Հարգարժա՛ն նախագահ. Դուք, անշուշտ, հիշում ու ճանաչում եք Բագրատ Ուլուբաբյանին: Նա ջերմ հայրենասեր էր, տաղանդավոր գրող, մեծավաստակ պատմաբան, հրապարակագիր, հասարակական-քաղաքական երեւելի գործիչ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ու պայքարի կազմակերպիչ ու գաղափարական առաջնորդ:
Նրա անցած իմաստավոր ճանապարհն ու թողած գեղարվեստական, գիտական ծանրակշիռ վաստակն անգնահատելի են, անչափ ուսանելիՙ ապրող ու արարող եւ գալիք սերունդների համար: Նա իր կյանքի վաղ տարիներին (հիմնավոր կրթություն ստանալուց հետո) Արցախի Գիշի գյուղի դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչն էր, 1949-ինՙ Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության դասախոս: Հետագա տարիներին նա դարձավ Արցախի գրական կյանքի առաջատարըՙ գրողների մարզային բաժանմունքի ղեկավարը: Հետո խմբագրեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթը, եղավ մարզգործկոմի նախագահի տեղակալ մշակույթի հարցերի գծով: Եվ այդ պաշտոնները Բագրատ Ուլուբաբյանի համար ինքնանպատակ չէին: Դրանք կարեւոր գործոններ ու պայմաններ էին բոլորանվեր ծառայելու ազգային մշակույթին, հայոց գրին ու դպրությանը, արցախահայության շահերին ու հեռագնա նպատակներին:
Շատ վաղ սկսվեց Բագրատ Ուլուբաբյանի գրական-ստեղծագործական աշխատանքը: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվեց 1946-ին, որին հաջորդեցին բազմաթիվ այլ գործեր: Իսկ 1952-ին Բաքվում տպագրվեց «Երգեր աշխատանքի եւ խաղաղության» խորագրով բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Երկրորդըՙ «Այս առավոտ» վերտառությամբ, 1956-ին հրատարակվեց Երեւանում: Այդ ժողովածուների բանաստեղծություններում Բ. Ուլուբաբյանն արտահայտում էր Մեծ հայրենականի հաղթանակը, փառաբանում էր հայրենիքի պաշտպաններին, ինքնատիպ երանգներով երգում սերը, ժողովուրդների բարեկամությունը:
Բ. Ուլուբուբյանը հետո անցնում է արձակի, եւ տարբեր տարիների ընթացքում տպագրվում են (Բաքվում, Երեւանում, Մոսկվայում) «Հայրենի հող» վեպը, «Այգեստան» վիպակը, «կՏՉպրՑՖ Տ ՎՏպՎ ՊՐցչպ», վիպակը, «Մարդը» վեպը, «Թարթառ», «Լեռնաստան» ժողովածուները: Նրա արձակ գործերում շունչ ու կենդանություն են ստանում հայրենի Արցախը, նրա կենսախինդ մարդիկՙ իրենց ոգորումներով ու հոգսերով, տքնաջան աշխատանքով, մի զարմանալի նվիրումով ու կառչումով հայրենի հողին, արցախյան հեքիաթային բնաշխարհին:
Սակայն ժամանակները բարդ էին ու հակասական: 1921-ի հուլիսին Արցախը բռնակցվել էր Ադրբեջանին, 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի այսպես կոչված տարածքում կազմավորվել էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզըՙ 4,4 հազար քառ. կիլոմետր տարածությամբ, որ պատմական Արցախ նահանգի կամ հետագայում Խամսայի (հնգյակի) մելիքության եւ կամ 1813 թ. Գյուլիստանի հայտնի պայմանագրով ցարական Ռուսաստանին միավորված տարածքի մի փոքր մասն էր միայն: Մնացած տարածքները միտումնավոր ու ապօրինաբար կտրվեցին մարզից, ստեղծվեցին արհեստական, օձափաթույթ վարչական նոր շրջաններՙ Արցախն աստիճանաբար քայքայելու, մաշեցնելու, հայաթափելու, Հայաստանից հողային կապով անջատելու նպատակադրմամբ: Դրանք (անվանափոխված Լաչին, Քելբաջար, Կուբաթլու, Ֆիզուլի եւ այլն) այն բնական էթնիկ բաղադրիչներն են պատմական Արցախի, որոնք թուրք-ազերիներն այսօր կոկորդ պատռելով համարում են «գրավյալ տարածքներ», իսկ հայերինՙ «օկուպանտներ»...
