«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՈՒՂՂԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Իննսունական թվականների վերջերին, մասնագիտական աշխատանքի բերումով, հարցազրույց ունեցա ճանաչված գիտնական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մեսրոպ Զադոյանի հետ: Եվ նա, լինելով ձեւափոխվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառի խորագիտակ, այնպես դյուրըմբռնելի ներկայացրեց իր հետազոտությունների արդյունքները, որ հարցազրույցն ստացվեց միանգամայն պարզ ու մատչելի ընթերցողի համար: Ժամանակ անց հոդվածներ տպագրեցի նաեւ իր ստորագրությամբՙ հանդիպումների ընթացքում հիանալով կյանքի ամենատարբեր հարցերին առնչվող նրա դատողություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, նախնյաց հիշատակի հանդեպ սրբազան զգացումներով: Մեր միջեւ հաստատվեցին ընկերական մտերիմ փոխհարաբերություններ, ինչը, ցավոք, երկար չտեւեց: 2004 թվականի հուլիսի 24-ին, երբ սովորականի նման «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի օրվա համարն էի աչքի անցկացնում, հանկարծակիի եկա, երրորդ էջում տեսնելով մահախոսականՙ Զադոյանի լուսանկարով: Փորձեցի աչքերիս չհավատալ, չստացվեց: Ակադեմիայի նախագահության, ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ու մեխանիկայի ինստիտուտի ներկայացրած մահախոսականը խոր վշտով ազդարարում էր, որ 74 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել լայն ճանաչման արժանացած գիտնականը:

Հրաժեշտի հոգեխռով պահերը մի կերպ հաղթահարվեցին, եւ ահա այսօր, երբ բոլորում է Մեսրոպ Զադոյանի ծննդյան 80¬ամյակը, անկարող գտնվեցի հիշատակի խոսք չասել այդ կապակցությամբՙ ընթերցողի հիշողության մեջ վերակենդանացնելով նրա բարի ու առինքնող կերպարը:

Ծնվել է 1930 թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքում, բանվորի ընտանիքում: 1952-ին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը եւ նույն թվականին ընդունվել ակադեմիայի մեխանիկայի սեկտորի ասպիրանտուրաՙ ակադեմիկոս Նագուշ Հարությունյանի ղեկավարությամբ: Հաջողությամբ ավարտելով ասպիրանտուրան, թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ է պաշտպանել Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդում, մինչեւ կյանքի վերջն աշխատել է ազգային ակադեմիայի մեխանիկիայի ինստիտուտումՙ ծավալելով արգասավոր գործունեություն: Ահա ինչ է ասել նրա մասին մեխանիկայի բնագավառի մեծահռչակ ներկայացուցիչներից մեկըՙ ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեոնիդ Սեդովը. «Մեսրոպ Զադոյանը ձեւախեղվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է: Նրա ճշգրիտ լուծումները էտալոնային բնույթ եւ տեսական ու կիրառական խոշոր նշանակություն ունեն»:

Չի կարելի չհիշել նաեւ գիտության այդ բնագավառի ականավոր ներկայացուցիչ Դյուիս Իվլեւի խոսքը. «Ակադեմիկոս Մ. Զադոյանը ժամանակակից մաթեմատիկական պլաստիկության խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է: Այն, ինչ արել է ակադեմիկոս Բ. Գալյորկինը առաձգականության տեսության մեջ, Զադոյանն անում է պլաստիկության բնագավառում: Նրա շատ լուծումներ վաղուց դասական են դարձել գիտության մեջ»:

Զադոյանը սկզբունքային անձնավորություն էր, օժտված ստեղծագործելու եւ կյանքի դժվարությունները հետեւողականորեն հաղթահարելու վճռականությամբ: Կամեցող էր ու բարեսիրտ: Նաեւ կատակելու ձիրքով էր օժտված ու սիրում էր այլաբանորեն արտահայտվել այս կամ այն անհատի կամ երեւույթի մասին: Անտարբեր չէր դիմացինի հոգսերի հանդեպ: Հիացմունքով ու ներքին ընդգծված բավականությամբ, նաեւ հպարտությամբ հուշեր էր պատմում մեր արվեստի ու գրականության նվիրյալներ Մարտիրոս Սարյանի եւ Պարույր Սեւակի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունների մասին: Հեռու էր նյութապաշտությունից, ուղղամիտ էր ու չարի հանդեպ անհաշտ: Պոռթկուն էր, իհարկե պահի ազդեցության տակ, բայց նաեւ ինքնատիրապետման կամային հատկությամբ օժտված: Ամենակարեւորըՙ մարդասեր էր եւ մեր մշակույթի, լեզվի ու ավանդույթների պաշտամունք ուներ: Անվերապահ հեղինակություն էր ընտանիքում, գործընկերների, մերձավորների ու ծանոթների շրջանում:

Զադոյան մարդ¬անհատի մասին կարելի է երկար խոսել: Բայց սահմանափակվենք ասվածով եւ բարի նինջ մաղթենք նրանՙ այսօր բոլորող 80-ամյակի առիթով: Փա՜ռք ու պսակ նրա հիշատակին:

ԷԴՎԱՐԴ ՇԱՀԻՐՅԱՆ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4