Գերմանիայի խորհրդարանը եւ կառավարությունը պետք է ճանաչեն օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունը եւ ընդունեն Գերմանիայի պատասխանատվությունը
Օրեր առաջ տեղեկացրել էինք բեռլինաբնակ փաստաբան Ստեփան Թաշչյանի դատական նախաձեռնության մասին: Գերմանահայ իրավաբանը դատական հայց է ներկայացրել գերմանական դատարանում ընդդեմ կառավարությանՙ պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչումը: Անհատական այս նախաձեռնությունը բնականաբար կարիք է զգում հասարակական ուժեղ աջակցության, ինչը մեր տպավորությամբ մտադիր է անել Եվրոպայի հայերի համագումարի (Assembly of Armenians of Europe) Գերմանիայի բաժանմունքը բժ. Րաֆֆի Պետիկյանի գլխավորությամբ, ինչի մասին վկայում է ստորեւ տպագրվող հաղորդագրությունը:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԼՐԱՏՈՒ, ԱԹԵՆՔ, 12.07.2010: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկուկես միլիոն հայեր, ինչպես նաեւ հարյուրհազարավոր ասորիներ զոհ դարձան օսմանյան Թուրքիայի կազմակերպված եւ իրագործված ցեղասպանությանը: Եվրոպական խորհրդարանը 1987 թ. հունիսին կայացված վճռագրի մեջ նշում է, որ 1915-1917 թթ. օսմանյան Թուրքիայի հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները համարվում են ցեղասպանություն ըստ ՄԱԿ-ի համաժողովի 1948 թ. դեկտեմբերի 9-ի հրապարակած ցեղասպանության կանխման, ինչպես նաեւ հետապնդման կոնվենցիայի: Դրանից հետո բազմաթիվ երկրների այլ խորհրդարաններ ճանաչեցին այդ հանցագործությունը որպես ցեղասպանություն: Բազմաթիվ միջազգային հաստատություններ եւ հայտնի գիտնականններ զուր կերպով կոչ արեցին Թուրքիային վերջ դնելու իր հերքողական քաղաքականությանը, ինչպես նաեւ վերացնել բոլոր տեսակի պետական խոչընդոտներն ու սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի բաց եւ քննադատական բանավեճի թուրքական պատմության այդ փուլի շուրջ: Մյուս կողմից, օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցության մասնաբաժինը արդեն հաստատված է:
2005 թ. ապրիլի 21-ին գերմանական խորհրդարան/Բունդեսթագում տեղի ունեցած բանավեճի ժամանակ Կանաչների պատգամավոր Ֆրից Քուն ասել է. «Մենք ոչ միայն տեղյակ ենք, այլ նաեւ մասնակից»: Քրիստոնեա-դեմոկրատների պատգամավոր Ֆրիցբերտ Ֆլյուգերն իր խոսքի մեջ հավաստիացնում է, որ գերմանացիները գիտակցում են գերմանական կայսրության մեղսակցությունը հայերի կոտորածի մեջ: «Նաեւ Գերմանիան պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ աջակցել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործության անտեսմանը», այսպիսի ձեւակերպում կա հունիսին խորհրդարանի կայացրած որոշման մեջ: Հինգ տարի անց հարց է առաջադրվում, թե ինչ հետեւանքներ ունեցավ այս որոշումը եւ ինչ տեսակետ ունի գերմանական կառավարությունը օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանության հարցում: Միայն ձախակողմյան խմբակցությունն է, որ անցած տարիների ընթացքում խորհրդարանում կառավարությանը դիմած բազմաթիվ հարցումների միջոցով փորձել է առաջ քաշել այս թեման (ըստ խորհրդարանի տելեքսֆրերի 16/4750,16/9956, 17/687, 17/1798): Պատասխաններից ակնհայտ է դառնում, որ գերմանական կառավարության դիրքորոշումը մեծավ մասամբ համապատասխանում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը առայժմ գերմանական ոչ մի կառավարության կողմից չի ճանաչվել որպես ցեղասպանություն: Գերմանական ձեռնարկությունների կազմակերպած Բաղդադի երկաթուղու կառուցմանը մասնակից տասնյակ հազարավոր հայերին գերմանական կառավարությունը անվանում է «կարծեցյալ հարկադիր աշխատողներ»: Գերմանական կառավարության կարծիքով