Չորս միլիոն որբ եւ մեկ միլիոն այրի հայտնվել են ծանր կացության մեջ
2003-ի մարտին ԱՄՆ-ը, սանձազերծելով երկրորդ պատերազմը Իրաքի դեմ, ընդամենը կարողացավ հաղթել Սադդամի զորքերին: Երկրի օկուպացումից հետո, երբ ծայր առավ իրաքյան դիմադրությունը, ի չիք դարձավ Սադդամի զորքերի դեմ ձեռք բերված հաղթանակը: ԱՄՆ սկսեց ընկրկել ժողովրդական դիմադրության առջեւ, անելանելի վիճակից դուրս գալու համար Իրաքում հրահրեց շիա-սուննի բախումներ, ահաբեկչությունը դարձրեց մշտական գործոն երկրի ներքաղաքական կյանքում, «թյուրիմացաբար» ռմբակոծեց խաղաղ բնակիչներին, իրականացրեց համատարած ձերբակալություններ եւ կազմակերպեց հարյուրավոր իրաքցի մտավորականների առեւանգումը, որ չբացահայտված սպանությունների զոհ դառնան:
Այս ամենի հետեւանքով հետպատերազմյան շրջանի Իրաքում զոհվեց ավելի քան 1 միլիոն 200 հազար խաղաղ բնակիչ, գլխատվեց Իրաքի ժողովուրդը: Երկրի հյուսիսային շրջանների փաստացի անկախացումը, շիա-սուննի բախումները, օկուպացված Իրաքում նախագահի, արտգործնախարարի պես առանցքային պաշտոնների հանձնումը քուրդ գործիչներին, որոնք մինչ այդ պայքարում էին Հյուսիսային Իրաքում «Քուրդիստան» շրջանի անկախացման համար, երկիրը կանգնեցրին մասնատման շեմին:
Իրաքում կատարյալ քաոս էր տիրում: Եթե ամերիկյան զորքերը դուրս գան, ինչպես որոշել է Բարաք Օբաման, ապա նոր թափ կստանան շիա-սուննի բախումները, որոնք կհամադրվեն արաբ-քուրդ բախումներով, եւ երկիրը կներքաշվի քաղաքացիական հարատեւ պատերազմների մեջ: Էլ ավելի կվատթարանա բնակչության վիճակը: Սակայն «չկա չարիք առանց բարիքի», վատթարացման պայմաններում ջուրը նորից կպղտորվի, որ ամերիկացիները հանկարծ չդժվարանան ձուկ բռնելիս:
Խնդիրը սակայն ամերիկացիները չեն, այլ Իրաքում ԱՄՆ-ի հաստատած «ժողովրդավարությունը», որի հետեւանքով երկրում ոչ միայն 1 միլիոն 200 հազար խաղաղ բնակիչ է սպանվել, այլեւ չորս միլիոն երեխա որբացել, իսկ մեկ միլիոն կին այրիացել են: Այսինքնՙ ամենեւին էլ չափազանցություն չէ հետպատերազմյան շրջանում ավելի քան 1 միլիոն 200 հազար իրաքցի խաղաղ բնակչի սպանությունը: Թեեւ պետությունը, ինչպես երեկ նշել է թուրքական «Դունյա բուլթենի» կայքէջը, նպաստ է վճարում այս որբերին ու այրիներին, սակայն երկրում տիրող քաոսային վիճակը, տնտեսական դժվարություններն ու սոցիալական անարդարությունները նրանց զրկում են գոյության հնարավորությունից:
Այդ մասին անձամբ խոստովանել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի կանանց գործերով պատասխանատու խորհրդական Սելմա Ջաբոն : Նա ասել է, որ Իրաքի բնակչությունը ներկայումս 30 միլիոն է, սակայն բնակիչները հայտնվել են հումանիտար աղետի մեջ, որի հիմքում Իրաքի ամերիկյան օկուպացիան է, բռնության ծավալումն ու ներքին բախումները: «Թեեւ», ավելացրել է նա, «կառավարությունը այրիներին ամերիկյան 130 դոլարին համարժեք 150 հազար դինար նպաստ է վճարում, սակայն դա բավարար չէ նրանց պահանջների, նույնիսկ չնչին մասը գոհացնելու համար»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