«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2010-07-08 | #127, 2010-07-09 | #128, 2010-07-10


«ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ»

Քննարկում են մտավորականները

«Օտարալեզու դպրոցների բացում»: Երեւանում հազիվ թե գտնենք մամուլի ակումբ կամ կենտրոն, որն այս թեմային չի անդրադարձել: Թեման իրապես հրատապ է, բայց մյուս կողմից` մամուլի ակումբների համար սա իսկական ընծա եղավ: Շատ անգամ բանախոսներն ու լրագրողներս գնում ենք ասուլիս այլ թեմայի ակնկալիքով, բայց ասուլիսը սկսվում էր նմանատիպ հարցով` ինչպե՞ս եք վերաբերվում օտարալեզու դպրոցների բացմանը:

«Ես կողմ եմ օտար լեզուների ուսուցմանը, ոչ թե օտարալեզու դպրոցների բացմանը», երեկ «Տեսակետ» ակումբում պատասխանեց բանաստեղծ, Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը : Նրա կարծիքով` օտարալեզու դպրոցները մեծ պահանջարկ են ունենալու: «Եթե ցորենի պարկը մի տեղից պատռվի, արդեն չես էլ նկատի` ինչպես կդատարկվի ամբողջ պարկը», ասաց բանաստեղծը: Այսինքն` գնալով ավելանալու է օտարալեզու դպրոցների աշակերտների թիվը, իսկ միգուցե հետո էլ այդ դպրոցների թի՞վն ավելանա:

Ասուլիսի մյուս բանախոսըՙ դերասան Ազատ Գասպարյանը , նշեց. «Մեր մեջ նախ պետք է բուժենք օտարամոլության ախտը, հետո անդրադառնանք օտարալեզու դպրոցներին: Առանց այն էլ այնքան խնդիրներ կան, մեկ էլ հանկարծ օտարալեզու դպրոցների բացման հարց է բարձրացվում: Ո՞ւմ են պետք դրանք: Ինչպե՞ս անենք , որ մեր պատգամավորները հասկանան, որ վտանգավոր են այդ դպրոցները»:

Թե ինչո՞ւ մտավորականների խոսքի հետ հաշվի չեն նստում, այդ ցավալի փաստը Հ. Գրիգորյանը բացատրեց այսպես. «Երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են»:

Մտավորականներն անդրադարձան նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի այցին:

«Բարով եկավ, բարով գնաց: Ես դիվանագիտության խաղերը չեմ ընկալում», ասաց Ա. Գասպարյանը, իսկ Հ. Գրիգորյանն այն կարծիքին է, որ տիկին Քլինթոնը, Ծիծեռնակաբերդ գնալով, սառը ջուր լցրեց Թուրքիայի ու Ադրբեջանի գլխին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4