«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԵՎ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ 40 ԱՍՏԻՃԱՆ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՄԱԱ հյուրն էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերեւութաբանության ծառայության պետ Զարուհի Պետրոսյանը : Նա ներկայացրեց նախորդ եւ առաջիկա օրերին սպասվող ջերմաստիճանի տատանումները եւ դրանցով պայմանավորված հետեւանքները: «Այո, շոգ է, բայց աննախադեպ չէ: Նման շոգեր պարբերաբար դիտվում են եւ նույնիսկ նախորդ օրերին գրանցված 38,9 ջերմաստիճանը դեռեւս չի գերազանցել երբեւէ դիտարկված առավելագույնը: Շոգ եղանակը դեռ կպահպանվի առաջիկա 4 օրերի ընթացքում, որից հետո սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական եւ էական նվազում: Մինչեւ 37,7 ջեմաստիճան է գրանցվել հուլիսի 7-ին Երեւան քաղաքի ցածրադիր մասերում, իսկ բարձրադիրումՙ 36,5 աստիճան: Հունիսի 8-ին ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը: Իսկ հուլիսի 9-ին այն կբարձրանա մեկ աստիճանովՙ 39, 10-ին եւ 11-ին սպասվում է առավելագույն 38-40 աստիճան տաքություն Երեւանում, Արարատի եւ Արմավիրի մարզերում: Հուլիսի 12-ինՙ ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, իսկ 13-ից սկսած կնվազի մինչեւ 35 աստիճան, որից հետո կրկին կսկսի նվազել ջերմաստիճանը 6-7 աստիճանով»:

Տիկին Պետրոսյանը նշեց նաեւ, որ օդի խոնավության պաշարները հողում նվազել են: Մասնագետը կտրականապես հերքեց տարածվող այն լուրերը, որ իբր գրանցվել է 42-45 աստիճան տաքություն ու բացատրեց, թե ինչպես են չափվում օդի եւ հողի ջերմաստիճանները: Այս օրերին հողի մակերեւույթի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երեւան քաղաքում գրանցվել է 63-66 աստիճան, որն էլ պայմանավորված է ասֆալտապատ մեծ տարածքների առկայությամբ ու կանաչ տարածքների բացակայությամբ: Վերջին օրերին մեր հանրապետության տարածք են ներթափանցում հարավային տաք հոսանքներ Դուբայից, որտեղ օդի ջերմաստիճանը 56-58 աստիճան է: Սեւանա լճի ջերմաստիճանը գրանցվել է 22: Օգոստոսին, ըստ նախնական կանխատեսումների, սպասվում է 26-35 աստիճան առավելագույնը, իսկ սեպտեմբեր ամսինՙ մինչեւ 27 աստիճան տաքություն:

Տիկին Պետրոսյանը զգուշացրեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը սպասվում է 6-7 արժեքների սահմաններում եւ խորհուրդ տվեց այդ օրերին, հատկապես ժամը 11-16-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, պարտադիր կրել գլխարկ եւ օգտագործել շատ հեղուկ: Ի դեպ, աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետով «Ազգը» նկատեց, որ մինչեւ 40 եւ ավելի օդի ջերմաստիճանի դեպքում նախատեսվում է աշխատողների ընդմիջման փոփոխություն ցերեկվա ժամերին, կախված, թե ինչ տարածքներում են կատարվում աշխատանքները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4