Խորհրդային տարիներին, մանավանդ հայատյաց Միր Ջաֆար Բաղիրովի, առավել հայատյաց, թրծված ու խորամանկ Հեյդար Ալիեւի եւ այլ ազգայնամոլների օրոք թուրքավարի հայաթափվեց հայոց Նախիջեւանը, կիսով չափ, իսկ Արցախյան գոյապայքարի տարիներին լրիվ հայաթափվեցին Արեւելյան Հայաստանիՙ Քուռի եւ Արաքսի միջնահովտի հայկական տոհմիկ գյուղերը, շեներն ու ավանները, էլ չենք խոսում Շահումյանի, Գետաշենի, Հյուսիսային Արցախի գյուղերի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շամախու եւ այլ վայրերի հայաթափման ու ցեղասպանության մասին:
1930-ական եւ հետագա տարիներին մարզը տառացիորեն հոշոտվում էրՙ ե՛ւ տնտեսական-նյութական, ե՛ւ, մանավանդ, մշակութային առումներով: Արցախը, սկսած 1920 թ. մարտիՙ Շուշիի հայկական կոտորածներից, 1960-ական թվականներին երբեմն լուռ, իսկ հաճախ էլ բացահայտորեն ընդվզում, արտահայտում էր իր օրինական բողոքներն ու պահանջները, որոնք հակադրվում էին Ադրբեջանի հակահայկական բիրտ քաղաքականությանը: Անելիքները շատ էին, եւ պահըՙ տագնապալից: Բ. Ուլուբաբյանը համախոհների հետ անցկացնում էր գաղտնի ժողովներ, համախմբում էր մտավորականներին, կազմակերպում ժողովրդական զանգվածների ազգային զարթոնքին նպաստող ամենաբազմազան միջոցառումներ, կազմում բողոքագրեր եւ հղում մոսկովյան բարձրագույն ատյաններին եւ այլն:
Չնայած Բաքվից եկող նախազգուշացումներին ու սպառնալիքներինՙ պայքարի ընկերները մնացին աներեր: Ադրբեջանի վա՜յ ղեկավարության եւ մարզի որոշ դրածոների զայրալից վերաբերմունքն էր առաջ բերել հատկապես 1965 թ. հունիսին Մոսկվայի ղեկավարությանն ուղղված նամակ-բողոքըՙ 13 խիզախ ու հայրենասեր մտավորականների ստորագրությամբ: Նամակ-բողոքի հեղինակը Բ. Ուլուբաբյանն էր, որն էլ անձամբ ԽՄԿԿ Կենտկոմ էր տարել եւ այնտեղ համարձակ զրույցներ ունեցել առանձին ղեկավարների հետ:
Այդ գործողությանը հետեւեցին Բաքվի սպառնալիքներն ու հալածանքները: Բայց պայքարի առաջնորդիՙ Բ. Ուլուլբաբյանի, նրա համախոհներիՙ Վ. Հակոբյանի, Բ. Ջանյանի, Գ. Գաբրիելյանի, Հր. Բեգլարյանի եւ մյուս խիզախների ընդզվումները նոր երանգ ու բովանդակություն ստացան: Բ. Ուլուբաբյանը կազմում եւ Մոսկվա է ուղարկում մի նոր փաստարկված ու հիմնավոր բողոքագիր: Եվ ի՞նչ. Ուլուբաբյանն ու իր ընկերները Բաքվի ղեկավարների կողմից արդեն մեղադրվում են ոչ ավել, ոչ պակաս, քան «դաշնակցական-ահաբեկչական գործունեության մեջ»: Մարզում սկսվեցին հալածանքները, անմարդկային արարքները. շատերը բանտեր նետվեցին եւ դաժանորեն խոշտանգվեցին, շատերը վտարվեցին կուսակցության շարքերից եւ ազատվեցին աշխատանքից: Շատերի համար էլ անհնարին եղավ Արցախում մնալը: Բ. Ուլուբաբյանը, ավելի առաջՙ Բ. Ջանյանը եւ հալածյալ այլ մտավորականներ հարկադրված տեղափոխվեցին Հայաստան:
Եվ այստեղՙ Հայաստանում, սկսվում է Բ. Ուլուբաբյանի գրական-ստեղծագործական ու գիտական գործունեության առավել արդյունարար ու բեղմնավոր շրջանըՙ ի նպաստ Արցախյան գոյապայքարի գաղափարախոսության, գոյապայքար, որի ակունքներում կանգնած էին ինքն ու իր մերձավոր զինակիցները, գոյապայքար, որի կենարար հունդերը ցանել էին նրանք, եւ որն ալիքվեց 1988-ի փետրվարին ու փառահեղ հաղթանակ բերեց գերեվարված Արցախին: Այդ հաղթանակի տարեգրության մեջ է Բագրատըՙ իր քաջարի ու խելամիտ համախոհներով:
