«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


ՓԱՓԱԶՅԱՆՑԻՆԵՐԸ ՈՍԿԵ ԱՎԱՐՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԼԻԲԱՆԱՆ

  «Ազգը» իր ընթերցողներին հաջորդաբար ներկայացրեց ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցության «Վահրամ Փափազյան» թատերախմբի հյուրախաղերի ընթացքը: Հուլիսի 8-ին փափազյանցիները հյուրընկալվեցին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում: Մարզի բնակչությունը ջերմորեն ընդունեց հյուրերին: Թատրոնի տնօրենուհի Գեղանուշ Սայադյանը ջանք չէր խնայել գոհացնելու դերասաններին վերանորոգման խիստ կարիք ունեցող թատրոնում: Փափազյանցիները հարմարվեցին պայմաններին ու մարզի թատերասերներին պարգեւեցին անմոռանալի ժամեր: Հ. Պարոնյանի «Շողոքորթը» կատակերգությունը (բեմադրիչ պրոֆեսոր Երվանդ Ղազանչյան) դիտելու էր եկել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Ի դեպ, Արտաշատում հյուրախաղերով հանդես գալու հրավերը եղել է դեռ ամիսներ առաջ հենց պրն Աբրահամյանի կողմից, երբ նա Լիբանանում էր պաշտոնական այցով: Ներկա էին Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, մարզի քաղաքների ղեկավարներ, պաշտոնատար անձինք, հյուրեր:

Ներկայացումից առաջ Երվանդ Ղազանչյանը ողջունեց ու օրը պատմական համարեց, քանզի սկիզբ է առել բարեկամության մի նոր կամուրջ, եւ այդ կամրջի առաջին քարը դրվեց Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի ելույթով:

Շնորհակալական ու գնահատանքի խոսքեր ասացին թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը , մարզպետ Վարդգես Հովակիմյանը , որոնք թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանին հանձնեցին շնորհակալագիր, Արարատի մարզի ոսկե մեդալը եւ Արարատ լեռան բնապատկերով խոշոր կտավ: Տրդատ Ավետիքյանը ՀԲԸՄ, ՀԵԸ եւ թատերախմբի անունից շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ հուշանվերներ ընծայեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ Արտաշատի թատրոնին: Պրն Աբրահամյանը ողջունեց թատերախմբին ու Լիբանանից ստացած իր տպավորությունները փոխանցեց արտաշատցիներինՙ նշելով. «Ես զարմացած եմ մեր այն հայրենակիցների կամքի, հայրենասիրության ու ցուցաբերած մարդկային հատկանիշներից, որը ես տեսա Լիբանանում, հատկապես Բեյրութում եւ Այնճար գյուղում: Այսօր ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել թատերախմբին մեզ հրաշալի օրեր ու ժամեր պարգեւելու եւ օտար երկրում հայի կերպը բարձր պահելու համար, մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Սա ձեր տունն է, եկեք, ձեզ միշտ գրկաբաց պատրաստ են ընդունել», ասաց ԱԺ նախագահը: Փափազյանցիների մատուցած ծիծաղով, հումորով ու գրոտեսկով լեցուն ներկայացումը դահլիճը ընդունում էր ծափերով ու ոգեւորությամբ, իսկ ներկայացման ավարտին բեմը լցվեց ծաղկեփնջերով:

Երկարատեւ ծափերից հետո ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը բեմ բարձրացավ, եւս մեկ անգամ շնորհավորեց թատերախմբին հրաշալի հաջողության համար ու հայտարարեց ՀԹԳՄ վարչության որոշումը: «Սփյուռքահայ թատրոնին մատուցած անձնվեր ծառայության համար ՀԹԳՄ Ոսկե մեդալի են արժանացել դերասաններ Վարդան Մկրտչյանը, Հարութ Թորոսյանը եւ Արփի Ավետիքյանը» եւ նրանց հանձնեց շքանշանները: Թատերախմբի անունից շնորհակալության խոսք ասաց Տրդատ Ավետիքյանը եւ հուշանվեր հանձնեց Հակոբ Ղազանչյանին: Փափազյանցիների աչքերը թրջվել էին հուզմունքից ու կարծես մոռացել էին, որ գտնվում են բեմում, մանկան պես գրկախառնվել էին ու հեկեկում: Քիչ անց, երբ խաղաղվեցին, հյուրասիրության ճոխ սեղանի մոտ Արարատի մարզպես Վարդգես Հովակիմյանին շնորհակալություն հայտնեցին ու հրավիրեցին Լիբանան:

Անջնջելի տպավորությունները մայր հայրենիքից սրտներումՙ դեռ երկու օր փափազյանցիները կայցելեն պատմամշակութային վայրեր ու լեցուն տպավորություններով կվերադառնան Բեյրութ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Արտաշատ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4