Եվրոխորհրդարանը կոչ է արել Եվրոմիության այն հինգ երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը` կատարել դա: Այս կապակցությամբ հուլիսի 8-ին խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է հռչակագիր ավստրիացի պատգամավոր Ոլրիկե Լունաչեկի նախագծով` կոչով դիմել Եվրոմիության երկրներին` ճանաչելու Կոսովոյի անկախությունը: «Որպես անկախ պետությունՙ Կոսովոն արդեն ճանաչել են ԵՄ անդամ 22 պետություններ, իսկ անդամ մյուս 5 երկրները` Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Ռումինիան եւ Սլովակիան, չեն արել դա: Այնինչ` ի նպաստ Կոսովոյի բնակիչների, եվրոպական արդյունավետ քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է, որ Եվրոպան միասնական դիրքորոշում ունենա այս հարցում», ասված է հռչակագրում: Եվրոխորհրդարանը նաեւ կոչով դիմել է Սերբիային` «ցուցաբերել համապատասխան կամք եւ չխոչընդոտել Կոսովոյի անդամակցությանը միջազգային տարբեր կառույցներին»:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները միակողմանի կարգով հայտարարեցին իրենց անկախության մասին` Սերբիայից: Հիշեցնենք նաեւ, որ 1991-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեց ԼՂ անկախության հանրաքվե, որի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Կոսովոյի անկախությունը ճանաչում են այսօր 69 երկիր, որոնցից` 22-ը ԵՄ-ից: ԼՂՀ-ի անկախությունը ոչ մի երկրի կողմից ճանաչված չէ: 2008-ի փետրվարին Կոսովոյի ալբանացիներն ունեին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի որոշ երկրների օժանդակությունը, ԼՂՀ-ն, մինչեւ այսօր, բացի Հայաստանից, որեւէ այլ` երկակի ստանդարտներով տարված պետության օժանդակությունը չունի` թերեւս այստեղ Եվրոպան միասնական դիրքորոշման կամ «ի նպաստ ԼՂՀ բնակչության եվրոպական արդյունավետ քաղաքականության» «կարիքը չունի»:
Հ. Ա.