Օր օրի սաստկացող շոգը սպառնում է անգամ մարդկային բանականությանըՙ այնպիսի զգացողություն է, ասես ոչինչ խելացի ոչ մտածվում, ոչ ապրվում է: Շոգը մտածել է տալիս միայն իր մասին, հետապնդում-հալածում մի տեսակ տենդոտ, նույնիսկ խանդոտ... Այս օրերին մշակութային (կամ այլ) ամենալավ ձեռնարկն անգամ թվում է ձախողման է դատապարտվածՙ շոգը պարզապես լափում-կանխում է. տիրապետող վիճակ է դարձել եւ ոչ միայնՙ ֆիզիկապես: Նկարչի տան 2-րդ հարկի ցուցասրահում սակայն բացված ցուցահանդեսի բնանկարչական գեղեցկությունը ի չիք դարձրեց այս զգացողությունը: Հայրենի բնաշխարհը Համլետ Մինասյանի հայացքի ու վրձնի հպումից վերաշնչավորված է անհատական սիրո ջերմությամբ:
Համլետ Մինասյանը մեր ավագ սերնդի գեղանկարիչներից է, շատերին, սակայն, ցարդ անհայտ անուն: 1974-ին կյանքից 73 տարեկանում հեռացած նկարչի առաջին ցուցահանդեսը բացվեց ընդամենը 3 օր առաջ: Ուշացած է: Բայցեւայնպեսՙ մոռացված անունների վերհանման այսպիսի փորձերը գնահատելի են:
Գեղանկարչի ստեղծագործական ներշնչանքները հայրենի հողից ծնվում ու փթթում են հայրենի բնության ամեն ծալքում: Նրա արվեստը ծավալվում է դասական նկարչության ձեւի ու գունարտահայտության տարածքում: Նա հավատարմորեն շարունակողն է ավանդական մեր նկարչական մտածողության:
Ժամանակակիցները նրա մասին պատմում ենՙ որպես համեստ, ինքնամփոփ եւ անկեղծ նկարագրով անձնավորության: Ակնհայտ ճշմարտություն է, որ ստեղծագործությունն իր կերտողի ներաշխարհի այս կամ այն արտացոլումն է, արտահայտության կերպը: Այդպիսին է Համլետ Մինասյանի բնանկարչությունը, որ մարդու եւ բնության պարզ մտերմություն է, գեղեցիկ երկխոսություն:
Դրանք այնքան իրական են, ամեն ինչ ծանոթ ու հարազատ, որեւէ օտար տարր, որեւէ մտացածին երեւույթ, գունագիծ կամ շտրիխ չի թափանցում այս աշխարհ: Սակայն եւ բնության հարազատ վերարտադրությունը սոսկական չէ, այն անցնում է նկարչի հոգու ճանապարհով, անհատականանում ներքին զգացողական շերտերում («Աղբյուրի մոտ», «Հացթուխները», «Սեւան», «Աշնանային տեսարան», «Հայկական ամառ»): Նա փորձում է թափանցել բնության խորքը, լսել նրա ձայնը, նրա բազմախորհուրդ լեզունՙ գտնել ու թարգմանել մայրամուտի շառագույնը սարերի կարմրակապույտ լանջերին, ողորկ քարերի զրույցը գետի ջրերի հետ, հասկանալ աշնանային ծառերի խուճապն ու ծաղկող ծառի բերկրանքը, դիպչել դարչնադեղին ժայռերի կարծր հպարտությանը: Նրա նկարներում բնությունը հանդարտ է զրուցում, այն չունի լարվածություն, առավել եւս դրամատիզացված չէ, նա հանգիստ ապրում է իր միլիարդավոր օրերից մեկը, ինքը շնչում է ու վարակում քեզ: Նկարիչը որսում է ոչ միայն տեսարանի իրական գեղեցկությունը, բնության ձայների բազմազանության ներդաշնակությունը վերահաստատելով, այլեւ ամենակարեւորըՙ ստեղծում է կտավի ներքին մթնոլորտ: Նրա սարերը, գետը, անտառը շարժման, ներքին զարգացման մեջ են, ու շատ խոսուն է հատկապես ծառըՙ գրեթե մենակ, կենդանի, զգացական:
