Օտարալեզու դպրոցների բացման խնդրի կապակցությամբ
Նախապես ասեմ, որ նման հիվանդություն աշխարհում չի եղել ու չկա, իրականում հեղինակի հորինած (հաջողված, թեՙ ոչ, էական չէ) մի ինչ-որ ըմբռնում, համադրելու համար երկու միանգամայն տարբեր, իրար հետ մոտավոր, մազաչափ իսկ կապ չունեցող երեւույթներ, որոնք կան մեր շրջապատում, առանձնապեսՙ Հայաստանում:
Ինչեւէ, սկսենք: Ձեզ վիճակվե՞լ է, արդյոք, հետեւել երկնակամարում սավառնող ծիծեռնակների խմբական կամ առանձին թռիչքին, այն էլ ոչ միայն հետեւել, այլեւ հետամուտ լինել առանձին վերցրած որեւէ մի ծիծեռնակի ճախրանքին, նրա աներեւակայելի զիգզագներին, դանդաղող-արագացող վերիվարումներին, անսպասելի, անհավանական շրջադարձերին, միով բանիվՙ մեկ թռչնի թռիչքի հետագծինՙ չկորցնելով նրան տեսադաշտից: Դժվար է անչափ, եթե չասենքՙ անհնար:
Նույնչափ դժվար ու անհնարին է մեր որոշ պաշտոնյաների, պատգամավորների, իշխանավորների մտքի (՞) թռիչքին (՞՞) հետեւելը, հասկանալը, ի վերջո, հավանություն տալ-չտալը հերթական անբացատրելի զիգզագին, վայրիվերումին, մեկի կամ մի քանիսի վարվելակերպի հետագծին: Հաճախ ստիպված ես «հիմնավորել» դրանք մի դաջվածքով, թե մարդ են, աշխատում, վարձ են ստանում, մի կերպ պիտի՞ արդարացնեն իրենց գոյությունը: Մարդասիրական (՞) այս մոտեցումն արդարացում չէ ամենեւին, այլ քո իսկ ձեռքով քեզ կրակը գցած մեկի փոխարեն չքմեղանալը, ամեն ինչ ինքնահոսի թողնելը, մտածել ու ենթադրելը, թե այս ամենը ժամանակավոր է, ամեն ինչ կկարգավորվի, ինչ արդեն առնչվում է առասպելասիրության մարզին:
Այդպես էլ եղավ վերջերս. դեռեւս չելած հայ-թրքական արձանագրությունների տենդից, դրա իրական վտանգն ու իմաստը չարժեւորած, մաքուր երկնքում պայթած ամպրոպի պես, դարան մտած ավազակի պես հանկարծակի, հայտարարվեց, թե մեր ուսումնական համակարգը (այն էՙ սովետական ուսումնական կատարյալ համակարգից փրկված թերմացքները) վերափոխման կարիք ունի, այն է օտարալեզու դպրոցների ներդրումը բարերար ազդեցություն կգործի: Ասվեց նաեւ, որ հիմնավորումն է նպատակամետՙ օտար լեզուների իմացությունն անհրաժեշտ է ներկա ժամանակներում, ժամանակի հրամայականն է դա, օտար ներդնողների եւ հովանավորների հոսքն է ավելացել, իսկ նրանց հետ լիարժեք հաղորդակցվելու կարեւոր նախապայման է օտար լեզուն: Չասվեց միայն, որ զանազան խրթնաբանությունների, խուսանավումների, ուրիշ փաստաթղթերի հետ փոխկապակցումների աստառը... թրքական դպրոցների բացումն է: Անհասկանալի մնաց նաեւ, որ չանդրադարձան ռուսական, անգլիական, ֆրանսիական, գերմանական դպրոցներին: Դուրս մնացին նաեւ իտալականը եւ իսպանականը: Կամՙ ծիծեռնակախտակիրները ինքնընստինքյան հասկանալի համարեցին դա, կամՙ «եւ այլն»-ի ծխածածկույթի տակ թողեցին նույն թրքականը (իսկ եթե աշխարհի գերակշիռ մասը անգլիախոս է, ոչ պակաս մասըՙ իսպանախոս): Մեծաթիվ մասնագետ-դասավանդողների պակասությունն էլՙ նախաձեռնողների խղճին մնա:
Նախաձեռնության եռքի մշտական «գործիչներին» անշահախնդիր օգնություն եմ առաջարկում (չեմ ափսոսումՙ շատ ունեմ). շատ ավելի անհետաձգելի եւ ընդունելի կլիներ մեր լեզվից (տեղանուններ, ազգանուններ) բոլոր թրքալեզու արմատներ ունեցող ըմբռնումների շուտափույթ վռնդումը, որոնք տզի պես կառչել են մեր մարմիններից, լեզվից ու պոկ չեն գալիս: Վերջապես, գլխի ընկան եւ արժանի տեղ տվեցին արքայական «Արցախ» արմատին, հրաժարվելով գաղութային «Ղարաբաղ»-ից: Առանձին խելոքներ դեմ էին այս փոփոխմանը, գտնելով, որ արտասահմանյան ԶԼՄ-ները եւ գործիչները չեն հասկանա, թե ինչի մասին է խոսքը (իբր, նրանք ընդունել եւ սովոր են «Նագոռնո Կարաբախ» տեղանունին): Դառնաս, օղորմին չտաս վերոնշյալներին, չարժե շրթունք պղծել անեծքով: Շատ ավելի դյուրին է քո երկրում, քո մարմինների միջոցով սկսել ու ավարտել կարեւոր այդ գործը: Մի շաբաթում (կամՙ քիչ ավելի) կարելի է իսպառ ազատվել այդ յուզբաշյաններից, ջհանգիրյաններից, ղասաբօղլյաններից, միրզաբեկյաններից ու նման այլ ղզլբաշյաններից, լեզուն մաքրել հայաթ ու քուչայից, ղազան-ղաբլամայից, բաղ ու բախչայից, հարյուրավոր ուրիշ բառերից մեր աննման լեզվից (բարբառներում արմատացածներըՙ բացառյալ): Արդարությունը ստիպում է ասել, որ, ասենք, «յեթիմ» բառը շատ ավելի արտահայտիչ է եւ տարողունակ մեր «որբ»-«ծնողազուրկ»-ից, բայցեւ մի հատիկ բառը չի կարող արդարացնել հարյուրավոր այլ փոխառությունների գոյությունը:
Անդրադառնանք դպրոցներին: Ավելորդ չեմ համարում շեշտելը, որ դպրոցը սոսկ ուսումնական հաստատություն չէ, դրանց փոխարինելու կգան համալսարան-ինստիտուտները, գիտական-հետազոտական հաստատությունները, եւ աննկատ ու գողեգող, անկրակոց ու անարյուն արդյունքը կլինի համընդհանուր գաղութացումը: Ամենեւին չեմ չափազանցնումՙ իրական պատկերն է դա, խնդրի էությունը:
Դե, ձեզ տեսնեմ, պարոնայք «ծիծեռնակախտակիրներ»:
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ.-Պարտքս եմ համարում նաեւ, սրտանց ներողություն խնդրել մեր սքանչելի, սրապոչ բարեկամ-ծիծեռնակներից, ում անունը հարկադրված եղա համադրել անարժան մարդկանց եւ երեւույթների, հազար ներողություն:
Ա. Հ.