«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՅՑ` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Տարիներ առաջ աղտոտված եւ ամբողջովին կառուցապատված Էդինբուրգ քաղաքում կենտրոնն այրեցին, ծաղիկներ ու ծառեր աճեցրին, որովհետեւ բնակիչները փախչում էին քաղաքից: Նույնը կատարվեց նաեւ Բորդո քաղաքում. իշխանություններն անվճար համերգներ էին կազմակերպում, որ բնակիչները կենտրոնը չլքեն: Բնապահպան Կարինե Դանիելյանն այսպիսի ապագա է խոստանում նաեւ Երեւանի համար, եթե այսօրվա տեմպերով քաղաքում շարունակվի կառուցապատումը: «Երեւանը վատագույն քաղաքաշինության լավագույն օրինակն է: Ստորագրում ենք մի բան, կատարում հակառակը»:

Երեւանը` կիսաանապատացված քաղաք. սա բազմաթիվ բնապահպանների ու միջազգային բնապահպանական կազմակերպությունների բնորոշումն է:

Քաղաքի դիմագիծը սկսեց խաթարվել 90-ականներին` իր հետ բերելով հախուռն շինարարություն, էկոլոգիական որեւէ նորմ չպահպանվեց: Հասարակարգը փոխվեց, բայց էկոլոգիական խնդիրները մնացին նույնը: Արդյունքը եղավ Հյուսիսային պողոտան: «Արդյո՞ք այդ հախուռն քաղաքաշինության կարիքն էինք զգում: Թամանյանի մշակած ծրագրում Հյուսիսային պողոտայի շենքերի բարձրությունը չպետք է գերազանցեր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ հրապարակի շինությունների բարձրությունը: Բայց արդյո՞ք դա պահպանվեց: Բողոքեցինք, բայց ապարդյուն», «Հենարանում» երեկ ասաց Կարինե Դանիելյանըՙ հավելելով, որ քաղաքի ծայրամասերը կանաչապատում են, խաղահրապարակներ կառուցում, մինչդեռ քաղաքի կենտրոնը բետոնապատում են` բիզնեսի տրամաբանությունից ելնելով: Քաղաքի կենտրոնում կանաչ տարածք գրեթե չի մնացել: Ոչնչանում են բակային տարածքները, դպրոցների բակերում էլիտար շենքեր են կառուցում: «Կորցրինք Օղակաձեւ այգին, Գետառը, Դալմայի այգիները, Կոմիտասում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռում լինում են զանգվածային ծառահատումներ»:

Մայրաքաղաքի եզակի կանաչ տարածքներից մեկն էլ Ուսանողական այգին է, որ կանգնած է ոչնչացման եզրին: Ու չնայած հասարակության լայն զանգվածների, մտավորականների եւ գիտնականների դժգոհություններինՙ լայն թափով շարունակվում է շինարարությունը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանի ներկայացմամբՙ 20.000 ստորագրությունը, այգու նախկին տեսքը վերականգնելու պահանջով, ուղարկել են նախագահին, վարչապետին, քաղաքապետին եւ ԱԺ նախագահին: Երկար լռությունից հետո նախագահականից եւ կառավարությունից պատասխան է եկել. տեղյակ չէին իրադարձությունների զարգացմանը, համապատասխան վարչությունները զբաղվում են հարցով: «Քաղաքապետարանի ավագանու անդամները մեզ ասում են, որ ձեր կողքին ենք, բայց ոչինչ չեն անում: Այսօր քաղաքում ամեն քայլափոխի ծառասպանություն է կատարվում»: Ավթանդիլյանը պատմում է, որ ամիսներ առաջ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Ուսանողական այգին վերջինն է լինելու, եւ ծառերի ու կանաչ տարածքների հաշվին այլեւս գետնափոր շինություններ չեն կառուցվելու: «Խոստումը բավարար չէ: Պահանջում ենք, որ քաղաքապետի խոստումն օրենքի ուժ ստանա, ինչը չի կատարվում»:

«Ուսանողական այգու» կապակցությամբ նախաձեռնությունը շուտով քաղաքապետարանի դեմ կներկայացնի դատական երկու հայց` հանրային սեփականություն հանդիսացող փաստաթղթերի չտրամադրման կապակցությամբ, եւ պահանջով` այգին վերադարձնել նախկին տեսքին:

«Բոլորն են դեմ: Գիտությունների ազգային ակադեմիան, մտավորականները, բնակիչները: Վիկտոր Համբարձումյանի արձանը, որ մեր ազգի պարծանքն է, գտնվում է սրճարանների հետեւի մասում: Դա մեզ պատիվ չի բերում: Ո՞վ է այդ սրճարանների սեփականատերը, որը չի ուզում լսել հասարակության կարծիքը: Հասարակությունը մի կողմ է, նա` մեկ այլ, եւ շարունակում է այգում շինարարությունը», ասաց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ Ուսանողական այգու պահպանմամբ պետք է փոխվի մտածելակերպն ու հաստատվի հարգանք` բնության եւ հանրային սեփականություն տարածքների նկատմամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4