«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Հատուկ մրցանակ` «Ազգ»-ին

Հանրապետության եւ առհասարակ համայն հայության գիտական, ստեղծագործական մտավորականությանն օժանդակելու գործը վաղուց արդեն դարձել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Ստեղծման առաջին տարիներին հիմնականում բարեգործությամբ զբաղվող համայնքային կառույցն այսօր իր «հովանավորչական ձեռքով» նպաստում է հայրենիքի գիտական, մշակութային, ստեղծագործական կյանքին, հատկապես երիտասարդ մտավորականների, ստեղծագործողների ակտիվությանը: ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի նախաձեռնած մրցանակաբաշխությունները` տարբեր ոլորտներում, հենց այս ամենի վկայությունն են: Ընդ որում համահայկական կազմակերպությունը մեծապես համագործակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, նկարիչների, գրողների, ժուռնալիստների, կոմպոզիտորների միությունների հետ, եւ բոլոր այս ոլորտներում ամեն տարի կազմակերպելով մրցանակաբաշխություն` պարգեւատրում լավագույններին:

Երեկ Ժուռնալիստների միությունում ամփոփվեցին 2009-ի մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարվա մրցույթի թեման մնացել էր անփոփոխ` «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է»: Ընդգծենք նաեւ, որ այս տարվա բոլոր ոլորտների մրցանակաբաշխությունները նվիրված են Ռուսաստանի հայերի միության տասնամյակին, որը նշվում է ողջ ընթացիկ տարում: Այս կապակցությամբ «Ազգ» օրաթերթը իր «Ռուսաստանի հայերի միության տասնամյակ» խորագրի ներքո հրապարակումների շարքի համար արժանացավ հատուկ մրցանակի: «Ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել այն ազգանվեր գործին, որը հետեւողականորեն անում է «Ազգ» թերթը իր հրապարակումների շարքով: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով` «Ազգը» , ինչպես նաեւ «Ձայն համշենականի» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը պարգեւատրվում են բարձրագույն մրցանակներով», ասաց մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, Ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը :

«Պարբերական մամուլ» անվանացանկում մյուս մրցանակներին արժանացան «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը ` «թերթում տպագրված թեմատիկ նյութերի համար», «Սյունյաց երկիր» թերթը` «ազգային ինքնությանը նվիրված հրապարակումների համար»: «Հեռուստահաղորդումներ» անվանացանկում առաջին մրցանակին արժանացավ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարը, երկրորդ մրցանակին` Լոռու մարզի «ՄԻԳ» հեռուստաընկերությունը` «ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի հայ համայնքին նվիրված հաղորդաշարի համար»: Հանրային ռադիոյի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հեղինակ Իրինա Բարսեղյանը հաղթող է ճանաչվել «Ռադիոհաղորդումներ» անվանացանկում: «Սփյուռքահայ լրատվամիջոցներ» անվանացանկում մրցանակների արժանացան Ժիրայր Դանիելյանը ` «Լիբանանի «Կամար» ամսագրում Հայրենիք-Սփյուռք գրական-մշակութային կապերի սերտացմանը նվիրված նյութերի համար», ինչպես նաեւ Եվգինե Ղարիբյանը ` «Բոստոնի անկախ հայկական ձայնասփյուռով «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» թեմայով ռադիոհաղորդումների համար»: Ցանցային լրատվամիջոցների անվանակարգում, ժյուրիի որոշմամբ, այս տարի մրցանակ չշնորհվեց. «Ճիշտ է, կային երեք թեկնածուներ, սակայն մենք գտանք, որ նրանք դեռեւս չեն համապատասխանում մեր թեմային», նշեց Ջանիկյանը:

«Ընդհանուր առմամբ այս տարի մրցույթին մասնակցելու համար լրագրողների մեծ քանակությամբ հայտեր կային, եթե անցյալ տարի մենք ունեինք 32 ներկայացված աշխատանք, ապա այս տարի շուրջ 45-ն էին», ասաց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Իսկ ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը , շնորհավորելով բոլոր հաղթողներին, առաջարկեց հաջորդ տարիներին երիտասարդական թեմաներն ավելի շատ ներառել մրցույթի ծրագրում. «Երիտասարդները մեր պետության ապագան են, մեր վաղվա օրը, եւ շատ կարեւոր է նրանց ոգեւորելն ու հետագա գործունեությանը նպաստելը, մանավանդ հաշվի առնելով, որ այս տարի մենք հռչակել ենք «Երիտասարդության տարի»:

Վերջում հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարվա նույն անվանակարգի մրցանակաբաշխության հաղթողներից մեկը նույնպես մեր թերթի ներկայացուցիչն էր` Աղավնի Հարությունյանը , իր` Թբիլիսիի հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու պահպանմանը միտված հոդվածաշարի համար:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4