կոտորածներն ու տեղահանությունները չեն կարող ըստ ՄԱԿ-ի համաժողովի, որը Գերմանիայում 1955 թ. փետրվարին է ուժի մեջ մտել, ճանաչվել ցեղասպանություն, քանի որ դրանք հետադարձ վավերական ուժ չունեն: Միգուցե գերմանական կառավարությունը նաեւ այն տեսակետին է, որ Եվրոպայի հրեաների դեմ տեղի ունեցած հանցագործությունը եւս այդ պարտագրի կողմից որպես ցեղասպանություն չի կարող ճանաչվել, քանի որ ցեղասպանության իրագործման փաստը մի քանի տարի հետո է նորմավորվել: Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը, որը Շոայի վերապրողներից է, երիտթուրքական կառավարության կատարած հանցագործությունները անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 2000 թ. հունվարի 27-ի խորհրդարանական իր ելույթում նա ասում է. «Նա, ով փորձում է զոհերի հիշատակը մթագնել, սպանում է երկրորդ անգամ»: Գերմանիայի կառավարությունը, որն ընդունում է թուրքական կառավարության դիրքորոշումը եւ անտեսում է եվրոպական, ինչպես նաեւ այլ խորհրդարանների որոշումները, այն տեսակետին է, որ պատմաբանների հանձնաժողովը պետք է պարզի այն, ինչը գիտնականների ճնշող մեծամասնության համար վաղուց պարզ է: Բաղդադի երկաթուղու շինարարության պարագայում էլ խոսում է «կարծեցյալ հարկադրական աշխատանքից», հետեւաբար նա սպանում է երկրորդ անգամ: Նման դիրքորոշումը միառժամանակ առաջացնում է արհամարհանք հիշողության մշակույթի գաղափարների հանդեպ: Գերմանական կառավարության նման դիրքորոշումը հավասարաչափ անվայել է կայսերական կառավարության դիրքորորոշմանը: Գերմանական Սոցիալիստների եւ Կանաչների խմբակցությունները դեռեւս ոչ մի քննադատական տեսակետ չեն ցուցաբերել կառավարության հանդեպ: Հայոց ցեղասպանության հարցում կարմիր- կանաչ կառավարությունը նույն դիրքորոշումն ուներ, ինչ որ ներկայիս կոալիցիոն կառավարությունը: Այսպիսով կարծիք է առաջանում, որ հունիսյան որոշմամբ գերմանական խորհրդարանը լոկ փորձեց քաղաքական այս սուր թեման այնպես փակել, որ Թուրքիայի հետ եղած ներքին նեղ ավանդական կապերը չվնասվեն: Հարց է ծագում նաեւ պատգամավորների պարկեշտության վերաբերյալ, որոնք այսօր լռում են, մինչ հինգ տարի առաջ հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը որպես ցեղասպանություն էին դատապարտում, ինչպես նաեւ խոսում էին այն մասին, որ գերմանական կողմը պետք է պատասխանատվություն կրի եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից: Մենքՙ ստորագրող միությունները, կառավարությանն ենք հայտնում մեր բողոքը, որը հակառակ անկախ մասնագետների ծանրակշիռ մեծամասնության համոզվածության, այն կարծիքին է, որ դեռ պետք է ճշտվի, թե օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունը ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ: Այնինչ Գերմանիայի կառավարությունըՙ
- Հերքում է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության 1948 թ. կոնվենցիային,
- ոչ մի տեսակի միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Թուրքիայի հասարակությունը, կառավարությունը եւ խորհրդարանը պատմության մեջ եւ ներկայումս հայերի նկատմամբ իր դերի համար դիրքորոշում ունենա,
- հերքում է, որ գերմանական ձեռնարկությունները հայերին որպես հարկադիր աշխատող են վերցրել,
- հրաժարվում է պատմական եւ քաղաքական պատասխանատվությունից,
- թուրքական կառավարության կարծիքն է ընդունում եւ նրաՙ աշխարհով մեկ դատապարտված հերքողական քաղաքականությանն է աջակցում:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Գերմանիայի բաժանմունք, Քյոլն, 10.06.2010 (բաժանմունքի նախագահՙ դոկտոր Րաֆֆի Պետիկյան, էլեկտրոնային հասցե...bedikian2001@yahoo.de)