«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆԸ` ԱԼՄԱԹԻՈՒՄ

Արցախյան խնդիրը կարգավորելու բանակցություններն ավելի հաճախ խառնաշփոթ են մտցնում, եթեՙ իհարկե, որեւէ լրատվություն լինում է, քան պարզեցնում են իրավիճակը, որն առանց այդ էլ բարդերից բարդ է:

Սակայն վերջին տարիներին ինչպես հանդիպումների ինտենսիվությունը, այնպես էլ դրանցից շատերի դեպքում տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունը ենթադրության հիմք են տալիս, թե այդ բանակցություններ ասվածը Հայաստան-Ադրբեջան հանդիպումների սոսկ շարք չէ, այլ որոշակիորեն իրական գործընթաց:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական մի հանդիպում էլ նախատեսվում է անցկացնել հուլիսի 17-ին Ալմաթիում, երբ Ղազախստանի այդ քաղաքում կհավաքվեն ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարներըՙ ոչ պաշտոնական գագաթաժողովի:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի տեղեկությունների համաձայնՙ այս հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ի երեկոյան, Ալմաթիի ժամանակով ժամը 18-ին, գագաթաժողովի ավարտից հետո: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչներՙ նախարար Սերգեյ Լավրովը (Ռուսաստան), Բեռնար Կուշները (Ֆրանսիա), պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը:

Նույն աղբյուրի համաձայնՙ հանդիպումից հետո նախատեսված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի ասուլիս:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4