«Ազգը» փորձեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկանալ, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքումՙ ջերմաստիճանի բարձրացման հետ շտապօգնության կանչերի թիվը որքա՞ն է կազմել, եւ հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքերով:
Տիկին Ստեփանյանը նշեց, որ շտապօգնության կանչերի թվի ավելացում չկա, չի գրանցվել արեւահարության որեւէ դեպք: Հուլիսի 7-ին կանչերի քանակը եղել է 454, հուլիսի 6-ի 393-ի համեմատՙ 61-ով ավելի: Անկախ շոգ եղանակից, հունիսին գրանցվել է նաեւ 500 կանչ մեկ օրվա ընթացքում: Միջին հաշվով գրանցվում է 350-480 կանչ: Հունիս ամիսը ամփոփելով, տնօրենուհին նշեց, որ գրանցվել է 12,477 կանչ, որը նախորդի հետ համեմատած (11588) աճել է 889 կանչով: Հիմնականում կանչերը գրանցվում ենՙ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող խրոնիկ հիվանդներ, կամ էլ շնչառական, թոքային սուր անբավարարություններով, վիրուսային ինֆեկցիաներով, թունավորումներով, օձի խայթոցներով, այրվածքներով դեպքերը: Մասնագետը հորդորեց արեւի ճառագայթների տակ չմնալ, շատ հեղուկ օգտագործել, չարեւահարվել, ժամանակին խմել բժշկի նշանակած դեղորայքը եւ տանից դուրս գալ միայն երեկոյան, երբ քիչ թե շատ հով եղանակ կլինի:
Մ. Մ.