«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՔԱՐՎԱՃԱՌԻ ՈՒ ԼԱՉԻՆԻ ՀԱՐՑԻ՞Ն

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախյան խնդրի լուծման համար ընթացող բանակցությունները թերեւս կարգին հոգնեցրել են շատերին, քանի որ դրանցում առաջ ու հետ ընթացքին կա՛մ անտեղյակ ենք մնում, կա՛մ էլ տեղեկանում ենք բավականին ուշացումով: Իսկ որ առավել վատ է, ապա ավելի հաճախ ինչ-որ նոր իրավիճակի մասին տեղեկություններ տարածում է ադրբեջանական կողմը, իսկ Հայաստանից լավագույն դեպքում արձագանքում են, եթե, իհարկե, որոշում են արձագանքել:

Ադրբեջանի չխոսկան արտգործնախարարն էլի բլբուլ է դարձել Բաքվում դիվանագետների մասնագիտական տոնի առիթով արված հայտարարություններում: Երեկ այնպիսի առատությամբ ու այնպիսի արտառոցությամբ է ներկայացրել ադրբեջանական տեսակետները, որ մնում է զարմանալ, թե այդքան կրկնությունից հետո ինչու Ադրբեջանում ղարաբաղյան հարցի առնչությամբ ամեն դեպքում դժգոհում են, իսկ հայտարարություններ անելիս ներկայացնում, թե ամեն ինչ հենց այնպես է, ինչպես երազել ու դեռ էլի երկար կերազի Ալիեւ կտրսերը:

Ամենից առաջ, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ըստ ադրբեջանական կայքէջերի, տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է Ալմաթիում հուլիսի 16-ին կամ 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որ առաջարկում են անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Բանակցություններում գլխավոր ուշադրությունը կլինի Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձի հարցին` «5+2» ձեւաչափով մյուս 5 շրջանների վերադարձի հետ», Ալմաթիում քննարկման թեման այսպիսին է ներկայացրել Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Սա արդեն, Հայաստանից գերակշռող լռության պայմաններում, կա՛մ ադրբեջանական ստախոսության գագաթնակետն է, կա՛մ հայկական կողմի անճարակությունը:

Անգամ սեփական ժողովրդի ականջների համար տոտալ վերահսկվող տեղեկություն տրամադրելիս այսպիսի ստահոդ հայտարարությունը պետք է ինչ-որ արձագանքի արժանանա գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Սակայն եթե ադրբեջանական կողմը հիմքեր ունի նման ելույթներ տարածելու, ուրեմն հայկական կողմի լռության պատճառն էլ իրերի այս տխրագույն վիճակն է:

Ասվածը Մամեդյարովի ներկայացրածի մի մասն է միայն: Ադրբեջանի ԱԳ նախարարը ասածին ավելացրել է, թե «այսօր խոսքը այդ երկու շրջանների վերադարձման ժամկետների մասին է»: Նախարարի վկայությամբ, (թերեւս սուտ վկայությամբ), «մյուս հինգ շրջանների վերադարձման հարցն արդեն լուծված է եւ այլեւս չի քննարկվում»:

Մամեդյարովի խոսքերով, բանակցությունները դեռեւս շարունակվում են «նորացված մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որոնց մի զգալի մասն, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, «վերջին վեց տարում բազմիցս քննարկվել է եւ դրանց վերադառնալու իմաստ չկա»: Ադրբեջանական կողմը պնդում է այն, ինչին չի համաձայնում հայկական կողմը, թե բանակցություններն ընթանում են հունվարին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը ներկայացված մադրիդյան փաստաթղթի «նորացված տարբերակի հիման» վրա:

ԼՂՀ կարգավիճակի որոշումն էլ, ըստ Մամեդյարովի, պիտի իրականացվի ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցությամբ: Ընդ որում, Մամեդյարովի խոսքերով, քննարկվում է հատուկ հանձնաժողովի ստեղծման հավանականություն, որում կընդգրկվեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ, որն էլ կկազմի հանրաքվեի հարցաթերթիկի հարցերը: «Բայց դա միայն տեղահանվածների վերադարձից հետո», ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի ներկայացմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշնանային այցելությունը «օկուպացված տարածքներ» հանգամանքները պարզելու նպատակ ունի: Մամեդյարովը ասել է, թե այդ առաքելությունը կազմակերպվում է Ադրբեջանի պահանջովՙ պարզելու, թե արյդոք բնակեցվո՞ւմ են այդ տարածքները:

Հիշեցնենք, որ այդպիսի այցելություն իրականացվել է 2005-ին: «Ազգը» տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 3-5-ը տարածաշրջան այցելությունից հետո պաշտոնական հայտարարության մեջ նշել էին, թե կողմերին են ներկայացրել «այս աշնանը օկուպացված տարածքներ առաքելությամբ այցելելու իրենց ծրագիրը, որ սկզբունքորեն ընդունվել է»: Այս առնչությամբ հայկական կողմից որեւէ արձագանք չեղավ, սակայն, ինչպես երեւում է, Բաքուն իրեն թույլ է տալիս հայտարարել, թե դա կիրականացվի իր պահանջով, ու կարծես թե այս բացատրությունը հիմնազուրկ չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4