«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Հայաստանն ու Լեհաստանը կպարզեցնեն վիզային ռեժիմը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների հնգակողմ հանդիպումը հնարավոր է, բայց վերջնական դեռեւս հաստատված չէ, թեեւ, այդուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են հանդիպումը կամզակերպելու ուղղությամբ: Երեւանում Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամլո ասուլիսում, ի տարբերություն ադրբեջանական կողմի` արդեն իսկ այդ հանդիպման առնչությամբ ներկայացրած համաձայնության, երեկ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը :

«Եթե այդ հանդիպումը կայանա, ապա գլխավոր խնդիրն է լինելու պարզել, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարունակելու բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ Պետերբուրգում», նշեց Նալբանդյանը:

Հարցին, թե արդյոք Ալմաթիում քննարկվելո՞ւ է որոշակի տարածքների վերադարձման ժամկետների հարցը, ինչպիսի հայտարարություն օրերս արել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Էդվարդ Նալբանդյանն արձագանքեց միայն հիշեցմամբ, որ Ադրբեջանի երեւակայություններին արդեն իսկ պատասխանել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

  «Ազգը» դեռեւս հուլիսի 8-ի համարում տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանի առնչությամբ նոր նախագիծ է ներկայացվել: «Միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու միջազգային իրավունքների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերտառությամբ փաստաթուղթը բաղկացած է տասը կետից:

Ըստ ՄԱԿ-ի կայքէջի, բանաձեւի նախագիծը նշում է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրան հարակից` հակամարտության ազդեցությունը կրած տարածքներից արտաքսված բնակչության վերադարձի», այդ տարածքներում «մշակութային ժառանգության պաշտպանության» եւ այլ հարցերի կարեւորության մասին: Նախագծում պահանջ է ներկայացվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` բանաձեւի ընդունման դեպքում պատրաստել զեկույց փաստաթղթի կիրառման մասին:

Այս առնչությամբ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում բանաձեւը շրջանառության մեջ դնելը բացասական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա: Ըստ Նալբանդյանիՙ այս կարծիքին են նաեւ բոլոր այն երկրները, որոնք կողմերին աջակցում են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:

Անդրադառնալով Ադրբեջանի` մադրիդյան փաստաթղթի բնույթի մասին վերջին հայտարարություններին, Նալբանդյանը հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը մերժում կամ հերքում է ինչ-որ բան. «Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացրին մադրիդյան փաստաթուղթը, եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը»:

Դրանից հետո, ըստ նախարարի, եղել են մի շարք աշխատանքային առաջարկներ` մադրիդյան փաստաթղթի հիման վրա: «Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009 թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը, բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Հետոՙ ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել այն», մեկնաբանեց Նալբանդյանը:

Նրա խոսքերով, 2010 թ. Սոչիում ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին` շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ, եւ նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր եւ վայելում է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի լիակատար աջակցությունը:

2010 թ. փետրվար-հունիս ամիսներին» Նալբանդյանի ներկայացմամբ, քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ` մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Հունիսի 17-ին էլ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը կողմերին ներկայացվել է մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, եւ համաձայնություն է ձեռք բերվել շարունակելու բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա: Ըստ Նալբանդյանիՙ «Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման գլխավոր հարցը պետք է լինիՙ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները, թե՞ վերստին մերժում է, ինչպես բազմիցս արել է նախկինում»:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ղարաբաղյան հարցի առնչությամբ նախ նշեց, որ Լեհաստանը կողմ է խաղաղ գործընթացին եւ աջակցում է այդ ուղղությամբ ջանքերին: Սակայն Սիկորսկու համար դիվանագիտորեն լղոզված ու անասելի ընդհանրական պատասխանը նախընտրելի եղավ, երբ հարցը վերաբերում էր Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, սպառազինվելու մրցավազքին ու այդ երկրի` Արեւելյան գործընկերության ԵՄ ծրագրի մաս կազմելու իրականությանը:

Լեհաստանի ԱԳ նախարարը, ներկայացնելով Արեւելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնող երկրներից մեկը, բավարարվեց հայտարարելով, թե պետք է հաշվի առնել այն փաստը, որ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունները ունեն երկկողմ խնդիրներ, եւ դա չի նշանակում, որ նրանք պետք է լուծեն իրենց երկկողմ խնդիրները ծրագրի շրջանակում: «Ինչքան շատ երկրներ ընդգրկված լինեն Արեւելյան գործընկերության ծրագրում, այդքան հեշտ կլինի իրենց միջեւ եղած այդ խնդիրները լուծել», ասաց լեհ նախարարը:

Ասուլիսի հայտարարությունների եւս մեկ թեմա վերաբերում էր նախարարների կողմից մինչեւ ասուլիսը տեղի ունեցած հանդիպմանը քննարկած հարցերից մեկին` Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցմանը, իսկ հնարավորության դեպքում` նաեւ վերացմանը: Ռադոսլավ Սիկորսկին նշեց, որ Լեհաստանի պարագայում վիզա նշանակում է ինչպես հենց այդ երկրի, այնպես էլ շենգենյան անցագրի տրամադրում:

«Շենգենյան վիզաների տրամադրման հեշտացման կարգը մի քիչ ավելի բարդ է, քան ազգայինը, որովհետեւ այն պայմանագրով հաստատված է եւ Եվրոմիության երկրների համատեղ համաձայնության հիման վրա պետք է տեղի ունենա: Իսկ մյուս տեսակի վիզաների խնդիրը մենք քննարկեցինք նախարար Նալբանդյանի հետ. խոսքը ազգային` լեհական վիզաների մասին է, որոնց գները, ինչպես մենք արդեն Ուկրաինայի հետ փորձ ունենք, կփորձենք նվազագույնի իջեցնել», նշեց Սիկորսկին:

Հայաստանի կողմից նույն այս հարցի առնչությամբ արտոնություններ տրամադրելու մասով Էդվարդ Նալբանդյանն ավելացրեց, որ Հայաստանը եւս շահագրգիռ է եւ պատրաստ է Լեհաստանի եւ Եվրոմիության այլ երկրների հետ քայլեր ձեռնարկել արտոնագրային ռեժիմը դյուրացնելու համար:

Ռադոսլավ Սիկորսկին երեկ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղկեպսակ դրել: Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ ծառ է տնկել Հիշատակի ծառուղում: Նշենք, որ դեռեւս 2005 թվականի ապրիլին Լեհաստանի Սեյմը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միաձայն որոշում ընդունեց:

Լեհաստանի ԱԳ նախարարը երեկ հանդիպել է նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4