«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նոր ուսումնասիրություն

Բազմավաստակ պատմաբան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը տասնամյակներ շարունակ բեղուն եւ արդյունավետ աշխատանք է կատարում հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության ասպարեզում:

Նրա վերջին աշխատությունըՙ «Մոսկվայի եւ Պետերբուրգի հայկական գաղութների պատմություն (18-րդ դ. կես-20-րդ դ. սկիզբ)» խորագրով, օրերս դրվեց հայ ընթերցող հասարակայնության գրասեղանին:

Այն հրատարակվել է ՀՀ ԳԱԱ գրահրատարակչական խորհրդի եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

Առաջաբանում վաստակավոր պատմաբանը նշում է այն ընդհանրություններն ու առանձնահատկությունները, որոնք բնորոշ ու տիպական են եղել հայկական գաղութների կազմավորման ժամանակներից ի վեր: Վերոնշյալ օրինաչափություններից առաջինը շեշտվում է այն հանգամանքը, որ օտար ափերում հայտնված հայ զանգվածները իրենց բոլոր ունակությունները գործադրել են, որ ամենից առաջ սեփական գոյատեւումն ապահովեն: Եվ հենց դրանով իսկ նրանք նաեւ ծառայել են տվյալ երկրի եւ ժողովրդի շահերին:

Իրենց նոր հայրենիքներին գաղթավայրերի հայության ծառայությունը լոկ տնտեսական գործունեությամբ չի սահմանափակվել: Նրանք իրենց ներդրումն են ունեցել նաեւ հասարակական-քաղաքական կյանքում:

Գաղութահայությունը հարկավոր պահին նաեւ զենքը ձեռքին կանգնել է իրեն ապաստան տված ժողովրդի կողքին եւ նրա հետ ուսուսի պայքարել թշնամիների դեմ: Վկաՙ 1683 թվականին Վիեննայի բախտորոշ ճակատամարտը, որտեղ Յան Սոբեսկու գլխավորած լեհական բանակի շարքերում կռվում էին հազարավոր հայորդիներ:

Վլ. Բարխուդարյանը համոզիչ ոճով փաստարկում է, որ հյուրընկալ երկրի մի մասնիկը լինելու եւ ըստ ամենայնի նրա շահերին ծառայելու հետ մեկտեղ հայկական գաղութները բազմաթիվ թելերով կապված են եղել նաեւ մայր հայրենիքի հետ:

Գաղթավայրերի հայ զանգվածները թեեւ ապրում եւ գործում էին տարբեր երկրներում, սակայն միաժամանակ մշտապես իրենց մեջ կրում էին հայոց հայրենիքի գաղափարը, պահպանում եւ զարգացնում մայր ժողովրդի ավանդույթներն ու մշակույթը: Դա հայ գաղթավայրերի պատմության բնորոշ կողմն է, գլխավոր առանձնահատկությունը:

Ակադեմիկոս պատմաբանը սույն մենագրությամբ միաժամանակ կարեւորում է այն հանգամանքը, որ գաղթավայրերում տեղի են ունեցել տարբեր ժողովուրդների սովորույթների, վարքուբարքի ու մշակույթների փոխազդեցություն եւ փոխհարստացում: Եվ այդ առումով էլ գաղութների գոյությունը սոսկ հայկական առանձին զանգվածների պատմություն չէ, այլ հայ ժողովրդիՙ օտար ժողովուրդների հետ սերտ շփումների ու պատմական աղերսների տարեգրություն:

Ակադեմիկոսի սույն աշխատությամբ հայ պատմագրության մեջ առաջին անգամ ներկայացված է հայկական գաղութների կազմավորման եւ ծավալած գործունեության պատմությունը Ռուսաստանի զույգ մայրաքաղաքներումՙ Մոսկվայում եւ Պետերբուրգում, իր ամբողջական ընթացքով:

Աշխատության էջերում քննվում են բոլոր այն կարեւոր հիմնահարցերը, որոնք էական նշանակություն են ունեցել հայ համայնքների եւ նրանց շաղկապող մայր երկրի ճակատագրում: Ըստ այդմ, վեր են հանվում այն մտահոգությունները, տագնապներն ու շահագրգռությունները, որոնք առկա են եղել հայ համայնքների առօրյա կյանքում եւ գործունեության ընթացքում:

Առաջին հերթին դա վերաբերում է պատմական հայրենիքի ճակատագրին եւ մայր-ժողովրդի ազատագրության խնդիրներին: Հենց Ռուսաստանի մայրաքաղաքների նպաստավոր միջավայրում ծնունդ առան Հայաստանի ազատագրության երկու կարեւոր ծրագրերը (Մ. Սարաֆյանի եւ Հ. Արղությանի), ինչպես նաեւ ցարական Ռուսաստանի կազմում Արեւելյան Հայաստանին լայն ինքնավարություն տալու Խ. Լազարյանի նախագիծը:

Աշխատության առաջին գլուխը վերաբերում է Մոսկվայում եւ Պետերբուրգում հայկական գաղութների առաջացմանըՙ սկսած հայերի այնտեղ հայտնվելու ամենավաղ տեղեկություններից, այնուհետեւ փաստերով ու թվերով գծագրվում է երկու մայրաքաղաքներում հայկական համայնքներիՙ պատմականորեն ձեւավորման գործընթացը:

Երկրորդ գլուխը վերաբերում է վերոնշյալ հայկական համայնքների ներքին կյանքին, որը ներառում է եկեղեցական խորհուրդների կանոնադրությունն ու կառուցվածքը, վերջիններիս գործունեության լայն սպեկտրը, եկամուտների ու ծախսերի դինամիկան, հայ բնակչության ժողովրդագրական տեղաշարժերի առանձնահատկությունները: Երրորդ գլուխն ընդգրկում է հայ համայնքների հասարակական-քաղաքական եւ սոցիալական կյանքի շառավիղըՙ իր ողջ բազմազանությամբ, հայ-ռուսական հասարակական կապերի լայնընդգրկուն շարադրումով: Չորրորդ գլխում ներկայացված են Մոսկվայի եւ Պետերբուրգի հայ համայնքների մշակութային կյանքը, կրթական ու գիտական ոլորտը, գրականությունն ու մամուլը:

Ամփոփելովՙ նշենք, որ ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանի սույն աշխատությունը իսկական հանրագիտարանային գործ է Ռուսաստանի երկու մայրաքաղաքների հայ համայնքների ձեւավորման, կազմակերպման եւ գործունեության պատմության վերաբերյալ:

Այն եզակի է ոչ միայն իր բնույթով, այլեւ հայրենասիրական ջերմ լիցքերով, հայրենիքը ամեն ինչից վեր դասելու ընդգծված շեշտադրումներով եւ մտայնությամբ:

Ահա թե ինչու վաստակավոր հայ պատմաբանի այս հատորյակը անկասկած ծառայելու է որպես նաեւ հայրենագիտության եւ հայրենասիրության ուղեցույցՙ ներկա եւ գալիք սերունդների համար:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4