«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ԻՍՐԱՅԵԼՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԳԵՐԶԳԱՅՈՒՆ Է ԵՂԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Կատարել Թուրքիայի պահանջներըՙ կնշանակի նախադրյալներ ստեղծել նոր պահանջների համար

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մայիսի 31-ին «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակման հետեւանքով սպանվել էին 9 թուրք «ուղեւորներ», միաժամանակ Իսրայելը առգրավել էր նավատորմիղի 6 նավերը, որոնցից 4-ը թուրքական է: Հարձակումը բուռն հակազդեցություն էր առաջ բերել Թուրքիայում: Հունիսի 16-ին Թուրքիան պահանջել էր, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի Անկարայից հարձակվելու համար, համակերպվի միջադեպի առնչությամբ միջազգային հետաքննություն անցկացնելու մտքին, փոխհատուցում վճարի բոլոր տուժածներին եւ սպանվածների ընտանիքներին, ինչպես նաեւ անհապաղ վերադարձնի առգրավված նավերը:

  «Ազգը» նախորդ համարներում, անդրադառնալով թուրք-իսրայելական լարվածությանը, գրել էր, որ Անկարայի խնդիրը հումանիտար աղետի շեմին կանգնած Գազայի բնակչությանն օգնություն հասցնելը չէ, այլ Իսրայելի հետ լարվածությունը որպես արդյունավետ միջոց իսլամական աշխարհում եւ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդման նպատակին ծառայեցնելը:

Թուրքական այս առաջադրանքին, ըստ ամենայնի, քաջատեղյակ է իսրայելական կողմը, որ Անկարայի հակազդեցությանը, որը հաճախ սպառնալիքի երանգ է ստանում, արձագանքում է ավելի կոշտ եւ սառնասիրտ հակազդեցությամբ, որպեսզի Թուրքիան տարածաշրջանում դիրքեր ամրապնդելու փոխարեն հեղինակազրկվի եւ տարածաշրջանի երկրները համոզվեն, որ թուրքական սպառնալիքները բլեֆ են, իսկ հակաիսրայելական ելույթներըՙ միանգամայն սնանկ:

Ի պատասխան թուրքական պահանջներին, հունիսի 21-ին Իսրայելը «հերոսի» շքանշանով պարգեւատրեց հատուկ ջոկատի այն զինվորներին, որոնք «Մարմարա» նավի վրա սպանել էին թուրք «ուղեւորներին»: Հուլիսի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռուստազրույցի ընթացքում կրկնեց, որ Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից, ոչ էլ փոխհատուցում կվճարի հարձակումից տուժածներին:

Հաջորդ օրը նրանց հավելեց պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը. «Մենք էլ սպասում ենք, որ Թուրքիան ներողություն խնդրի Իսրայելից»: Դրան հուլիսի 7-ին հետեւեց Իսրայելի պաշտպանության նախարարի խոսնակ Շիոմո Դրորի հայտարարությունը, թե չեն վերադարձնի Գազա օգնություն տանող նավերը, քանի դեռ չի ավարտվել միջադեպի հետաքննությունը, որովհետեւ քննիչ հանձնաժողովի անդամները կարող են նավերը ստուգելու ցանկություն հայտնել:

Այլ կերպ, հակառակ Թուրքիային ընդառաջելու Իսրայելի պատրաստակամության վերաբերյալ շրջանառվող ենթադրություններին, իսրայելական կողմը թուրքական ոչ մի պահանջ չի կատարել: Դա պատահական չէ: Իսրայելի որդեգրած քաղաքականությունը, անկախ բնույթից, չափազանց կայուն է, իսկ դիրքորոշումըՙ միանգամայն հաստատուն: Որպես կանոն, նա պահի թելադրանքով քայլեր չի կատարում: Ըստ երեւույթին, պատեհապաշտ լինելու կարիք էլ չունի: Այսինքնՙ որքան սնանկ են Իսրայելին սպառնալու կամ շանտաժի ենթարկելու թուրքական միտումները, նույնքան էլ պետք է սնանկ լինեն թուրք-իսրայելական լարվածության հիման վրա Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հաշվարկներ անելն ու այդ լարվածությունը պայմանավորելը եբրայական պետության հնարավոր հայանպաստ դիրքորոշմամբ:

