Հայաստանում է թուրքական կինոյի վարպետ Սեմիհ Կապլանօղլուն: «Ազգը»-ը զրուցեց թուրք ռեժիսորի հետ: Նա «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամներից է: «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվում է ռեժիսորի «Մեղր» ֆիլմը, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջին»: «Յուսուֆի եռագրության» 3 ֆիլմերը («Ձու», «Կաթ», «Մեղր») պատմում են գլխավոր հերոսի` 6- ամյա մի տղայի պատմությունը:
- Հայաստանում առաջին հայացքից ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել:
- Ստամբուլում շատ հայ ընկերներ ունեմ, եւ այն ջերմությունը, որը ստանում եմ նրանցից, տեսա նաեւ Հայաստանում:
- Ինչքանո՞վ եք ծանոթ հայկական կինոյին, ինչպե՞ս եք գնահատում հայ կինոյի ավանդույթներն ու ներկայիս վիճակը:
- Ճանաչում եմ միայն Սերգեյ Փարաջանովին, ինչպես նաեւ անձամբ ծանոթ եմ կինոօպերատոր Հայկ Կիրակոսյանի հետ, որն ապրում է Ստամբուլում: Իմ առաջին ֆիլմը միասին ենք նկարահանել: Որոշ հայկական ֆիլմեր էլ պատրասվում եմ դիտել «Ոսկե ծիրանի» ընթացքում:
- Հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման գործին ինչքանո՞վ կարող է նպաստել կինոն:
- Հուսով եմ հայ եւ թուրք ռեժիսորները համատեղ ֆիլմեր կստեղծեն` թուրքերը հայերի մասին, հայերը` թուրքերի:
- Ինչքանո՞վ է հնարավոր հայ եւ թուրք ռեժիսորների համագործակցությունը:
- Այդպիսի համագործակցության օրինակ է հենց հայ-թուրքական կինոպլատֆորմը, որն ընթանում է «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Հայ եւ թուրք ռեժիսորները համատեղ ֆիլմեր նկարահանելու պլաններ ունեն: Կարծում եմ` Հրանտ Դինքի մահվան օրը դարձավ հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման սկզբնաղբյուրը: Հրանտ Դինքը եղել է իմ մտերիմ ընկերը: Նրա մահվան օրը Ստամբուլում 500 հազար հոգի բողոքի էին դուրս եկել` ասելով, թե ինչո՞ւ է սպանվել Հրանտ Դինքը: Վստահ եմ, որ սեպտեմբերի 19-ին կբացվի սահմանը: Այդ օրը Աղթամար կղզում կրոնական միջոցառում է կազմակերպվում: 2000 մարդ բացել են իրենց տան դռները եւ սեպտեմբերի 19-ի կապակցությամբ համաձայն են հյուրընկալելու հայերին:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