսքերը հիմք են տալիս ենթադրելու, որ Վաշինգտոնը ինքնակամ Մինսկի խմբին է զիջել Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման նախաձեռնությունը: Զիջումը պայմանավորել է հիմնահարցի բարդությամբ, իսկ կարգավորումը համարում է ժամանակ պահանջող, որպեսզի անկաշկանդ կենտրոնանա Հայաստան-Թուրքիա «մերձեցման» գործընթացի վրա:

Տրամաբանական է, որ եթե «մերձեցումը» բախվում է այնպիսի բարդ հիմնախնդրի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, եւ դրա կարգավորումը ժամանակ է պահանջում, ուստի «մերձեցման» համար պետք է շրջանցել այդ հիմնախնդիրը: Ինչպե՞ս: Ըստ երեւույթին, անկախ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ընթացքից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մասնակի կարգավորելով: Ներկա փուլում երկու երկրների միջեւ սահմանի բացումը, առանց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, հարաբերությունների մասնակի կարգավորման թերեւս ամենաընդունելի տարբերակն է: Ուստի այս ամենի առումով պատահական չեն հայ վերլուծաբանների Հայաստան-Թուրքիա սահմանի մոտալուտ բացման հետեւությունները:

Ինչ խոսք, չի բացառվում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ Վաշինգտոնը թուրքական կողմին ստիպի բացել սահմանը: Սակայն դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ստիպողաբար բացված սահմանի փակումը հազիվ թե առանձնակի դժվարություն ներկայացնի թուրքական կողմի համար: Հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան միջպետական հարաբերությունների հաստատումը պայմանավորում է ղարաբաղյան հիմնահարցով, հաստատման համար շարունակ նախապայմաններ է առաջադրում Հայաստանին, չի հրաժարվում «հայկական դավադրության» որոնումներից, ոչ էլ զերծ է մնում հայատյացության դրսեւորումներից:

Դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ սահմանի բացման դեպքում այդ հարաբերություններն ընդամենը բարելավվում են մասնակի, իսկ Հայաստանին առաջադրվող նախապայմանների, հայկական դավադրության որոնումների եւ հայատյացության դրսեւորումների առկայությամբ հաստատվող միջպետական հարաբերությունները, չունենալով կայուն հիմքեր, դառնում են անհեռանկարային:

Որքան էլ Վաշինգտոնին շահագրգռի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, այս ամենի հետեւանքով անհեռանկարային են դառնում նաեւ կարգավորման ամերիկյան ջանքերը, որովհետեւ ամերիկացիները փոխանակ նախապայմանների, դավադրության որոնումների եւ հայատյացության դրսեւորումների համար դատապարտելու Անկարային, նախընտրում են սակարկել գործընթացի շուրջը: Թերեւս դրանով էլ նրանք նախապես կայուն հիմքերից զրկում եւ մթագնում են այդ հարաբերությունների ապագան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4