1976-ին Երեւանում տպագրվում է «Կանթեղ» խորագրով ժողովածուն, որի մեջ զետեղված էին գրողի մի քանի նոր վիպակներն ու պատմվածքները: 1987-ին Բեյրութում, ապա եւ 1988-ին Երեւանում հրատարակվում է Բ. Ուլուբաբյանի «Սարդարապատ» պատմավեպը, ուր պատկերված է համազգային հերոսական այն պայքարը, որ 1918 թ. մայիսին մղեց հայ ժողովուրդըՙ իր ազատության ու անկախության համար: Վեպում միաժամանակ լայնորեն արտացոլված են ղարաբաղյան կամ մահապարտների գնդի մարտական ազգօգուտ գործողությունները:
Առավել հարուստ եւ խիստ նպատակային է Բ. Ուլուբաբյանի պատմագիտական ժառանգությունը, որ ամրապնդում էր Արցախյան գոյապայքարի գաղափարախոսությունը եւ հոգեմտավոր սնունդ, էներգիա ու լիցքեր պարգեւում հայությանը: Քննախույզ կերպով օգտագործելով հայ եւ այլազգի պատմագիրների, հայաբանների աղբյուրագիտական աշխատություններՙ Բ. Ուլուբաբյանը գրում եւ հաջորդաբար հրատարակում է «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 10-րդ դարը» (թեկնածուական ատենախոսություն, 1969 թ.), «Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում» (դոկտորական ատենախոսություն, 1979 թ.), «Գանձասար» (1981 թ.), «Դրվագներ Հայոց Արեւելից կողմանց պատմության» (1981 թ.), «Զրուցարան» (երկու հատորով, 1987, 1988 թթ.) կոթողային երկերը: Հետագայում լույս են տեսնում «Արցախի պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը» (1994 թ.), «Հայոց Արեւելից կողմանց եկեղեցին եւ մշակույթը» (1998 թ.), «Արցախյան գոյապայքարի տարեգրություն» (1997 թ.), «Ժամանակի քննությունը» (հետմահու, 2006 թ.) ծավալային երկերը:
Հիշյալ գրքերում գրեթե նորովի է բացահայտված եւ, որ անչափ կարեւոր է, մեկտեղված ու ամբողջացած Արցախի պատմությունըՙ սերտորեն ընդելուզված Հայաստանի հնագույն, միջնադարյան ու նոր շրջանների պատմությանն ու քաղաքակրթությանը: Միաժամանակ ընդգծենք, որ իր պատմագիտական աշխատություններում եւ հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներում Բ. Ուլուբաբյանը փաստարկված ու տրամաբանական հիմնավորվածությամբ ներկայացրել է Զ. Բունիաթովի, Ֆ. Մամեդովայի եւ ուրիշ ազերի-թուրք «պատմաբանների» կեղծիքներն ու աղավաղումները: Այդ կրքոտ ու հիմնավոր մերկացումները չեն կորցրել իրենց նշանակությունը նաեւ մեր օրերում, երբ ազերի-թուրք գրչակները ինչպես նույն, այնպես էլ նոր թխված ստերն ու կեղծիքները տարածում են աշխարհով մեկ:
Բ. Ուլուբաբյանն զբաղվել է նաեւ թարգմանչական գործունեությամբ: Նա գրաբարից արդի գրական հայերենի է վերածել, հրատարակել Ղազար Փարպեցու «Հայոց պատմութիւնը» եւ «Թուղթ Վահան Մամիկոնեանին» աշխատությունները (1982 թ.), Մովսես Խորենացու «Պատմութիւն հայոց» երկը (2000 թ.), Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանցի «Համառոտ պատմութիւն Աղուանից երկրի» աշխատութիւնը: Բ. Ուլուբաբյանը գրել է նաեւ աղբյուրագիտական հույժ կարեւոր այդ երկերի առաջաբանները, որոնցից յուրաքանչյուրը գիտական քննախույզ հետազոտություն էՙ մանրակրկիտ ու ճշգրիտ ծանոթագրություններով:
