«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ԼԻՆՈՒՄ Է ԵՎ ԱՅՍՊԵՍ...

Վերջերս Երեւանում լույս տեսած «Հայրենադարձների բռնաճնշումները ստալինեան ժամանակաշրջանում» գրքի հրատարակչական տվյալների էջում անունս թյուրիմացաբար տպագրվել է իբրեւ գրքի սրբագրիչ, ինչն ինձ ստիպում է հանդես գալ այս պարզաբանումով:

Հեղինակն ինձ փոխանցել էր Ա-4 չափսի թղթի շուրջ 200 էջ համակարգչային շարվածք` «աչքից անցկացնելու համար»: Ըստ իմ սովորության, մատիտը ձեռքիս, տեղ գտած սխալները սիրահոժար կերպով եւ անշահախնդրորեն սրբագրել էի` այդ գործին տրամադրելով ամբողջ երեք օր, նաեւ հեղինակին անսովոր հայտնել որոշ դիտարկումներ` միշտ նպատակ ունենալով որակի բարելավումը եւ սխալների հնարավորինս բացառումը (իմ համոզումով, որեւէ գիրք տպագրվում է տասնամյակների, հաճախ էլ` դարերի համար, հետեւաբար պետք է բծախնդիր լինել): Նկատի ունենալով տարաբնույթ սխալների մեծ թիվը, հեղինակին նաեւ խորհուրդ էի տվել տպագրության հանձնելուց առաջ շարվածքը նորից ինձ ցույց տալ:

Հեղինակը ոչ միայն չի կատարել իմ խնդրանքը, այլեւ առանց ինձ իմաց կամ ցույց տալու, ավելացրել է անհամար սխալներով շուրջ 180 էջ (բռնաճնշվածների վկայություններ, արդարացման խնդրագրեր եւն.), նաեւ անունս տպել իբրեւ գրքի սրբագրիչ` առանց այդ մասին ինձ հայտնելու, նույնիսկ առանց նախապես ակնարկած լինելու իր այդ մտադրության մասին (այդ բոլորը հայտնաբերեցի գրքի շնորհանդեսից օրեր անց` մի քանի բարեկամների հեգնական-քննադատական խոսքերից հետո գիրքը բացելով եւ... զարհուրելով երեւույթին ի տես): Այսպիսով ես, որ հանրածանոթ եմ իմ խստապահանջությամբ եւ խմբագիրների ու սրբագրիչների` նման անպատասխանատու պահվածքի հանդեպ իմ անհանդուրժողական վերաբերմունքով, ակամայից եւ խոր ցավով հայտնվել եմ ծայր աստիճան անհարմար վիճակում` ինքս ինձ այպանելով մարդկային վեհ առաքելություն հետապնդող այս հրատարակությանն իմ մասնակցության համար:

Հետեւաբար ընթերցողներից խնդրում եմ իբրեւ սրբագրիչի անունս չեղյալ համարել հիշյալ գրքի վերջին էջում` սխալների ամբողջական պատասխանատվությունը թողնելով հեղինակին:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4