Երեկ կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումները: «Հանրապետական» մարզադաշտում «Բանանցը» հյուրընկալել էր Կիպրոսի «Անորտոսիսին»: Առաջին խաղում, հյուրընկալվելիս «Բանանցը» մրցակցին զիջել էր 0-3 խոշոր հաշվով: Փաստորեն, գործնականում մրցակցության ելքը կարելի էր վճռված համարել:
Ճիշտ է, կիպրոսյան հանդիպումից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին հույս էր հայտնել, որ Երեւանում իր թիմը կհաղթի մրցակցին: Հայ ֆուտբոլասերները գոնե արժանապատիվ խաղ տեսնելու ակնկալիքով էին տեղ զբաղեցրել «Հանրապետականի» տրիբունաներում: Բոլորն էլ հասկանում էին, որ միայն հրաշքը կարող էր «Բանանցին» հաջորդ փուլի ուղեգիր տրամադրել: Ամեն դեպքում դաշտի տերերը պետք է իրենց ողջ կարողությունները ներդնեին գոնե հաղթանակած խաղադաշտը թողնելու համար:
Ինչպես եւ սպասվում էր, հրաշք տեղի չունեցավ: «Անորտոսիսը» բավական ակտիվ անցկացնելով առաջին խաղակեսը, 36-րդ րոպեին Վենսան Լաբանի հարվածի շնորհիվ բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո հյուրերը թեեւ առանձնակի ակտիվություն չցուցաբերեցին, սակայն կարող էին նոր հաջողության հասնել, եթե իրեն գերազանց չդրսեւորեր «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը: Իսկ «Բանանցը» չկարողացավ օգտագործել գոլային մի քանի հիանալի հնարավորություններն ու կրկին խաղադաշտը թողեց պարտված:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