Ինչը դեռեւս համարժեք չի ընկալվում
Յուրաքանչյուր ոլորտում առկա թերությունները, իրավախախտումներն ու հիմնախնդիրները բացահայտելու եւ դրանք բացառելուն ուղղված քայլերը կարող են արդյունավետ լինել, եթե հանրությունը հիրավի եւս դրա աջակիցն է եւ չի սահմանափակվում սոսկ ամեն ինչ հերքելու ու փնովելու հրապուրանքով: Խնդիրն առավել է բարդանում, երբ լրագրողները եւս տարվում են խնդրի խութերը չնկատելով եւ խորհուրդներ շռայլելով: Ընդ որում, մտահոգողն այն է, որ կարող են բացառել իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները, իսկ երբեմն էլ, որպես առաջարկություն` ներկայացնեն նույն այդ միջոցառումները:
Հարգանք տածելով «Ազգ» օրաթերթի վարկի նկատմամբ ու չկասկածելով վերջինիս խմբագրության անաչառությանը, զերծ ենք մնում մինչ այդ հրապարակված նյութերին գնահատականներ տալուց, միաժամանակ հաշվի առնելով նույն օրաթերթի մեծ հետաքրքրասիրությունը նոտարիատի համակարգի բարեփոխումների նկատմամբ, ստորեւ փորձենք ներկայացնել որոշ առանցքային հարցադրումներ:
Նախ, նոտարիատի համակարգի բարեփոխումների առնչությամբ նախաձեռնության փաստն անգամ պետք է հուշի, որ դրա համար պատասխանատուները բնավ չեն բացառում այդ համակարգում առկա բացասական երեւույթները, այլապես, հարց է ծագում. ի՞նչ տրամաբանությամբ եք բարեփոխումներ նախաձեռնում, եթե այն ամբողջովին կատարյալ է: Ընդ որում, բարեփոխումները միտված են ոչ միայն օրենսդրական, այլեւ կազմակերպական, վարչարարության առաջատար եղանակներով համակարգը բարելավելու խնդրի լուծմանը:
Հաջորդ ելակետային հարցադրումը վերաբերում է մամուլում ու առանձին հասարակական միավորումների առաջարկությունների նկատմամբ համարժեք վերաբերմունքին: Պաշտոնապես հայտարարում ենք. առ այսօր չի ստացվել որեւէ առաջարկություն, որն արդեն իսկ ներառված չլիներ Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացված ու հաստատված ծրագրերում: Ցավոք, ընթերցողի մեջ այն տպավորությունն է, որ արժեքավոր առաջարկություններ են ներկայացվում, իսկ արդարադատության նախարարությունը դրանք համարժեք չի ընդունում:
Առավել մտահոգողն այն է, առաջարկությունների մի մեծ մասը դարձյալ նախարարության նախաձեռնությամբ արդեն իսկ գործողության մեջ է դրված. ընդունվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում` նախարարի հրամանների տեսքով եւ այլն: Մոտ ժամանակներում մենք կկարողանանք մեղմել, իսկ այնուհետեւ ձերբազատվել համակարգային հիմնախնդիրներից:
Ինչ վերաբերում է նոտարիատի համակարգի առնչությամբ կատարված մոնիտորինգի արդյունքներին, ապա ավելի քան անընդունելի է այն հոգեբանական բարդույթը, երբ դրա հեղինակները փորձում են իրենց բոլոր եզրահանգումները ներկայացնել որպես «վերջին ճշմարտություն» եւ պարզապես չեն հանդուրժում, երբ սոսկ ակնարկում ես, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորված որոշ եզրահանգումներ` մասնագիտական կտրվածքով բավարար խորությամբ չեն առանձնանում եւ չեն կարող դրվել բարեփոխումների հիմքում:
Կարծում ենք, որ որեւէ մեկը չի կասկածում, որ մենք չենք կարող բարեփոխումներ իրականացնելիս ղեկավարվել դիլետանտային չափանիշներով. դրա արդյունքները արդեն հանրաճանաչ են: Իսկ վերջում հակիրճ ներկայացնենք նոտարիատի համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացված եւ իրականացվելիք քայլերը:
ՀՀ կառավարության սահմանած նոտարիատի բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման միջոցառումների ժամանակացանկի համաձայն, դեռեւս 2009 թվականին`
Երեւանում ապակենտրոնացվել է ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրման գործառույթը: Այժմ ժառանգության իրավունքի վկայագրերը Երեւան քաղաքում կարող են տրվել քաղաքացու ցանկությամբ ընտրված նոտարի կողմից,
Երեւանի նոտարական գրասենյակների միջեւ ավարտվել են ժառանգական գործերի էլեկտրոնային տեղեկատվական ցանցի ստեղծման աշխատանքները,
բոլոր նոտարական գրասենյակներում այցելուների համար տեղադրվել է տեղեկատվություն` նոտարական այլ գրասենյակների, պետական տուրքի դրույքաչափերի եւ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասին,
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանյան գրասենյակի հետ համատեղ, 2009 թվականի օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն իրականացվել է «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիտորինգ» ծրագիրը եւ կազմակերպվել դրա արդյունքների քննարկումը,
նոտարական գրասենյակներում, որպես առաջադեմ մեթոդ, կիրառվում է քաղաքացիների նախօրոք հերթագրման միջոցով ծառայությունների մատուցում, որի համաձայն, յուրաքանչյուր անձ վստահ է լինում, որ նշանակված ժամին, առանց որեւէ խնդրի, իրեն կմատուցվի համապատասխան ծառայություն,
ժամանակացանկով նախատեսված միջոցառումների կապակցությամբ, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշման մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:
Ժամանակացանկով նախատեսված են նաեւ այլ միջոցառումներ.
նոտարի ստաժորների նշանակման կարգի սահմանում, նրանց իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության վերաբերյալ նորմերի հստակեցում,
նոտարի էթիկայի կանոնների պահանջների եւ դրանց խախտման համար պատասխանատվության օրենքով սահմանում,
նոտարի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման ընթացակարգերի սահմանում,
թարգմանիչների կողմից կատարվող թարգմանությունների սակագների սահմանում,
նոտարի մատուցած ծառայությունների սակագների փոփոխություն` այն հաշվարկով, որպեսզի նվազի նվազագույնից մինչեւ առավելագույն գումարի տարբերությունը:
Հիշյալ խնդիրները կարող են լուծվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո, որի նախագիծը պատրաստ է եւ դրված է շրջանառության մեջ, այդ թվում` միջազգային փորձագետների քննարկմանը: Այն քննարկվել է նոտարական պալատի հետ համատեղ, եւ դրանում ընդգրկվել են նոտարների, ինչպես նաեւ քաղաքացիների, տարբեր հասարակական կազմակերպությունների գործնական առաջարկությունները:
Սիրելի ընթերցողներ, երախտապարտ կլինենք, եթե անաչառորեն արձագանքեք այս միջոցառումների հիմնավորվածությանը եւ հանդես գաք գործնական առաջարկություններով: Պատրաստակամ ենք քննարկելու դրանք նաեւ Ձեր մասնակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի պետ` ՄԱՐԻԱՄ ԳԱԲՈՅԱՆ
Խմբ. կողմից - Հրապարակելով արդարադատության նախարարության պարզաբանումները, այդուհանդերձ, դրանց վերաբերյալ ունենք որոշ վերապահումներ, որոնք կներկայացնենք առաջիկայում: