Նախկին պետական պաշտոնյա Քեմալ Քիլիջդարօղլուն ընտրվել է Թուրքիայի աշխարհիկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ մայիսի 22-ին: Անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը հունիսի 4-ին Անկարայից տրված լրատվության մեջ հարց է տալիս, թե նոր առաջնորդը պիտի կարողանա՞ փոխել կուսակցության դիմագիծը:
Նրա անակնկալ հաղթանակը նոր հույսեր է ներշնչել միլիոնավոր աշխարհիկ քաղաքացիներին, ովքեր երկար տարիներ հուսահատությամբ սպասում էին այլընտրանքային հուսալի մի նոր կուսակցության առաջացմանը, որը կկարողանար մրցակցել 2000-ից գրեթե «միանձնյա» իշխանություն ծավալած «Արդարություն եւ բարգավաճում» (ԱԲ) կուսակցության հետ:
Աթաթուրքի հիմնած (1923-ին) ԺՀԿ-ն արդեն 15 տարի իշխանությունից զրկված է մեծապես իր նախկին առաջնորդ Դենիզ Բայկալի պատճառով, որը ամեն առիթով փորձում էր խոչընդոտել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի բարեփոխումներին: Թուրքիայի «միջամտող գեներալների» աջակից Բայկալը կարծես հավերժ մնալու էր իր առաջնորդի աթոռին, եթե իր քարտուղարուհու հետ ինտիմ հարաբերությունների մասին պատմող գաղտնի նկարահանված մի ֆիլմ չհայտնվեր իսլամական կայքերից մեկում: Նա ստիպված եղավ հրաժարական տալ:
Վերոնշյալ հարցին, թե արդյոք նոր առաջնորդը կկարողանա՞ մրցել գործող կուսակցության հետ, հանդեսը դժվարանում է պատասխանել: Ինքը քուրդ լինելովՙ Քիլիջդարօղլուն քրդերի հարցի վերաբերյալ ոչ մի բան չի նշել հաղթանակի առթիվ իր արտասանած ճառում: Ոչ էլ անդրադարձել է երկրի ալեւիներին, որոնք շիա իսլամիզմի ազատական թեւն են կազմում, հակառակ որ ինքն էլ է ալեւի: Իսկ արտաքին հարաբերությունների շուրջ խոսելիս, պարզապես շեշտել է, որ Թուրքիան ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի Հնդկաստանին եւ Չինաստանին:
Բայց եկամուտների հավասարության եւ աշխատատեղերի ավելացման նրա խոստումները հավանության են արժանացել էլեկտորատի կողմից: Նա նաեւ խոստացել է խորհրդարանական աթոռների զբաղեցման 10 տոկոսի շեմը նվազեցնել: (Այդ թիվը սահմանված էր քրդերին դուրս թողնելու նպատակով):
Նրա ամենաուժեղ «հաղթաքարտը», սակայն, «անաղարտ» լինելն է: 2009-ին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի ընտրարշավի ժամանակ նա ԱԲ կուսակցության սկանդալային կոռուպցիաների վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ կատարեց եւ դրանով իսկ գրավեց հանրության ուշադրությունը: Մյուս առավելությունն այն է, որ նա չունի Էրդողանի մեծամիտ հպարտությունը: Էրդողանը ԺՀ կուսակցությունը անվանել էր «թիթեղյա տուփ», որի արտաքին փայլը վաղուց չքացել է, իսկ մամուլում կուսակցությանը աջակցողներինՙ «ջանդաներ», այսինքնՙ «ջանին» (ալեւիների բառըՙ «ժողովուրդ» իմաստով) նեցուկ կանգնողներ: Ըստ հասարակական կարծիքի վերջին տվյալների, ԺԴԿ-ն, իր նոր ղեկավարի առաջնորդությամբ կարող է նվաճել քվեների 32 տոկոսը մյուս տարի: Այդ թիվը բավական է, որ ԱԲ կուսակցությունը չկարողանա շարունակել իր «միանձնյա» իշխանությունը երրորդ անգամ:
Հ. Ծ.