«Հայելի» ակումբի երեկվա հյուրն էր ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Ներկայացնելով առաջին կիսամյակի արդյունքները, Ն. Սարգսյանը նշեց, որ հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության 352.958 խախտում: Հաշվառման է վերցվել 851 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 117 մարդ, վիրավորվելՙ 1152-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 15-ով, զոհերինըՙ 33-ով, վիրավորներինըՙ 65-ով: «Ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանությունը հուլիս-օգոստոս ամիսներին աշխատելու է հատուկ գրաֆիկով, հանգստյան գոտի տանող ճանապարհներին սահմանվել է շուրջօրյա խիստ հսկողություն, հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի խուսափենք ավելորդ ճտպ-ներից: Կիրակի օրը Երեւան-Սեւան ավտոճանապարհին մոտ 30-40.000 մեքենա է դուրս եկել մայրաքաղաքից, ասաց պրն Սարգսյանը: Գրանցվել է 2 վթար, որի հետեւանքով երկու քաղաքացի վիրավորվել է: Պատասխանելով լրագրողների հարցերին Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ Դավիթ Անհաղթ փողոցի միջնամասում բետոնե պատեր տեղադրելու համար ոստիկանությունը առաջարկ է արել քաղաքապետարանին եւ այդ հարցը ընթացքի մեջ է:
«Ազգի» հարցին, թե ինչո՞ւ կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկվում Մխիթար Հերացու փողոցում կանխելու հաճախակի դարձած վթարները, որոնց պատճառով 1,5 տարվա ընթացքում գրանցվել է 12-15 վթարՙ 9 զոհ եւ ավելի քան 15 վիրավոր, չի տեղադրվում տեսախցիկ, պրն Սարգսյանն ասաց. «Դուք ձեր ուշադրությունը սեւեռեցիք Մխիթար Հերացու փողոցի վրա, որտեղ կոնկրետ երկու աչքի ընկնող դեպք տեղի ունեցավ: Բայց միայն այդ փողոցը չի մեզ համար ինչ որ խնդիրՙ ամբողջ մայրաքաղաքը, ամբողջ հանրապետության ճանապարհները ունեն մի քիչ այլ առանձնահատկություններ, ինչ որ այդ փողոցը: Դուք այդ երկու դեպքից եք տեղյակ: Ինչ որ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մի փողոցի վրա, մնացածները աչքաթող անել, այդպես չէ»: «Ազգը» միջամտեց ու խնդրեց պարզաբանել, մի՞թե չեն հետազոտվել հենց այդ փողոցում կատարված դեպքերի հիմնական պատճառները, եւ եթե այո, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվելՙ ոստիկան-տեսուչի մշտական ներկայություն, լուսացույց եւ այլն: Պրն Սարգսյանն ասաց. «Ինչ տարբերություն, թե որ փողոցում է եղել վթարը: 127 զոհ հանրապետությունում է եղել, ինչ որ յուրահատուկ այդ 500 մետրի վրա բերել անշարժ պահակակետ դնել կամ ես չգիտեմ թե էլ ինչ անել, ուղղակի դրա կարիքը չկա: Դա արագընթաց ճանապարհ է ու այդտեղ մի քիչ շատ է տեղի ունենում պատահարներ եւ մեր ուշադրությունից էլ չի վրիպել: Բայց ձեր առաջարկած մեթոդների անհրաժեշտությունը չկա» [*]:
Քիչ թե շատ միայն հուսադրող էր պրն Սարգսյանի այն խոսքը, որ մինչեւ տարվա վերջ մայրաքաղաքի շատ փողոցներում տեսախցիկներ կտեղադրվեն եւ Մխիթար Հերացի փողոցը անշուշտ դրանց թվում է: Հուսանք, որ վարորդներն ավելի ուշադիր կլինեն հետիոտների նկատմամբ, նշագծված անցումներում կզիջեն, այլ ոչ թե վրաերթի կենթարկեն անցորդներին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
* Կուզենայինք իմանալ պրն Նորիկ Սարգսյանից, թե՛ հայկական, թե՛ միջազգային հասկացությամբ ին՞չ է նշանակում քաղաքի կենտրոնում «արագընթաց ճանապարհ»: Խմբ.