Մայիսին Բեյրութում լույս է տեսել մանկապատանեկան «Փթիթ» պարբերաթերթի առաջին` զրոյական համարը: Ա-4 չափսի 32 էջ ծավալով (ներառյալ չորս շապիկները) ամսագրի բովանդակած նյութերի ուղղվածությունը կարելի է ամփոփել առաջին շապիկի վրա տպված «Կարդա՛, Լուծէ՛, Խաղա՛, Ներկէ՛» բառերով:
Գունավոր եւ գեղատիպ այս հրատարակության մտահղացումն ու համակարգչային իրագործումը պատկանում են Վերժին Աբրահամյանին : Կողքի ձեւավորումը պարզ, բայց գեղեցիկ եւ ակնահաճո ոճով իրականացրել է Սմբատ Ղազելյանը , իսկ էջադրումն ու համակարգչային ձեւավորումը կատարել է Անի Մսըրլյանը :
Համարի երկրորդ շապիկին տպված եւ «սիրելի փոքրիկներին» ուղղված խմբագրականը հայտնում է.
«Այս պարբերաթերթը կը նպատակադրէ ձեզի հաճելի ժամանց պարգեւել եւ միաժամանակ նպաստել ձեր հայերէն լեզուի եւ տրամաբանութեան բարելաւման:
Պարբերաթերթին բովանդակութիւնը 3 բնոյթի է` հեքիաթներ, թուաբանական խաղեր եւ հայերէն լեզուի խաղեր:
Թէ ինչո՞ւ «Փթիթ» անուանումը: Կը փափաքինք նշել, թէ փթիթ զուտ հայկական բառ մըն է եւ կը նշանակէ ծաղկում: Նկատի ունենալով թէ այս պարբերաթերթին գաղափարը կեանք առած կամ ծաղկած է հայ փոքրիկներուն հաճելի եւ ուսանելի ժամանց պարգեւելու փափաքէն, առանց շահադիտական նպատակ հետապնդելու, յարմար նկատեցինք որդեգրել փթիթ անունը...»:
Չափազանց հարուստ եւ բազմաբնույթ են պարբերականի նյութերը, որոնցում ներդաշնակ միասնություն են կազմել հայկականն ու համամարդկայինը` հաշվի առնելով նաեւ հայ երեխայի ու պարման-պարմանուհու հոգեբանությունը: Պարբերականում նշույլ իսկ չկա համաշխարհայնացում կոչվող ապազգային երեւույթից, որ հայկական մանկապատանեկան մամուլը պարզապես խեղդել ու խեղդում է` «ժամանակի հետ քայլ պահելու» սին եւ անհիմն պատճառաբանությամբ: Հմուտ կերպով կազմված խաղերն ու շարադրանքներով, պատկերներով եւ լուսանկարներով ուղեկցվող զանազան առաջադրանքները պարզապես խթանում են հայ նոր սերնդի երեւակայությունը: Դրանք միաժամանակ լուծում են թե՛ նոր սերնդի օգտակար ժամանցի, թե՛ նրան անհրաժեշտ գիտելիք փոխանցելու եւ թե՛ ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակելու հույժ կարեւոր խնդիրները: Այս տեսակետից հատկապես հիշարժան են «Իւրաքանչիւր երկիր միացո՛ւր իր դրօշակին» եւ «Միացո՛ւր իւրաքանչիւր բառ իր համապատասխան նկարին» լեզվա-իմացական խաղերը:
Մեր միակ քննադատությունն ուղղված է պարբերականի ... հրատարակչական եւ կապի տվյալների ժլատության: «Անձնագրային» միակ տվյալը էլեկտրոնային փոստի հասցեն է` vega@gmail.com : Պարբերականի որեւէ էջում չեք գտնի ոչ տարեթիվ ու ամսանուն, ոչ նույնիսկ հրատարակության վայրի մասին հեռավոր ակնարկություն: Տվյալների նման պակասը շատ է բարդացնում հայ պարբերական մամուլի այսօրվա եւ վաղվա մատենագետների եւ ուսումնասիրողների աշխատանքը: Ուստի, հրատարակիչներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շատ տեղեկություններ հաղորդել պարբերականի մասին:
Բուրումնավետ եւ մշտական փթթում ենք մաղթում հայ պարբերական մամուլի նորածնունդ «Փթիթին»:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