Իզուր չէ Գեւորգ Վարդանյանը գրում, որ նրա նկարչությունը սիրո խնկարկում է հայրենի հողին, ճշմարիտ մի նկարիչ, որ, սակայն, գերադասում էր մնալ ստվերում: Նկարչի ստեղծագործության մոտիվներն ու հոգեկերտվածքը լավ է ըմբռնել Մխիթարյան միաբան հայր Հարություն Պզտիկյանը . «Մինասյանը ուզում էր հեռու ապրել մարդկանցից, բայց մերձեցավ նրանց իր նկարներով: Շնորհիվ զգայնորեն խոսող վրձնի, նա ակամա կամուրջ դարձավՙ մարդուն իր հարազատ տարերքինՙ բնությանը մերձեցնելով, ստեղծեց նրա հետ հաղորդակցման հոգեւոր խորհուրդ» :
Վարդապետ Պզտիկյանը, որն իր համար անսովոր երկար բացակայեց Հայաստանից, կրկին այստեղ է եւ ցուցահանդեսի բացման օրը պատմեց, թե ինչպես հայտնագործեց Համլետ Մինասյանին: 2 տարի առաջ էր, երբ հեռուստառեժիսոր Նորա Մուրադյանը նրան առաջարկեց տեսնել գրեթե անհայտ նկարչի գործերը: Եվ ահա անակնկալը: Նույն տարին տպագրվում է փոքրիկ ալբոմ, ապա Սեւրի Մխիթարյան մշակութային կենտրոնում բացվում Համլետ Մինասյանի ցուցահանդեսըՙ ներկայությամբ պատվարժան հյուրերիՙ Ֆրանսիայի պետնախարար Պատրիկ Դեվեջյանի, Արֆոլվիլի քաղաքապետ Սանտինիի եւ այլոց, որոնք տպավորված առաջարկում են նկարչի ցուցահանդեսը բացել նաեւ Փարիզում: Բայց մինչ Փարիզՙ Երեւանը կա... Եվ դա եղավ ու շատ գեղեցիկ էր. «Նա նկարած է իր հայրենիքը: Հայրենիքի նկարչության Վահան Տերյանն է նա» :
Ցուցահանդեսը համակարգող արվեստաբան Շահեն Խաչատրյանը իրավացի է, երբ ասում է, թե խոսքերն ավելորդ են, որովհետեւ այս նկարները մեր սրտի հետ ավելի պիտի խոսեն, նրանց մեջ դրված հայրենի հողի եւ իր ծնունդ արվեստագետ-զավակի հոգեւոր կապի շնորհիվ. «Այս զգացումներնՙ իր արվեստի, արտացոլում են ամենայն նրբությամբ այն ամենը, ինչը կապում է մարդու հոգին իր երկրի բանաստեղծական գեղեցկության հետ»:
Ինչպես եւՙ «Մինասյանի կտավների գունային կառույցը օգնում է շեշտելու տեսարանների բազմազանությունն ու նրանց բնորոշ գծերը: Նկարիչն ասես ձուլված է զգում իրեն հարազատ բնությանը ու ձգտում է որսալ լեռնաշխարհի կաշառող ու անվերջ փոփոխվող գեղեցկությունները...
Արվեստի գործերը արժեւորվում են ու դառնում մնայուն, երբ իրենց մեջ կրում են ժամանակի շունչը: Այդ շնչով տոգորված Մինասյանի բնանկարները չմարող սիրո ու հավատի խոստովանանք են»:
Շահեն Խաչատրյանն առաջարկեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանինՙ ձեւավորել ավանդույթՙ հայրենի բնաշխարհին նվիրված հատուկ ցուցահանդեսների ամենամյա կազմակերպման, որի մեջ (բնության) թաքնված է ազգային արվեստի առանձնահատկությունների բուն գաղտնիքը, քանի արվեստը, իր ամեն տեսակ նորարարություններով ու ձեւափոխություններով հանդերձ, բնության ներշնչանքով է սնվում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. «Աղբյուրի մոտ»