«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


1056 ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՒՇ-2 ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Հանձնմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը

Քսաներկու տարիների երկար սպասումից հետո երեկ Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարանամուտ տոնեցին երկրաշարժից անօթեւան մնացած 1056 ընտանիքներ: Այդքանով պակասեց քաղաքում նույն կարգավիճակն ունեցող ընտանիքների թիվը, որը մինչեւ այժմ անցնում էր 4200-ից:

Աղետի գոտում բնակարանային խնդրի լուծումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն է, Գյումրիում հանձնված 22 բնակելիները` ներկա կառավարության համապատասխան շինարարական ծրագրի առաջին փուլը:

Բնակարանների հանձնման առիթով եւ նորաբնակներին շնորհավորելու նպատակով նախագահ Սարգսյանը ժամանել էր Գյումրի: Դեռ անցյալ տարեվերջին լինելով Մուշ-2 թաղամասում եւ ծանոթանալով կառուցված շենքերի վիճակին, նախագահն իր դժգոհություններն էր հայտնել շինաշխատանքների որակի վերաբերյալ եւ դրանք շտկելու, առկա թերությունները վերացնելու հանձնարարականներ էր տվել: Այժմ այդ հանձնարարականները կատարված են, բնակարաններն ապահովված են անհրաժեշտ կոմունալ պայմաններով, բակերում կառուցվել են խաղահրապարակներ, իրականացվել տարածքի կանաչապատման, գիշերային լուսավորության ապահովման աշխատանքներ: Նախագահը հյուրընկալվել է նոր բնակարան ստացած առանձին ընտանիքներում եւ նրանց շնորհավորել բնակարանամուտի առիթով: Նա նաեւ շրջայց է կատարել թաղամասի շինհրապարակում, ծանոթացել այժմ կատարվող աշխատանքներին:

Ինչպես նորաբնակներին շնորհավորելով նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը , համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բազմաթիվ հզոր երկրներ ստիպված էին կրճատել իրենց սոցիալական ոլորտի ծախսերը, մեր պետությունը կարողացավ այս գործի համար միջոցներ գտնել, եւ դրա շնորհիվ աղետի գոտում շինարարությունը ոչ մի րոպե չի դադարել: Շինարարության երկրորդ փուլում, որն այժմ ընթանում է, Մուշ-2 թաղամասում կառուցվելու է 32 բնակելի շենք: Այստեղ եւ Անի թաղամասի վերջնամասում մինչեւ 2012 թվականի հունվարը նախատեսվում է հանձնել եւս շուրջ 2000 բնակարան:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4