Տարածաշրջանում միջազգային իրավիճակի առանձնահատկությունը զիջումների նկատմամբ գերզգայուն է դարձրել Իսրայելին: Կատարել Թուրքիայի պահանջները, Իսրայելի տեսանկյունից կնշանակի հետագա զիջումների համար ինքնակամ նախադրյալներ ստեղծել: Անկարան, ինչ խոսք, քաջատեղյակ է այս ամենի մասին: Սակայն հակաիսրայելական ելույթներով Գազայի հատվածում, Պաղեստինի ինքնավարությունում, արաբական, ապա եւ իսլամական աշխարհում դիրքեր ամրապնդելու, ինչպես նաեւ առաջնորդողի դերը ստանձնելու հեռանկարն այնքան գայթակղիչ էր Անկարայի համար, որ նա չկարողացավ առողջ դատողությամբ գնահատել Իսրայելի մարտահրավերը, ոգեւորվեց եւ խճճվեց:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ հատկապես Իսրայելի նկատմամբ առավել սուր արտահայտվելու մենաշնորհը վարչապետ Էրդողանից ստանձնած արտգործնախարար Դավութօղլուի համապատասխանաբար հուլիսի 6-ի, 7-ի եւ հուլիսի 6-ի ու 9-ի հայտարարություններին: Հուլիսի 6-ին «Ռոյթերի» հարցերին պատասխանելիս, Գյուլը նախ հիշեցրել էր, որ տարածաշրջանում Իսրայելը շատ բարեկամներ չունի, մահմեդական երկրների մեջ նրա միակ դաշնակիցը թեեւ Թուրքիան է, սակայն նա հիմա էլ Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու հակումներ է ցուցաբերում: Հաջորդ օրը Թուրքիայի նախագահը հերքել էր հանդիպման խնդրանքով Իսրայելի նախագահ Պերեսին դիմելու մասին լուրերի իսկությունը, թե ինքը չի դիմել:

Ինչ վերաբերում է արտգործնախարար Դավութօղուլին, ապա նա էլ, հուլիսի 6-ին թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ իրենք, ի տարբերություն ուրիշ երկրների, հրեաներին հանցագործի հոգեբանությամբ մոտենալու խնդիր չունեն, ավելացնելով. «Մենք Իսրայելի հանդեպ հանցագործի զգացումներ չունենք: Ուրիշները կարող են ունենալ եւ լուռ մնալ: Հետեւաբար կարող ենք հաշիվ պահանջել նավատորմիղի վրա կատարված հարձակման համար»: Նա միաժամանակ ընդգծել է, որ արտգործնախարար Լիբերմանի խոսքերն անհարիր են դիվանագիտական քաղաքավարության կանոններին: Հուլիսի 9-ին Լոնդոնում «Ֆայնենշլ թայմսին» Դավութօղլուն ասել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները հայտնվել են ճգնաժամային իրավիճակում եւ դրանց ապագան կախված է Իսրայելի դիրքորոշումից:

Գյուլի եւ Դավութօղլուի հայտարարությունները մեկնաբանության կարիք չեն զգում: Բայց որ դրանք Թուրքիայի խճճվածության հետ արտահայտում են նաեւ հոգեբանական ճնշվածությունը, ակնհայտ է: Խճճվածության եւ ճնշվածության համարկումը անխուսափելի է դարձնում, որ Թուրքիան սպառնացողի կարգավիճակից հրաժարվի եւ հետզհետե համակերպվի զիջողի կարգավիճակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4