«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ՄՐՑԱՎԱԶՔ` ԴԻՄԱՑԻՆԻՆ ՍՏԻՊԵԼՈՒ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՌԱՋԻՆԸ «ՈՉ» ԱՍԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ լրագրողներին հանդիպած Արամ Սաֆարյանը (ԲՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ) եւ Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ), ովքեր մասնակցել էին հուլիսի 6-ից 10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին, ամփոփեցին այդ մասնակցությունը` Վեհաժողովի երե կոմիտեներում իրենց աշխատանքն արդյունավետ գնահատելով, մանավանդ ադրբեջանցիների մշտական նաղլը` 20 տոկոս «գրավյալ» տարածքների մասին տարբեր բանաձեւերում առաջարկնրի տեսքով ներկայացված լինելու, մեր պատվիրակների հակահարվածների արդյունքում ձախողվել են:

Սակայն մենք առավել ծանրանանք Ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի եւ եւ ավելի ուշ «Ազգի» հարցերին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հնչեցրած գնահատականներին ԵԱՀԿ արտգործնախարարների` հուլիսի 17-ին Ալմաթիում անցկացվող ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարները հանդիպելու եւ բանակցելու են:

Ըստ Արամ Սաֆարյանի ադրբեջանական կողմից հնչող վերջին օրերի հայտարարությունները, Ադրբեջանական քարոզչամեքենայի` կեղծիքի վրա հիմնված աշխուժությունը ունի մեկ բացատրություն. մրցավազք է գնում, թե ո՞վ կստիպի, որ դիմացինն առաջինն ասի «ոչ» Մադրիդյան սկզբունքներին: Որովհետեւ ըստ էության Ադրբեջանն է, որ ոչ մի զիջման պատրաստ չէ, բայց ուզում է սադրել հարաբերությունների մի այնպիսի մթնոլորտ, այնպիսի մի պարզամիտ բարդ իրավիճակ, որ Հայաստանն ասի` եթե դուք ոչ մի հարցով ոչ մի զիջման պատրաստ չեք, ուրեմն բանակցություններ չեն լինի: Իսկ հետո Ադրբեջանը կասի` տեսեք, Հայաստանը մերժեց: Սադրանքի նպատակը հենց դա է:

Հենց դրանով է պայմանավորված, որ Եվրոպայի խորհրդում, միջազգային տարբեր կազմակերպություններում ադրբեջանական պատվիրակները վեր են հանել 1988 թվականից գզրոցներում պահված բավական մաշված, նամշահոտ փաստարկները, որը պիտի ստիպի մեր ներվերը քայքայել. «Ես կարծում եմ, որ սա նյարդերի պայքար է եւ սրան պետք է պատրաստ լինել: Համենայնդեպս մենք հայտարարել ենք, որ բանակցությունների այս նոր փուլին Հայաստանը պատրաստ է, այն պայմանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների առաջարկություններում բերված կետերից բոլորն ունենան համարժեք, հավասարազոր նշանակություն եւ բովանդակություն, եւ դրանցից մեկից հրաժարումը եւ ձգձգումը, խաբելը մեկի հարցում` կնշանակի բանակցային գործընթացի ձախողում»:

«Ի՞նչ է զիջելու Հայաստանը», մեր հարցին ի պատասխան Ա. Սաֆարյանն առաջարկեց առայժմ այդ մասին չխոսել` մեր արտգործնախարարն ի պատասխան համանախագահ երկրների նախագահների Կանադայում արած հայտարարության, համաձայնություն է տվել Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա բանակցությունները շարունակել, իսկ փոխզիջումների խնդիրը թող դեռ մյուս կողմից հնչեն` կտեսնենք:

Գալուստ Սահակյանը, սակայն, կարծում էր, որ ադրբեջանական կողմի հայտարարություններին կարելի է ուշադրություն դարձնել նույն (հունիստասնության) պրովակացիայի շրջանակներում, իսկ Ալմաթիում պարզից էլ պարզ է` նույն Մադրիդյան սկզբունքներից վերցրած 5-6 մոտեցումներն են, որոնք քննարկման խնդիր են դառնալու, իսկ որեւէ փաստաթուղթ այնտեղ չի ստորագրվելու, դա նախագահների շրջանակի քննարկման հարց է ավելի շուտ եւ ոչ թե արտգործնախարարների մակարդակի: Սահակյանն ասում է, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, չի փոխվելու եւ հետեւյալն է` նախ եւ առաջ Ղարաբաղի կարգավիճակը: Իսկ թե տարածքներ վերադարձնելու խոսակցությունը ինչո՞ւ է հիմա ծավալվում, ո՞ր պահն է Ղարաբաղյան բանակցային գործընթացում խնդրում, ըստ Գ. Սահակյանի` այսօր բանակցությունները փաստացի գնում են ավելի մեծ ակտիվության, որովհետեւ արդեն գերտերություններն են փորձում իրենց ցանկացած միջոցառումներին քննարկելի դարձնել հարցը, բայց եւ վերջում անպայմանորեն ասում են` երկու պետությունների խնդիրն է, այնպես որ այսօր որեւէ փաստաթուղթ հնարավոր չէ ստորագրել. նախ, տարածքներ տալուց ի՞նչ պիտի շահեն Ղարաբաղը եւ Հայաստանը` դրա մասին խոսք անգամ չկա. «Մենք հարցադրումը դնում ենք, որ Ղարաբաղը երբեւիցե Ադրբեջանի կազմում պիտի չլինի: Առավել եւս` երբ ասում են, թե հանրաքվեի կամ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության վերաբերյալ է խոսքը, եւ ասում են , որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները` չի մեկնաբանվում, թե այդ փախստականները ինչպե՞ս եւ որտե՞ղ պիտի վերադառնան, ի՞նչ իրավական միավոր` պետությա՞ն, Ղարաբաղի՞, թե՞ միջազգային սուբյեկտի: Ուրեմն` մինչեւ չլուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որեւէ փաստաթղթի ստորագրման խնդիր չի կարող առաջանալ: Մեկ փաստաթուղթ կա, որ Հայաստանը կարող է ստորագրել, որը մեր երկրի նախագահն է առաջարկել` ուժի չկիրառման փաստաթուղթը: Դա բավականին ձեռնտու փաստաթուղթ է եւ մեզ եւ Ադրբեջանի ժողովրդի համար»:

Իսկ ճնշումներին ինչպե՞ս ենք հակադրելու. «Մենք պիտի ոչ թե հակադրվենք, այլ պիտի չճնշվենք, մենք վճռական ենք եւ չենք ճնշվելու, եւ ճնշումներ էլ չենք տեսնում», ասաց Գ. Սահակյանը: «Ալիեւը մեկ օր առաջ նորից խոսում էր ռազմական ճանապարհի մասին» մեր հիշեցմանն ի պատասխան էլ ասաց. «Մենք էլ մեր մոտեցումներն ենք շարադրում, մեր նախագահն արդեն տարիուկես է եւ Լոնդոնում, եւ Ամերիկայում, եւ Գերմանիայում մեր պետության, մեր քաղաքական թիմերի տեսակետներն ամենամեծ ամբիոններից ասել է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4