Հայտնի են նաեւ Բ. Ուլուբաբյանիՙ Չինգիզ Այթմատովի «Մնաս բարով, Գուլսարի՛» վիպակի (1968 թ.), Յուրի Բոնդարեւի «Տաք ձյուն» վեպի (1972 թ.) ռուսերենից կատարած թարգմանությունները:
Նշանակալից են Բ. Ուլուբաբյանի մատուցած ծառայությունները, նրա ներդրած ավանդները «Արցախ» հայրենակցական միության եւ «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության ստեղծման, նրանց գործունեության (հատկապես Արցախյան ազատամարտի եռուն շրջանում) մեջ:
Հայրենի Մուշկապար գյուղի հայրական տունը, Ստեփանակերտի բնակարանը 50-60-ական թվականներին մի տեսակ հիշեցնում էին Հովհ. Թումանյանի թիֆլիսյան «Վերնատունը»: Ե՛վ հայրական տանը, ե՛ւ Ստեփանակերտի բնակարանում պարբերաբար հյուրընկալվում էին Հայաստանի ականավոր գրողներն ու գիտնականները, արվեստագետները: Իսկ այստեղՙ Հայաստանի Եղվարդի տանը մշտապես լինում էին Արցախի ու Հայաստանի երեւելի շատ մտավորականներ, պաշտոնյա այրեր: Բ. Ուլուբաբյանն իր հյուրասեր տիկնոջՙ Արուսի հետ մի տեսակ միավորում էր Արցախն ու Հայաստանը:
Հարգարժա՛ն նախագահ, պարո՛ն Սահակյան, այս համառոտ պատկեր-ուրվագիծը խոսում է Ուլուբաբյանի վեհության, նրա մարդկային առաքինի հատկանիշների, նրա խիզախումների ու մշտամնա գրավոր արժեքների մասին: Նրա բազմաբեղուն կյանքն ու գործը բոլորիս հոգեմտավոր ու բարոյական անանց հարստությունն է, մեր ճիշտ ու խելացի դիվանագիտության ու գործելակերպի անսպառ աղբյուրը:
Մենք Բագրատ Ուլուբաբյանից դեռ սովորելու եւ կյանքում նպատակադիր կիրառելու բազում դասեր ունենք: Ուստիՙ կարեւոր ու անհրաժեշտ է, որ Ստեփանակերտի նրա նախկին բնակարանը պետականորեն վերածվի տուն-թանգարանի: Այդտեղ կհանգրվանեն Բ. Ուլուբաբյանի տակավին անտիպ մնացած ձեռագիր աշխատությունները, նրա անհատական արխիվի արժեքավոր փաստաթղթերը, անձնական գրապահոցի գրքերը, անձնական շատ իրեր, լուսանկարներ եւ այլն: Արցախը խորապես ճանաչելու, նրա ստուգապատում պատմությունը հիմնավոր իմանալու, հայրենի եզերքն ամուր ու անսասան պահել-պահպանելու համար դրանք օդի ու ջրի նման պետք են ապրող ու փոխհաջորդող սերունդներին եւ այլազգի բարեկամներին: Բագրատ Ուլուբաբյանը հավերժական երեւույթ ու վառ անհատականություն է:
Խորապես համոզված եմ, որ մեր առաջարկիՙ տուն-թանգարանի լուծումը սիրով կընդունեն ու կողջունեն Ուլուբաբյանին ճանաչող բոլոր ազնիվ մարդիկ: Եվ տուն-թանգարանի ստեղծումը լավագույնս կմատնանշի նրա ծննդյան 85-ամյա հոբելյանը, որ լրանալու է սույն թվականի դեկտեմբերի 9-ին:
Ձեզ հարգող եւ Ձեր գործունեությունը բարձր գնահատողՙ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Վաստակավոր ուսուցիչ, բանասեր, մանկավարժական գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի (Մոսկվա) ակադեմիկոս