Հուլիսի երեքին «Առավոտ» օրաթերթը արտատպել էր «Հետք»-ի «Արտակարգ իրավիճակ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում» չափազանցված, ուռճացված եւ միակողմանի ներկայացված հոդվածը, որը անչափ վրդովեցրեց մեզ` Մարդասիրականի ծնողներիս:
«Ըստ այդ տեղեկության, ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային վիճակ, հանձնարարված բանաստեղծությունները երկու աշակերտիՙ արտասանել չկարողանալու պատճառով, որի համար ճեմարանի կառավարիչը նրանց 1 ամսով զրկել էր որոշ իրավունքներից: Իր հետ հանդիպելուՙ ավագ աշակերտների խնդրանքը չընդառաջելով, նա մեղադրել է Անդրանիկ Գեւորգյանինՙ իր դեմ իբր դավադրություն կազմակերպելու մեջ եւ 20 րոպե է տվել նրանՙ ճամպրուկը հավաքելու եւ Հայաստան տեղափոխվելու:» - ԽՄԲ.
Մենք մշտական կապի մեջ լինելով մեր զավակների եւ ճեմարանի կառավարչի հետ` քաջատեղյակ ենք եղելությանը: Քսանամյա մի տղա, որը վերջին շրջանում եղել է կարգազանց ընթացքի մեջ, դարձել անկառավարելի, արհամարհել տնօրենության որոշումներն ու կարգուկանոնը, կրտսեր աշակերտների ներկայությամբ հոխորտացել է տնօրենին, թե իրեն ոչ ոք չի կարող հեռացնել, ինչ էլ որ անի: Իրեն լկտի եւ սանձարձակ պահող երիտասարդի վարքը բացասական ազդեցություն է ունեցել ոչ միայն իրենից կրտսեր երեխաների վրա, այլ նաեւ խախտել է Մարդասիրականի անդորրը: Ի՜նչ պիտի աներ ճեմարանի տնօրենությունը, պիտի համբերե՜ր այնքան, մինչեւ նրա զանցանքները վերածվեին հանցանքի՜: Արդարացիորեն ճեմարանի տնօրենությունը իրեն «լավ տղու» տեղ դրածին որոշել է հեռացնել`դրանով իսկ ապահովելով մնացյալ երեխաների, մեր երեխաների հետագա խաղաղ ու անվրդով կյանքը, որի համար պիտի ասենք` շնորհակալ ենք: Մեր երեխաները այդպիսով զերծ կմնային արդեն անհանդուրժելի դարձած, անպատժելիության մեծամիտ վարկանիշով տղայի ազդեցությունից: Երբ վերակացուն երիտասարդին հայտնել է, որ հավաքի իրերըՙ տուն վերադառնալու համար, երիտասարդը վիրավորել եւ սպառնացել է վերակացուին: Հեռացվող ճեմարանականին են միացել այնտեղ ներկա գտնվող մի խումբ տղաներ, որոնցից հատկապես երկուսը կատաղի ընդվզումով ասել են, որ ամեն գնով կխափանեն ու կպաշտպանեն իրենց ընկերոջը, նրա մեկնումը անասելի հետեւանքներ կունենա, կգնան ամենածայրահեղ քայլերի...Այս ամենը ստիպել են, որպեսզի վերակացուն ավելի ուշ նույն բանը փորձի անել իրավապահների ներկայությամբ: Իրավապահները հանրակացարանում մնացել են մոտ երեք րոպե, նրանք որեւէ հարաբերություն չեն ունեցել աշակերտների հետ: Նրանց այնտեղ գտնվելու նպատակը` ոչ ցանկալի ելքի դեպքում դպրոցի անդորրը ապահովելն էր, որի կարիքը, բարեբախտաբար, չեղավ: Ի՜նչ է պատահել: Ամբողջ մարմինը փրկելու համար հաճախ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն. հեռացնել հիվանդ օրգանը: Ընդամենը: Եղածի համար մեղադրել Մայր աթոռ Ս. Էջմիածնին կամ ճեմարանի տնօրենությանը, նույն է թե` հավկիթի մեջ մազ փնտրել: Վերջին մեկ տարում մեր երեխաների համար կատարված բարեփոխումների համար (կրկնապատկվել է կրթաթոշակը, ավելացել է տրամադրվող հագուստի քանակը, դյուրացել մեզ` ծնողներիս հետ հեռախոսակապը, արձակուրդի մեկնողներին տրվում է ճանապարհածախս...) մենք խոնարհաբար մի բան ենք ասում միայն. շնորհակալություն Ամենայն հայոց կաթողիկոսին` ամենօրյա հոգատարության, ուշադրության եւ այս ամենի համար: Մենք` ներքոստորագրյալներս, դիմում ենք լրագրողներին. մի խանգարեք մեր զավակների անդորրը, տուրք մի տվեք մի բաժակ ջրում փոթորիկ անողներին եւ գառան մորթիով գայլերին` մեր զավակների չակերտավոր պաշտպան հանդիսացողներին, ովքեր իրենց նպատակին հասնելու համար միջոցների առջեւ խտրականություն չեն դնում: Ի պատիվ Մայր աթոռի` Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտները, մեր երեխաները, ի դեմս Հայր Խորեն Հովհաննիսյանի, ունեն իրենց պաշտպանն ու խնամակալը:
16 ծնողի ստորագրություն