Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել:
Այս մասին Tert.am-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրսբերումը:
«Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից», ասել է Շավարշ Քոչարյանը:
Ա. Հ.